HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ինչ խոչընդոտների են բախվում հաշմանադամություն ունեցող անձինք Հայաստանում․ հայ-ֆիննական համատեղ քննարկում

Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանատան աջակցությամբ այսօր տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, մասնավորապես՝ նրանց համար նախատեսված բուժպայմաններին, կրթական համակարգին, անկախ ապրելու պրակտիկային։ 

Սեմինարի նպատակն էր ոչ միայն քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, այլեւ ներկայացնել այս ոլորտում ֆիննական փորձը, ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները Հայաստանի և Ֆինլանդիայի միջև։

Բացման խոսքով հանդես եկավ Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Արյա Մակկոնեն։

Դեսպանն ասաց, որ Ֆինլանդիան այս տարի ԵՄ նախագահող երկիրն է, եւ որպես նախագահող երկիր՝ առաջնային է համարում մարդկային արժեքները, քաղաքացիների անվտանգությունը, մարդու իրավունքները, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց։ «Ֆինլանդիան նաեւ աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց, փորձում է ստեղծել հավասար պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց եւ հաշմանդամություն չունեցողների միջեւ, սա այն համակարգն է, որով Ֆինլանդիան մատուցում է ծառայություններ, եւ այս ամենը չէր լինի առանց հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպությունների աջակցության» ,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ քաղհասարակության ներկայացուցիչները համագործակցում են նոր կառավարության հետ, որի շնորհիվ կարողացել են մի շարք հարցեր լուծել եւ դառնալ օրինակելի։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վստահ է՝ Հայաստանում կան բավարար գիտելիք ու փորձ ունեցող մասնագետներ, եւ վաղուց ժամանակն է՝ գիտելիքը դարձնել պրակտիկա, բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը։ «Սա հնարավորություն կտա լրացնել այն բացը, որը բավական երկար ժամանակ ունեցել ենք։ Այս ոլորտի խնդիրների մասին խոսելիս ես միշտ ասել եմ, որ ուշացել ենք»,- հավելեց Բաթոյանը։

Ըստ Բաթոյանի՝ նախարարությունն այսօր երկու հիմնական ուղղություններով է աշխատում, որոնցից մեկը մատուցվող ծառայությունների որակի բարելավումն է, մյուս ուղղությունը հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքն է, որի նախագիծն  անցել է հանրային քննարկման փուլը եւ մոտ օրերս կներկայացվի կառավարության քննարկմանը։

«Պետք է փոփոխվեն ծառայությունները, որոնք մատուցվում են տարբեր գերատեսչությունների, ծառայությունների կողմից, եւ կդադարի այն մոտեցումը, որ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվում է միայն մեկ նախարարություն»,-խոսքը եզրափակեց նախարարը։

Ելույթով հանդես եկավ նաեւ Abilis հիմնադրամի ջատագովության համակարգող Թոմաս Թուուրեն։ Թուուրեի ներկայացրած հիմնադրամը Հայաստանում աջակցել է 21 անհատական նախագծի։ Այն հիմնադրվել է 1997թ., անդրադառնում է մարդու իրավունքներին, բնապահպանական հիմնախնդիրներին, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին։ Ըստ Թոմաս Թուուրեի՝ հաշմանդամությունն ամենուր է, ուստի իրենք իրագործում են խաչաձեւ նախագծեր, այսինքն՝ անդրադառնում խնդիրներին՝ կապ հաստատելով տարբեր երկրների հետ։

«Հայաստանը զարգանում է, եւ մենք փոխանցում ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ մեր փորձն ու գիտելիքը։ Հաշմանդամությունը համակարգում է բոլորին, այն ամենուր է եւ շատ կարեւոր է, որ դուք աշխատում եք գլոբալ ցանցում, որտեղ կարող եք փորձի փոխանակում անել»,- նշեց նա։

Քննարկման երկրորդ հատվածում ելույթ ունեցան նաեւ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ։

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչ Կարինե Գրիգորյանն անդրադարձավ հաշմանդամություն ունեցող անձանց սեռական կյանքի եւ վերարտադրողական առողջության ոլորտում մատուցվող բժշկական ծառայությունների որակին, նշեց, որ ծառայությունները հարմարեցված չեն, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ բախվում են անտարբերության։ «Պետք է ունենալ համակարգային մոտեցում բժշկական սարքավորումների եւ ծառայությունների վերաբերյալ եւ փորձել փոխել այն մոտեցումը, երբ մարդիկ չեն հավատում, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ունենալ սեռական կյանք եւ երեխաներ»,- ասաց Կարինեն՝ հավելելով, որ ըստ կազմակերպության կատարած հետազոտության՝ բռնության ենթարկված անձանց մեծ մասը հաշմանդամություն ունեցողներն են։ «Ուզում եմ ոչ թե կենտրոնանալ խնդիրների, այլ դրանց լուծումների վրա»,- նշեց նա։

«Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներկայացուցիչ Արեւ Մելքոնյանը նշեց, որ անձամբ բժիշկների անտարբեր վերաբերմունքին է արժանացել, երբ գնացել է հետազոտության։ Երբ բժշկին հայտնել է, որ հղի է, բժիշկը պատասխանել է՝ «ձե՞ռք ես առնում», ապա հետեւել է հարցերի շարանը՝ արդյոք բռնության է ենթարկվել կամ իր ցանկությամբ չի հղիացել։ «Սա մտածելակերպից է, որ հաշմանդամություն ունեցողը չի կարող հղիանալ, սրա հետ մեկտեղ ինձ ստիպված այլ սենյակում էին հետազոտում, քանի որ երկրորդ հարկ բարձրանալը դժվար էր, սա ֆիզիկական խոչընդոտ էր»,- նշեց Մելքոնյանը՝ հավելելով, որ թեեւ օրենք կա, սակայն չի կիրառվում։ 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանն էլ նշեց, որ լինում են դեպքեր, երբ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ երբեմն որոշում ընդունում են այլ անձինք՝ դրանով ոտնահարելով մարդու իրավունքները։ Նա հավելեց, որ պետք է հաշմանդամություն ունեցողների վերաբերյալ մաս ավելացնել բոլոր օրենքներում, ոչ թե ունենալ միայն մեկ օրենք. «Պետությունը պետք է ամեն ինչ անի, որ կարողանա հասարակական ծառայությունները դարձնել ներառական, իսկ քաղհասարակության ներկայացուցչները պետք է մոնիտորինգի միջոցով ուշադրություն դարձնեն դրանց կատարմանը»,- նշեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter