
Գավառի համայնքապետի հայրն ամբողջությամբ չի հայտարարագրել ունեցվածքը
Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հայրը՝ Երվանդ Մարտիրոսյանը, չի հայտարարագրել իր ունեցվածքը: Լինելով փոխկապակցված անձ` նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018թ. գույքի ու եկամուտների հայտարարագիր: Որպես եկամուտ՝ հայտարարագրել է միայն ստացած կենսաթոշակը՝ մոտ 5 մլն 722 հազար դրամ: Այլ եկամուտ, դրամական միջոցներ չի հայտարարագրել:
Մինչդեռ, Երվանդ Մարտիրոսյանը մի շարք ընկերություններում բաժնետեր է: Նրան է պատկանում ուղևորափոխադրումներ իրականացնող «Գավառտրանս» ընկերության 50 % բաժնեմասը: Այս ընկերությունն է տարիներ շարունակ իրականացրել Գավառ-Երևան-Գավառ ուղևորափոխադրումը: «Գավառտրանսը» Գավառում նաև գազալցակայան ունի: Ի դեպ, համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը ևս այս ընկերության բաժնետերերից է եղել, սակայն 2008-ին հրաժարվել է իր բաժնեմասից:
Համայնքապետի հայրը 32 % բաժնեմաս ունի նաև «Հայլենդ ֆրութ» ՍՊԸ-ում: Ընկերությունը զբաղվել է ջերմոցային տնտեսությամբ: Այն հիմնադրվել է 2015թ. սեպտեմբերին: Այս տարի էլ Երվանդ Մարտիրոսյանը հիմնել է «Կարանտին» ՍՊԸ-ն: Նշված բոլոր ընկերություններից ստացած շահաբաժինը նա չի հայտարարագրել:
Նշենք, որ «Հետք»-ն անդրադարձել է Մարտիրոսյանների ընտանեկան բիզնեսներին դեռևս տարիներ առաջ:
Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը պաշտոնը զբաղեցնում է 2005թ.-ից, սակայն որպես պաշտոնատար անձ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին հայտարարագրեր ներկայացնում է 2017-ից:
2017թ. հուլիսի 1-ի դրությամբ, երբ համայնքապետն առաջին անգամ հայտարարագրել է ունեցվածքը, նշել է, որ ունի 2 արտադրական տարածք, 2 միավոր հողատարածք, առանձնատուն: Բացի վերը նշված անշարժ գույքը, Գուրգեն Մարտիրոսյանը հայտարարագրել է նաև TOYOTA LAND CRUISER 200 4.0 մակնիշի ավտոմեքենա:
Համայնքի ղեկավարը 2018թ. տարեկան հայտարարագրում որպես եկամուտ նշել է 5 մլն 150 հազար դրամ, որից 1 մլն 782 հազար դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ մնացած մասը՝ վարձակալության դիմաց ստացված վճարից:
Գուրգեն Մարտիրոսյանը հայտարարագրել է նաև դրամական միջոցներ՝ 150 մլն դրամ և 200.000 դոլար: Նշված գումարն անփոփոխ է` այն հիշատակված է դեռևս 2017թ. հայտարարագրում:
Գլխավոր լուսանկարում՝ Գուրգեն Մարտիրոսյանը
Մեկնաբանել