Կառավարությունը 76 միլիոն դրամ տրամադրեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի հարկային պարտավորությունների մարման համար
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին 76 միլիոն դրամ հատկացվեց՝ շահութահարկի գծով առաջացած հարկային պարտավորությունը վճարելու նպատակով։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը։
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ ՊԵԿ նախագահի հանձնարարագրով ընկերությունում իրականացվել է համալիր հարկային ստուգում։ Այն ընդգրկել է 2016 թվականի հունվարի 1-ից մինչև ստուգման ավարտն ընկած ժամանակահատվածը։
Ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2016, 2017, 2018 թվականների շահութահարկի հաշվարկներում չի ներառել գերակատարված և չֆինանսավորված կանչերի փաստացի ծախսերը (մասնավորապես` կանչերի համար կատարված բենզինի, դեղորայքի և տրանսպորտային միջոցների վերանորոգումների ծախսերը):
Արդյունքում՝ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի մոտ առաջացել է շահութահարկի գծով հարկային պարտավորություն 90 միլիոն դրամի չափով։ Նախարարության հաղորդմամբ՝ ՓԲԸ-ը պարտավորվել է հարկային պարտավորությունները կատարել իր շահույթի հաշվին, սակայն ամբողջությամբ կատարելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 76 միլիոն դրամ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել