
Արա Շիրինյանը վստահեցնում է` Մարգարիտա Գրիգորյանի աշխատանքից շատ գոհ է
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը վստահեցնում է` «Հանրային»-ը «վերևներից զանգեր չի ստանում»:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արա Շիրինյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք վերևներից զանգերով է «Հանրային»-ը որոշում իր լրատվական քաղաքականությունը, քանի որ տարիներ շարունակ պնդում է եղել, որ «Հանրային»-ն ընդդիմության գործունեությունը չի լուսաբանել:
«Հավատացնում եմ ձեզ որևէ զանգ վերևներից չենք ստանում, Հանրային հեռուստատեսությունն ինքնուրույն է տնօրինում իր աշխատանքները` ելնելով իր գործառույթներից և հանրության պահանջներից»,- ասաց նա` վստահեցնելով, որ Հանրային հեռուստաընկերությունն առողջ հիմնարկ է:
Հարցին, թե ինչու է որպես գործադիր տնօրեն շարունակում աշխատել Մարգարիտա Գրիգորյանը, ում աշխատանքից շատերն էին դժգոհում, արդյոք համապատասխանում է իրականությանն այն, որ վերջինս կապեր ունի իշխանության հետ, մասնավորապես՝ վայելում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հովանավորությունը, Արա Շիրինյանը պատասխանեց.
«Մարգարիտա Գրիգորյանը շարունակում է աշխատել, որովհետև նա ապահովում է այդ կառույցի բնականոն աշխատանքը, բավարար չափով արդյունք է տալիս, ես շատ գոհ եմ նրա աշխատանքից»:
Դիտարկմանը, որ վերջինիս աշխատանքից դժգոհում էր նաև իր նախկին խորհրդական Տիգրան Պասկևիչյանը, ստացվում է՝ բոլորը սխալվել են, Արա Շիրինյանն արձագանքեց.
«Երբեմն լինում է, որ շատերը սխալվում են»:
Մեկնաբանել