
Արայիկ Հարությունյան. «Սատանիզմի հիմքով համերգ չեղարկելը այլևս չի լինելու»
Կրթության ոլորտում կան մի շարք կարևոր ուղղություններ, որտեղ մասնագետները պատշաճ չեն վարձատրվում:
Այս մասին՝ ի պատասխան մեր այն դիտարկման, որ վարչապետի հիմնավորմամբ պաշտոնյաներն արժանապատիվ աշխատավարձ են ստանում, որպեսզի բացառվի կոռուպցիան, արդյոք նման մոդել անհրաժեշտ չէ ներդնել նաև գիտամանկավարժական ոլորտում՝ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Հարցին, թե ինքը, լինելով նախկին դասախոս, ստացել է արդյոք արժանապատիվ աշխատավարձ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.
«Իհարկե ոչ, մենք պետք է ջանքեր գործադրենք, որ մեր պատկերացրած մակարդակի հասցնենք նրանց աշխատավարձերը: Չեմ կարծում, որ դա կարող է արագ լինել, բայց այն մեր օրակարգում է, այս տարվա բյուջեով և լրացուցիչ եկամուտների հաշվին մի շարք ուղղություններով աշխատավարձերը բարձրացվել են»:
Անդրադառնալով ծանրամարտիկ Մելինե Դալուզյանին նվիրված «Մել» ֆիլմին, որի համար հատկացվել է 20 միլիոն դրամ, Հարությունյանը հիշեցրեց` հատկացումն իր օրոք չի եղել, սակայն իր պաշտոնավարման շրջանում մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու:
«Եթե գեղագիտական խորհուրդները որոշում են կայացնում, և խորհուրդներում ընդգրկված անվանի մասնագետներն ասում են՝ տվյալ գործը արժանի է, որ պետությունը դրան ուշադրություն դարձնի, էդ որոշումներն ի կատար են ածվելու: Սա թող բոլորը հստակ իմանան: Սատանիզմի հիմքով համերգ չեղարկելը այլևս չի լինելու, Հայաստանում արվեստը լինելու է ազատ, որովհետև անկախ պետության գրավականներից մեկն արվեստն է»,- ասաց Հարությունյանը:
Նախարարը չհստակեցրեց, թե որոշումը որ նախարարի պաշտոնավարման շրջանում է ընդունվել, սակայն ասաց, որ այս իշխանության օրոք է եղել:
Ինչ վերաբերում է դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը, դրա վերաբերյալ հնարավոր առաջարկները նախարարությունը պատրաստ է քննարկել կաթողիկոսի կամ եկեղեցու այլ ներկայացուցիչների հետ:
«Մշակվում են չափորոշիչներ, առարկայացանկեր: Եվ քննարկվում են յուրաքանչյուր առարկայի առանձին գոյության արդյունավետությունը, նպատակներն են, թե մենք ինչ ենք ուզում ստանալ վերջնարդյունքում: Չափորոշիչները մշակող և առարկայացանկերը մշակող հանձնաժողովը աշխատում է, երբ որ առաջարկներ լինեն, մենք կքննարկենք ու որոշումները կկայացնենք: Այդ հանձնաժողովն առայժմ ինձ հետ որևէ բան չի քննարկել»,- ասաց Հարությունյանը:
Մեկնաբանել