HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատող ուսանողները

Բազմաթիվ ուսանողներ ուսմանը զուգահեռ աշխատում են: Նրանք ցանկանում են գումար վաստակել, ինքնուրույն վճարել ուսման վարձը ու, ինչպես իրենք են ասում, ծնողների հոգսը թեթևացնել։ 

 Վաչե Վարդանյանը 20 տարեկան է, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում սովորում է անվճար, իսկ Հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ հեռակա համակարգում, սոցիալական աշխատանք բաժնում` վճարովի հիմունքներով: Աշխատում է 15 տարեկանից։ Սկզբում կամավորությամբ է զբաղվել տարբեր կազմակերպություններում: «Վաղ տարիքից աշխատելը շատ կարևոր է, քանի որ ձեռք ես բերում նոր շրջապատ ու մեծ փորձ հետագայում մասնագիտությամբ աշխատելու համար»,-ասում է Վաչեն։ Նա ուզում է ուսումը շարունակել արտերկրում:

 «Լիանա Դաղբաշյանը 20 տարեկան է, սովորում է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 4-րդ կուրսում, աշխատել սկսել է 17 տարեկանից, կամավորությամբ է զբաղվում արդեն 8 տարի։ Այժմ աշխատում է խանութում: «Աշխատանքը դասերի հետ համատեղելը դժվար է, բայց, ցանկության դեպքում, անհնար չէ: Համալսարանի տված տեսական գիտելիքները բավարար չեն հետագայում մասնագիտությամբ աշխատելու համար, այդ պատճառով էլ կամավորությամբ զբաղվելը լավագույն տարբերակն է պրակտիկ փորձ ձեռք բերելու համար»,- ասում է Լիանան։

 « Էվելինա Ավետիսյանը եւ Ջորջ Դեմիան սովորում են ԵՊՀ հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետի հոգեբանության բաժնի 3-րդ կուրսում: Էվելինան աշխատում է խանութում, Ջորջը մատուցող է: Ասում են՝ սպասարկման ոլորտի աշխատողներին հաճախ վատ են վերաբերվում, կոպտում են, բայց քանի որ երկուսն էլ ապագա հոգեբաններ են, այդ աշխատանքն իրենց համար լավ պրակտիկա է տարբեր մարդկանց հետ շփվելու տեսանկյունից։ Ջորջն ասում է՝ չի ցանկանա, որ իր երեխաները ուսմանը զուգահեռ աշխատեն, քանի որ աշխատելիս չես հասցնում մասնագիտություն սովորել, այլ զբաղվում ես ֆինանսներ հայթայթելով:

 «Արևիկ Սարգսյանը սովորում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում։ 19 տարեկան է, աշխատում է 16 տարեկանից, սպասարկման ոլորտում։ Արևիկն ասում է՝ սովորելուն զուգահեռ աշխատել պետք է այն ժամանակ, երբ ունես դրա կարիքը։

 «Արամ Հովհաննիսյանը 19 տարեկան է, սովորում է ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, անվճար համակարգում։ Համալսարանի լաբորատորիայում պրակտիկա անցնելուց հետո իր մասնագիտությամբ աշխատանք է գտել։ Սա նրա առաջին աշխատանքային փորձն է, աշխատում է արդեն 8 ամիս։

 

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ՝ Անյա Սարկիսովա, Գայանե Հովսեփյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter