Փետրվարի 21-ը հայոց լեզվի պահպանման օրն է
«Լեզվի մասին օրենքը», որը կարգավորում է ՀՀ լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, լեզվի վիճակը, Հայաստանի Հանրապետությունում գրեթե չի գործում: Այն պետք է կիրառի լեզվի պետական տեսչությունը, որի «անունը կա, ամանումը չկա»: Այսօր՝ հայոց լեզվի պահպանման օրվան նվիրված միջոցառման ժամանակ, նման կարծիք հայտնեց գրող, «9-րդ հրաշալիք» հանդեսի խմբագիր Վաչագան Սարգսյանը:
«Լեզվի պետական տեսչությունը կրթության և գիտության նախարարությունից առանձնացված ստորաբաժանում է, որը որոշումներ չի կարողանում ընդունել, քանի որ չունի հայերենի բարձրագույն խորհուրդ: Այնտեղ կա ընդամենը 10 աշխատող, ովքեր հազիվ են հասցնում արձանագրել այս կամ այն վայրում փակցված ցուցանակում գրված օտարալեզու արտահայտությունները և աշխատում, որ դրանք հայերենով փոխարինվեն»,- ասաց բանախոսը:
Վաչագան Սարգսյանը նշեց , որ չի պահպանվում նաև «Գովազդի մասին» օրենքը. «Շատ ցուցանակներում հայերեն արտահայտությունները բացակայում են կամ շատ ավելի փոքր, չնկատվող են, քան օտարալեզու արտահայտությունները»:
Հիշեցնենք, որ ըստ «Գովազդի մասին» օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է։ Անհրաժեշտության դեպքում, որպես լրացում՝ գովազդատուի հայեցողությամբ, գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաև այլ լեզուներով՝ համեմատաբար փոքր տառերով։
Այս դրույթը չի տարածվում օտար լեզուներով տպագրվող թերթերի, հատուկ հրատարակությունների, ապրանքանիշերի և մակնիշների վրա։ Գովազդի հայերեն շարադրանքը տեղեկատվության ծավալով չպետք է զիջի այլ լեզվով հրապարակվող տարբերակին։
Իսկ ինչ վերաբերվում է համացանցում հայոց լեզվի ընդհանուր վիճակին, մեդիայի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ հայերենը աղավաղվում է նաև սոցիալական ցանցերում:
Հայաստանում սոցիալական ցանցերից օգտվողների 60 տոկոսը բջջային հեռախոսներից է մուտք գործում համացանց, որոնց մեծ մասը հայերեն գրելու և կարդալու հնարավորություն չի տալիս, կամ էլ համակարգիչներով օգտվելիս նախընտրում է լատինատառ գրել:
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ դեռևս 3-4 տարի առաջ մենք համակարգչով հայերեն գրելու հնարավորություն չունեինք, իսկ հիմա նման հնարավորություն կա, բայց մեծ մասը այն չի օգտագործում:
«Ես սարսափում եմ մեր Facebook-ի լեզվից, արտահայտչամիջոցներից. մի շարք հայերեն արտահայտություններ պարզապես ծիծաղելի են, երբ լատինատառ ես գրում, ինչպես օրինակ «սեխ ուտել» (sex utel), «հարգանքի տուրք մատուցել» (harganqi turq matucel) և այլն»,- ասաց մեդիայի փորձագետը:
Նա նշեց նաև, որ ներկայում համացանցում Հայաստանը շատ փոքր տեղ ունի: Միակ շուկան, որը մեզ լուրջ է ընդունում, պոռնո շուկան է, որին հայկական արտադրանք էլ է մատուցվում:
Նրա կարծիքով՝ հայերենի դերը համացանցում համեմատաբար կբարելավվի, եթե կառավարությունը համապատասխան միջոցառումներ ձեռնարկի, պայմանագրեր կնքի բջջային հեռախոսներ արտադրող միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի այնտեղ ներմուծվեն նաև հայերեն լեզվով ծրագրեր:
Հրաչուհի Ալմաստյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել