
Առաջարկվում է ստեղծել բռնագաղթած անձանց աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողով
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է ստեղծել հանձնաժողով, որը կքննի և կսահմանի 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և 1992 թվականին Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը։
Առաջարկությունը ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախարարության հաղորդմամբ՝ այդ հանձնաժողովի գործունեությունը կդյուրացնի բռնի տեղահանված և կենսաթոշակային տարիք ունեցողների աշխատանքի տարիների ստաժը հաստատելու գործընթացը և կբարելավի նրանց սոցիալական վիճակը։ Ըստ նախարարության, գաղթելիս նրանք չեն կարողացել բերել իրենց աշխատանքային գրքույկները, կամ առկա գրքույկներում անհրաժեշտ գրառումները բացակայել են, կամ կատարվել են թերի, ինչը նրանց կենսաթոշակ նշանակելու գործընթացում խնդիրներ է առաջացրել:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մարզպետարաններից ստացած տվյալների օգնությամբ պարզել է, որ Ադրբեջանում և Արծվաշենում աշխատանքային տարիների ստաժը հաստատելու կարիք ունի 685 քաղաքացի։
«Նախագիծը ընդունվելու դեպքում կենսաթոշակ նշանակելու ժամանակ կլուծվի աշխատանքային գրքույկներ չունեցող կամ թերի լրացված գրքույկներ ունեցող Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանելու հարցը»,- քննարկման ներկայացված նախագծում ընդգծել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նշենք, որ բռնագաղթած անձանց աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողով գործում էր նաև մինչ 2016 թվականը։
Մեկնաբանել