HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վայոց Ձորի նորանշանակ մարզպետը՝ նախկին մարզպետի օգնականի շահերը պաշտպանելու, իր նշանակման և այլ հարցերի մասին

Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը որևէ խնդիր չի տեսնում, որ մինչ նշանակումը եղել է նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի Հովհաննես Գրիգորյանի պաշտպանը: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորում սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել միջադեպ, որի հետևանքով փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանին և վերջինիս եղբորը: Այս գործի շրջանակներում շոշոփվել է նաև Տրդատ Սարգսյանի անունը՝ որպես միջադեպի մասնակից: Թեև մարզպետը հերքում է, թե մասնակցել կամ ներկա է եղել միջադեպին՝ հրաժարական է տվել մարզպետի պաշտոնից:

Հարցին՝ նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը ի՞նչ հարաբերություններ ունի Տրդատ Սարգսյանի հետ, Գրիգորյանը նշեց, թե հարաբերությունները գործնական են: Դիտարկմանը, թե ի՞նչ գործնական հարաբերություններ կարող էր ունենալ փաստաբան Արարատ Գրիգորյանը մարզպետի պաշտոնը զբաղեցնող Սարգսյանի հետ, Գրիգորյանը պատասխանեց, թե խորհրդատվություն է տվել:

Գրիգորյանը հստակ չպատասխանեց հարցին, թե ով է իրեն առաջարկել Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում:

«Ինձ համար որևէ մեկը չի երաշխավորել։ Ինձ համար որևէ հանգամանքում չեն միջնորդում, չեն երաշխավորում։ Վարչապետին անձամբ չեմ ճանաչում։ Բնականաբար Կառավարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի հետ ունեցել եմ զրույց»,- ասաց Գրիգորյանը՝ նկատի ունենալով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին:

Հարցին՝ Սուրեն Պապիկյանին նախկինում ճանաչե՞լ է, մարզպետն արձագանքեց, թե չի ցանկանում այդ բնույթի հարցերին պատասխանել։ Հարցին՝ արդյոք կարելի՞ է իրեն նախկին մարզպետի թիմակից համարել, Գրիգորյանը պատասխանեց.

«Ես անկուսակցական եմ։ Աշխատանքիս բնույթով կլինեմ անաչառ, անկաշկանդ, որևէ մեկից, որևէ թիմից կախում չունեմ»,- ասաց Արարատ Գրիգորյանը: Նա նշեց, որ մարզի խնդիրներին որքան հնարավոր է, ծանոթացել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter