HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է Անի համայնքի ղեկավարի և աշխատակիցների կատարած չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Անի համայնքի ղեկավարի և աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Անի համայնքի ղեկավարը, իրավասու լինելով իր լիազորություններն իրականացնել աշխատակազմի, համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով, ընդունել որոշումներ, արձակել կարգադրություններ, կազմել արձանագրություններ, լիազորված լինելով տնօրինել համայնքի բյուջեի միջոցները` ապահովելով դրանց նպատակային օգտագործումը, ստորագրել ֆինանսական փաստաթղթեր, պաշտոնեական դիրքն օգտագործելով, աշխատակազմի քարտուղարի և ծառայողական մեքենայի վարորդի օժանդակությամբ, հափշտակել է իրեն վստահված համայնքի խոշոր չափերի գույքը, կատարել պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ Մարալիկ քաղաքի բնակիչը, ում հետ նա գտնվում էր մտերիմ հարաբերությունների մեջ, աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես կարգադրիչ, նրան աշխատանքի է ընդունել` որպես ծառայողական ավտոմեքենայի վարորդ:

Այնուհետև, տեղյակ լինելով, որ որպես վարորդ ձևակերպված անձը Դատական դեպարտամենտում աշխատած օրերին համայնքապետարանում աշխատանքի չի հաճախել, համայնքի ղեկավարը կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ ստորագրությամբ և համայնքապետարանի կնիքով հաստատել է համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի կողմից կազմված և վարորդի կողմից բոլոր աշխատանքային օրերին աշխատանքի հաճախած լինելու մասին կեղծ տվյալներ պարունակող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը: Արդյունքում՝ չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձ ավել հաշվարկված և փաստացի վճարված խոշոր չափերի գումարը վատնելու եղանակով հափշտակվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, աշխատակազմի քարտուղարին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վարորդին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։