HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կրթության ոլորտի բյուջեն ավելացել է 20 միլիարդով. նախատեսված է 145 միլիարդ դրամ

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերի համար 2020 թվականի պետական բյուջեով հատկացվել է 179,5 միլիարդ դրամ:

Այս մասին Ազգային ժողովի ֆինանսավարկային ու բյուջետային և կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարի խոսքով` 2,2 միլիարդ դրամը նախատեսված է պետական ապարատի պահպանման ծախսերի համար:

Կրթության ոլորտի համար նախատեսվել է շուրջ 145 միլիարդ դրամ, որը 2019-ի համեմատությամբ գրեթե 20 միլիարդով ավելի է: Գիտության ծախսերը նախատեսվել են 12,6 միլիարդ, մշակույթի ծախսերը` 15,2 միլիարդ դրամ, սպորտի և երիտասարդության համար` 4 միլիարդ դրամ:

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը հետաքրքրվեց սփյուռքի գլխավոր հանձնակատարի բյուջեից: Հիշեցնենք, որ կառուցվածքային փոփոխություններից հետո հանձնակատարի գրասենյակը ներառվել է վարչապետի աշխատակազմում:

Մխիթար Հայրապետյանի խոսքով` սփյուռքի հանձնակատարի գրասենյակի բյուջեն արտացոլված է մեկ տողով` հայրենադարձության ծրագիր, որի իրականացման համար նախատեսված է 505 միլիոն դրամ:

Հայրապետյանը դժգոհեց, որ բյուջեում չկա միջոցառումների ցանկ, որպեսզի օրենսդիրները հասկանան, թե ինչ են հաստատում:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց, որ պատճառը տեխնիկական է, բյուջեի նախագիծը ներկայացնելուց հետո հանձնակատարի գրասենյակի կողմից նոր հայտ են ստացել, որը վերաբերում է նաև բյուջեի փոփոխությանը, և հավանաբար այն կվերանայվի: Նախագիծը լրամշակվելուց հետո, երբ ներկայացվի խորհրդարան, բյուջեն էլ հստակ կլինի, ծրագրերն էլ: Ջանջուղազյանի խոսքով` այս պահին նախատեսված բյուջեն այնքան է, որքան հատկացվել էր 2019-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter