HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվել է 2012թ. նախատեսված Երևանի կանաչապատման աշխատանքների համալիր ծրագիրը

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը ներկայացրել է 2012 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսված կանաչապատման աշխատանքների համալիր ծրագիրը: Ըստ այդմ` մայրաքաղաքի զբոսայգիներում, պուրակներում և մյուս կանաչ տարածքներում նախատեսված են բարեկարգման և կանաչապատման լայնածավալ  աշխատանքներ: 

«Այս տարի մոտ 3 անգամ կավելանան մայրաքաղաքի կանաչ տարածքները: Սա Երևանի քաղաքապետի որդեգրած սկզբունք է և ընդգրկելու է բոլոր վարչական շրջանները: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Երևանը բոլոր համար դառնա հանգստի հաճելի գոտի», -նշել է բնապահպանության վաևչության պետը: 

Նախատեսված աշխատանքների շրջանակում Երևան մտնող ավտոճանապարհների ու պողոտաների միջնամասերը, զբոսայգիների, պուրակների և այլ կանաչ գոտիների շուրջ 35 հեկտար տարածքով համապատասխան հատվածները կձևավորվեն նոր սիզամարգերով, 6 հեկտար էլ կընդգրկեն ծաղկային տարածքները: Դրանց մշտական խնամքի ապահովման նպատակով կանցկացվի 27 հազար գծամետր ոռոգման  ցանց: Մշտադալար ու դեկորատիվ ծառերով և թփերով կավելանան մայրաքաղաքի կանաչ գոտիները, այդ թվում նաև այգիներն ու պուրակները:  ՀՀ մարզերից այդ նպատակով ներկրվել է ավելի քան 19 հազար խմ բուսահող և կարմիր ավազ: 

«Մենք շարունակելու ենք մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման և ծառերի համարակալման աշխատանքները: Ընդամենը մեկ տարի անց կանաչապատ տարածքների տարբերությունն ակնհայտ կլինի»,-նշել է Ավետ Մարտիրոսյանը: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ բոլոր վարչական շրջաններում լուրջ աշխատանքներ կտարվեն բակերի բարեկարգման և կանաչապտման ուղղությամբ: Բնակիչների հանգստի կազմակերպման նպատակով բակային հատվածներում կտեղադրվեն զրուցարաններ ու նստարաներ: 

Բնապահպանության վարչության պետը ներկայացրել է նաև, «Շողակաթ» հեռուստաընկերության հարակից պուրակի և Մարգարյանի անվան «Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ-ի հարակից տարածքի անբարեկարգ և բարձիթողի վիճակը վերացնելու, ինչպես նաև կանաչ գոտու պահպանման և ընդլայման անհրաժեշտությունից ելնելով մշակված բարեկարգման համալիր ծրագիր` նախագծային փաստաթղթերով և մանրակերտային լուսանկարներով:

Ըստ նախագծի` Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում  նախատեսվում է կառուցել սալապատված 2 լայն ճեմուղիներ, որոնք կեզրագծվեն ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նոր` մշտադալար ու դեկորատիվ  ծառաշարերով և կանաչ սիզամարգերով: Տարածքի ծաղկապատման, ինչպես նաև կանաչ գոտու մշտական խնամքի ապահովման նպատակով կանցկացվի ոռոգման ցանց: Կվերանորոգվեն նաև տարածքի միջնամասի կանաչ գոտու եզրաքարերն ու ջրային ավազանները, կտեղադրվեն հարմարավետ նստարաններ:

Ծրագրով նախատեսված է նաև գիշերային լուսավորության ապահովում:  Ծրագրի ավարտից հետո տարածքի հետագա բարեկարգումը կիրանացնեն ոչ միայն  համապատասխան ծառայությունները, այլև կանաչ գոտուն հարակից ոչ ընդհանուր օգտագործման տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող անհատներն ու կազմակերպությունները: Ընդգծենք, որ այս օրերին ժամանակավոր, թեթև կոնստրուկցիաներով տեղադրվող շինությունները չեն ներառում կանաչ գոտին, ավելին`տեղադրման ընթացքում չի հատվել կամ վերատնկվել որևէ ծառ: Բարեկարգման համալիր ծրագրի ավարտից հետո տարածքն իրավամբ կդառնա հանգստյան հանրային գոտի: Աշխատանքները կմեկնարկեն գարնանը: 

 Նշվել է նաև, որ նմանատիպ նախագծերով կիրականացվի Եռաբլրի  և Փարոս անտառպուրակի բարեկրգման և կանաչապատման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter