HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրանում է Կովսական քաղաքի 26-ամյակը

Նոյեմբերի 1-ին լրանում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի 26-ամյակը։ 1993 թ․ այս օրը հայկական զինված կազմավորումները վերջնական վերահսկողություն են հաստատել նախկին Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ մտցված Զանգելան շրջկենտրոնի և հարակից բնակավայրերի նկատմամբ։ Դրանով ավարտին է հասել Արցախի և Սյունիքի հարավային և հարավարևելյան սահմանների ամբողջացումը։

Ըստ Քաշաթաղի շրջանի վարչակազմի մամուլի և արտաքին կապերի տարածած հաղորդագրության՝ Զանգելանի ազատագրման ռազմագործողությանը մասնակցել են Պաշտպանության բանակի Հադրութի (հրամ․՝ Արթուր Աղաբեկյան), Մարտունու (հրամ․՝ Մովսես Հակոբյան), Շուշիի (հրամ․՝ Վաչագան Իշխանյան) պաշտպանական շրջանների, կենտրոնական ենթակայության ստորաբաժանումների, 5-րդ մոտոհրաձգային բրիգադի (հրամ․՝ Մանվել Գրիգորյան), «Սիսական» (հրամ․՝ Հովիկ Ազոյան), «Արաբո» (հրամ․՝ Մանվել Եղիազարյան), «Սև հովազ» (հրամ․՝ Ռուստամ Գասպարյան) և ՀՀ տարբեր շրջաններից կամավորագրված մարտիկներից բաղկացած համախումբ ուժերը։ 

Ազատագրումից հետո՝ վերաբնակեցմանը զուգընթաց, ենթաշրջանի բնակավայրերի մեծ մասին վերադարձվել են իրենց պատմական անունները։ Առաջինը 1995 թ․ օգոստոսի 8-ին վերաբնակեցվել է Միջնավան քաղաքը (նախկինում՝ Մինջիվան), այնուհետև արդեն վերջինից հյուսիս ընկած Կովսականը։ Որպես վարչատարածքային ենթակազմավորում՝ Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքը կազմավորվել է 1998 թ․-ի հոկտեմբերի 9-ին՝ նախկին Զանգելան քաղաքի, ինչպես նաև Մաշադի Իսմայիլլի և Քեչիկլու գյուղատեղիների հիմքի վրա։ Համայնքը բաղկացած է Կովսական քաղաքից, ինչպես նաև Դիցմայրի և Քարատակ գյուղերից։ Ընդհանուր բնակչությունը կազմում է շուրջ 550 մարդ։ 1998 թ․-ից Կովսական քաղաքում գործում է Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցը, 2014 թ․-ից՝ մանկապարտեզը և տեղամասային հիվանդանոցը։ Դպրոց է գործում նաև Դիցմայրի գյուղական համայնքում։

 Տոնի առթիվ կովսականցիներին շնորհավորել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ նշել է, որ արցախյան պատերազմում բեկումն սկսվել է հենց ներկայիս կովսականյան տարածքներից, երբ 1992 թ․ դեկտեմբերի 10-ին հայկական զինված ուժերը Կապանի ենթաշրջանի անվտանգության ապահովման համար վերացրին նախկին Զանգելանի շրջանում տեղակայված շուրջ 13 կրակակետեր։

«Այսօր էլ արդեն ազատագրված Կովսականը շարունակում է իր համախմբող դերն ունենալ մեր հայրենիքի աշխարհագրական ու ազգագրական կյանքում։ Կովսականը կապող դեր ունի Սյունիքի հարավային հատվածի և Արցախի միջև։ Քաղաքի այս նշանակությունն է՛լ ավելի է մեծանալու, երբ կյանքի կոչվի ԱՀ և ՀՀ կառավարությունների փոխգործակցությամբ իրականացվելիք Կապան-Կովսական-Մեխակավան-Հադրութ ճանապարհի հիմնանորոգումը»,- գրել է Ս․ Սարգսյանը։

Այսօր քաղաքի տոնի առթիվ Կովսականում նախատեսված են տոնական միջոցառումներ և ժամանցային ծրագիր։

Մեկնաբանություններ (1)

Գոռ Թորոսյան
Համաձայնեմ Հայատառ գրառում անելուն, սակայն, նման էջերում լավ կլիներ մեկնաբանել կամ անգլերեն, կամ ռուսերեն, և ինչու չէ' թուրքերեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter