HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դավիթ Սանասարյանի վերաբերյալ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են այլ քրեական գործի շրջանակում) վերաբերյալ հաղորդման հիման վրա ոստիկանությունում քիչ առաջ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով` ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս:

Այս մասին, «Հետք»-ի հարցին ի պատասխան, ասաց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին 9-ամյա Ա. Ղևոնդյանը տեղափոխվել է «Արմենա» բժշկական կենտրոն: Երեխայի մոր պնդմամբ՝  նա մարմնական վնասվածքներ է ստացել Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի բակում տեղի ունեցած վթարի հետևանքով, մեքենայի ղեկին եղել է Դավիթ Սանասարյանը: Ըստ հրապարակումների՝ Դավիթ Սանասարյանն այցելել է բժշկական կենտրոն և պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի դեպքի մասին չհայտնեն ոստիկանությանը: Սանասարյանը տեղի ունեցածը համարել է «հերթական շառը», պնդել է, որ երեխայի մայրն իրենից գումար է պահանջել, հայտարարել է, որ շորթման վերաբերյալ հաղորդում է ներկայացնելու ոստիկանություն:

Ըստ Սանասարյանի՝ երեխան քարի վրայից ցատկել ու դիպել է իր մեքենային, ապա ընկել գետնին, և նա հետագայում երեխայի առողջությամբ հետաքրքրվել է մարդասիրությունից դրդված:

Շորթման վերաբերյալ հադորդում ներկայացնելու գործով «Հետքը» կապ հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի հետ, վերջինս հաստատեց, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի ՝ շորթում, 1-ին մասի հատկանիշներով։ Նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել, որ երեխայի մայրը հեռախոսազրույցի ընթացքում Դ. Ս-ից պահանջել է գումար՝ սպառնալով, որ այն չտալու դեպքում նրա վերաբերյալ արատավորող տեղեկություն կհրապարակի։ Քրեական գործը դատախազությունից ուղարկվել է Քննչական կոմիտե։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter