HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխաների խնամքի և պաշտպանության չորս հաստատություն լուծարվեց

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց լուծարել Դիլիջանի, Բյուրեղավանի, Գյումրու գիշերօթիկ և Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունները։

Այս կազմակերպությունների լուծարումից գոյացած դրամական միջոցներով մարզերում և Երևանում ավելացվելու են երեխաների խնամքի ճգնաժամային կենտրոններն ու խնամատար ընտանիքների թիվը, նրանց տրամադրվող նյութական աջակցությունը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ Կառավարության որդեգրած քաղաքականությունն ուղղված է երեխայի խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում ապահովելուն` շուրջօրյա հաստատություններից երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելուն, խնամակալության, որդեգրման հանձնելուն, ինչպես նաև խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում երեխաների թիվը նվազեցնելուն։

«Այս բարեփոխումը տանելու ենք առաջ, որի նպատակը պետք է լինի մեկը՝ գիշերօթիկ հաստատությունների, մանկատների և այս կարգի այլ հաստատությունների երեխաների մրցունակությունը կյանքում մեծացնել՝ բոլոր առումներով։ Սեփական ուժերի նկատմամբ նրանց վստահությունը մեծացնել, նրանց օժտել գիտելիքներով, հմտություննրով որպեսզի նրանք ոչ թե ամբողջ կյանքում «վայ ես մանկատան սան եմ» դրոշմը իրենց վրա կրեն և դա դարձնեն իրենց հիմնական բրենդը կյանքում, այլ իրենք իրենց սեփական աշխատանքով, տաղանդի զարգացմամբ կարողանան իրենց սեփական բարեկեցությունը ապահովել»,-Կառավարության նիստին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գնահատված կարիքների հիման վրա մշակվել են երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական զարգացման անհատական ծրագրեր:

«Երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական զարգացման անհատական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով նախարարությունը համագործակցում է միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ»,- հայտնել է նախարարությունը։

Նախարարության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Դիլիջանի, Բյուրեղավանի, Գյումրու գիշերօթիկ և Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում խնամվող երեխաների զգալի մասը հաստատություն է տեղավորվել ընտանիքների սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով, և հիմնականում ընտանիքներում չաշխատողների թիվը կրկնակի ավել է աշխատողների թվից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter