
Սևազգեստ մայրերի և քննիչների դռնփակ հանդիպման ժամանակ միջադեպ է եղել
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովն այսօր հրավիրել էր դռնփակ նիստ` սևազգեստ մայրերի և Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատակիցների հետ, սակայն քննարկումն այդպես էլ չի կայացել:
Սևազգեստ մայրերից Իրինա Ղազարյանը, ում որդին պաշտոնական վարկածով մահացել է գլխուղեղի ուռուցքի պատճառով, սակայն վերջինիս համոզմամբ՝ որդուն ծեծի են ենթարկել, ինչն էլ հանգեցրել է մահվան, ջուր է շփել քննիչի ուղղությամբ: Քննիչն ասել է, որ վերջինիս որդին ոչ թե արժանացել է սև բերետի, այլ պարզապես ընդառաջել են մոր խնդրանքը: Այդ միջադեպից հետո քննիչները դուրս եկան սենյակից, ինչից հետո լրագրողները կարողացան մուտք գործել քննարկման սենյակ:
Սևազգեստ մայրերը դժգոհում էին, որ հանձնաժողով են հրավիրվել, իրենց պնդմամբ, գործերը կոծկած քննիչները: Վերջիններս պահանջեցին հանձնաժողովի անդամներից, որ հաջորդ հանդիպմանը ներկա լինեն պաշտպանության ու արդարադության նախարարները, գլխավոր դատախազն ու Զինվորական քննչական կոմիտեի նախագահը: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խոստացավ հարցը քննարկել վերոնշյալ պաշտոնատար անձանց հետ, և հնարավորության դեպքում նոր հանդիպում նախաձեռնել:
Լրագրողների հետ զրույցում Իրինա Ղազարյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչու է ջուր շփել քննիչների ուղղությամբ:
«Քննիչն էսօր ներկայացրեց, որ իբրև ծնողի դիմումով, այսինքն դուրս է գալիս խղճացել են մեզ, տղայիս սև բերետի են արժանացրել, սև բերետի ամեն մի զինվորի չի արժանանում: Իմ տղան ոչ մեկի խնդրանքով չի արժանացել»,- ասաց Իրինա Ղազարյանը:
Մեկնաբանել