HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սպայկա» ընկերությունը խնդրում է կառավարության աջակցությունը իր արտադրանքի անխափան մուտքը ԵԱՏՄ շուկա ապահովելու ուղղությամբ

Երեկ «Սպայկա» ընկերությունը հաղորդագրություն տարածեց, որ իր բեռնատարները` բեռնված հատուկ պահպանության պայմաններ պահանջող գյուղմթերքով, արդեն 16 օր է, ինչ գտնվում են ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում, սակայն որևէ հստակ պատասխան և որոշակիություն չկա, թե ինչ պատճառով մաքսային գործառնությունները չեն ավարտվում և չի թույլատրվում բեռի բացթողումը ՌԴ տարածք:

Ավելի ուշ հաղորդագրություն տարածեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, հայտնելով, որ «նախարարության կողմից կապ է հաստատվել Հյուսիսկովկասյան մաքսատան պատասխանատուների հետ, որոնք տեղեկացրել են, որ մեքենայի ժամանակավոր բաց չթողման պատճառն այն է, որ անցակետի ռիսկերի կառավարման համակարգը ռիսկային է համարել բեռը՝ «պատժամիջոցների» ցանկով նախատեսված ապրանքներին պատկանելիության տեսանկյունից: Ըստ վերջիններիս տեղեկատվության՝ նմուշն ուղարկվել է համապատասխան լաբորատորիա՝ բեռի ծագումնաբանությունը որոշելու նպատակով»:

Այսօր ընկերությունը նոր հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով իրավիճակի զարգացման մասին: Այն ներկայացնում ենք ստորեւ:

«01.11.2019 թվականին, ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի աշխատակիցները ընկերության բեռնատարի վարորդին բանավոր հայտնել են, որ չեն կարող բաց թողնել պանիրը ՌԴ տարածք և հետ են ուղարկելու բեռը Հայաստան, քանի որ էլեկտրոնային փոստով ստացել են փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն պանրի  ծագման երկիրը նշվել է ՝ «Հայաստան, Առաջավոր Ասիա, Հարավ-արևելյան Եվրոպա»:

Հայտնում ենք, որ ընկերությունը կամ ընկերության վարորդը չեն ստացել լաբորատոր փորձաքննության եզրակացության պաշտոնական օրինակը, ինչպես նաև չեն ստացել մինչ օրս որևէ պաշտոնական հիմնավորում բեռի և բեռնատար ավտոմեքենայի կանգնեցման վերաբերյալ:

Ընկերությունը ստանալով այս տեղեկատվությունը, անմիջապես դիմել է Հյուսիսային Օսեթայի մաքսային ծառայության և Վերին Լարսի մաքսային անցակետի ղեկավարներին, ՌԴ տրանսպորտային դատախազության Հարավային տրանսպորտային դատախազին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին՝ տեղեկացնելով, որ պանիրը արտադրվում է ընկերությանը պատկանող նորակառույց պանրի գործարանում, և տրամադրել է պանրի հումքի և փաթեթավորման նյութերի ծագման երկրների աշխարհագրությունը հավաստող փաստաթղթերը: 

Համաձայն դրանց՝

  1. Պանրի հիմնական հումքը՝ կաթը, ընկերությունը գնում է հայաստանյան տեղացի ֆերմերներից՝ Տաշիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Վայոց Ձորի շրջաններից:
  2. Օգտագործվում է քաղաքային կենտրոնական ջրամատակարարմամբ ստացվող ջուրը,
  3. Փայլաթիթեղ (ֆոլգա) – ծագման երկիրը՝ Գերմանիա
  4. Սննդային պոլիէթիլենային տոպրակներ (վակուում փաթեթ) – ծագման երկիրը՝ Լեհաստան
  5. Ստվարաթուղթ – ծագման երկիրը՝ Ռուսաստան
  6. Մերան, բորբոս և ֆերմենտային բաղադրանյութեր – ծագման երկիրը՝ Դանիա

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լաբորատոր փորձաքննությունը չի կարողացել հստակ նշել պանրի ծագման երկիրը և տվել է ծագման երկրի լայն աշխարհագրական տարբերակներ, իսկ պանիրը ՌԴ բաց թողնելու կամ չթողնելու մասին որոշումը կայացնում են ՌԴ մաքսային ծառայության աշխատակցիները՝ Ընկերությունը հետագա թյուրիմացություններից խուսափելու նպատակով խնդրել է որպես ելակետային տվյալ ընդունել իր կողմից ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերը պանիրը ՌԴ բաց թողնելու հարցի վերբաերյալ որոշման կայացման ժամանակ:

ՌԴ Մաքսային ծառայության կողմից կամայական կերպով բեռի հետագա կանգնեցումը կամ հետվերադարձը Հայաստան անհամաչափ վնաս է հասցնելու ընկերությանը՝ բեռի փչանալու և ընկերության նկատմամբ պայմանագրային պարտավորություններից բխող պահանջների առումով:

Խնդրում ենք ՀՀ Կառավարության աջակցությունը եվրոպական որակական չափանիշներով հայկական արտադրանքի անխափան մուտքը ԵԱՏՄ շուկա ապահովելու ուղղությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter