HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում մեկնարկել է Մեդիագրագիտության շաբաթը

Նոյեմբերի 1-8-ը հայտարարված է մեդիագրագիտության շաբաթՄեդիա նախաձեռնությունների կենտրոնն արդեն երկրորդ տարին այն անցկացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ:  

Մեդիագրագիտության շաբաթվա մեկնարկի առիթով այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանը նշեց, որ մեդիա կրթությունը ժամանակի հրամայական է. «Շատ կարևոր է, թե մենք ինչ ենք լսում, կարդում ու վերլուծում, այսինքն` ինչպիսի տեղեկատվություն ենք ստանում ու տարածում: Դա կարող է լինել ցանկացած բնույթի ինֆորմացիա` սկսած տեղեկատվական հոդվածից, մինչև սոցցանցից ստացած ինչ-որ չճշտված լուր»,- ասել է փոխնախարարը: 

ՄՆԿ տնօրեն Նունե Սարգսյանի խոսքով՝ 21-րդ դարում գրագետ մեդիա սպառող ու մեդիա ստեղծող լինելը անհրաժեշտություն է, և դպրոցը լավագույն հարթակն է այս հմտությունները տարածելու, քննադատական մտածողությամբ քաղաքացիներ կրթելու համար։ 

ՄՆԿ Մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը ներկայացրեց շաբաթվա անելիքները։ Բացի այն, որ դպրոցներում այդ օրերին կանցկացվեն մեդիագրագիտության թեմաներով դասեր, դիտումներ ու քննարկումներ, ՄՆԿ-ն ուսուցիչների համար սեմինար և նոր ձեռնարկների շնորհանդես կանցկացնի նոյեմբերի 1-ին՝ 16:00, Լոֆթ սրճարանում, և խաղ-դասընթացի կհրավիրի պատանիներին՝ Ավ Իսահակյանի անվան գրադարանում նոյեմբերի 4-ին` 15:00: 

Շաբաթվա ընթացքում դպրոցներում, գրադարաններում, կրթական կենտրոններում և օնլայն հարթակներում ակտիվորեն քննարկվելու են մեդիայից գրագետ օգտվելու սկզբունքները։ Դպրոցներում այդ օրերին կանցկացվեն մեդիագրագիտության թեմաներով դասեր, դիտումներ ու քննարկումներ: Նախատեսվում են նաև հետևյալ միջոցառումները  

  • Նոյեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Լոֆթ կենտրոնում ուսուցիչների համար ՄՆԿ նոր ձեռնարկների շնորհանդես, սեմինար։  
  • Նոյեմբերի 4-ին, ժամը 15:00-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանում խաղ-դասընթաց` պատանիների համար։
  • ՄՆԿ աջակցությամբ մարզերում գործող մեդիագրագիտության դպրոցական խմբակների աշակերտները այս շաբաթվա ընթացքում կայցելեն Հանրային ռադիո և հեռուստաընկերություն՝ ներսից տեսնելու մեդիայի աշխատանքը։ 
  • Երևանի մարդաշատ վայրերում քաղաքացիները կարող են լուսանկարվել ինտերակտիվ գրաֆիտիների հետ՝ «Դու այն ես, ինչ տարածում ես/դիտում ես/կարդում ես/ինչին հետևում ես» կարգախոսներով։ 
  • Այս տարի մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումները, կրթական նյութերը, գրառումները սոցիալական ցանցերում կտարածվեն #MILWEEKARM19, #եսմեդիագրագետեմ հեշթեգերի ուղեկցությամբ։ 

Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter