HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրքարվեստն ու կանայք. Գյումրիում ստեղծարար ձայները դառնում են ավելի հնչեղ

Գրքարվեստով հետաքրքրված կանայք արդեն չորորդ տարին է, ինչ հնարավորություն ունեն անվճար մասնակցելու «Նոր պատկերազարդումներ» (New Illuminations) արվեստի ծրագրին (artist in residency), որն անցկացվում է Գյումրիում։

Մի քանի շաբաթ տեւողությամբ ծրագրի շրջանակներում կանայք ծանոթանում են գրքերի արվեստի առանձնահատկություններին, սովորում են գրքի ստեղծման ավանդական եղանակները եւ ստեղծում են իրենց գրքերը։

Ծրագրի հեղինակ Սյուզի Բենքս Բաումը ամերիկացի արվեստագետ, համայնքային կյանքի կազմակերպիչ, գրող ու ուսուցանող է։ Նա առաջին անգամ Գյումրի էր եկել 2016 թվականի մարտ ամսին, մասնակցելու National Geographic-ի լուսանկարիչ Ջոն Սթենմայերի լուսանկարչական արվեստանոցին։

«Գյումրիում ես կին արվեստագետների հետ հարցազրույցներ էի անում ու հասկացա, որ ոչ ոք գրքեր չէր պատրաստում»,-ասում է Սյուզին մեր հետ զրույցում։ Մատենադարան այցից եւ հին հայկական ձեռագործ գրքերին ու դրանց ստեղծման պատմությանը ծանոթանալուց հետո Սյուզին ավելի է ոգեշնչվում եւ իր մոտ առաջանում է այս ծրագրի գաղափարը։

 «Մտածեցի, որ կարող եմ իմ հմտություններն ու փորձը օգտագործել եւ օգնել կանանց՝ կառուցելու համայնք եւ գտնելու իրենց ստեղծարար ձայնը»

Մի քանի ամիս անց Սյուզին վերադառնում է Գյումրի եւ Անի Գինոսյանի հետ միասին, ով ծրագրի հայաստանայան պատասխանատուն է, կազմակերպում է առաջին դասընթացը։

2016-ից սկսած Սյուզին ամեն տարի «Fractured atlas» ֆոնդահայթայթման հարթակի միջոցով նվիրատվություններ է ստանում եւ ամեն աշուն վերադառնում է Գյումրի, որտեղ էլ անցկացնում է դասընթացները։

«Այս պրոեկտը իմ կյանքի մի մասնիկն է... իմ մի մասը, որովհետև այն ծնվել է իմ ու իմ սիրելի Սյուզիի երազանքներից ու նպատակներից։ Ու նպատակը միայն ձեռագործ գիրք պատրաստելը չէ, այլև կանանց ձայնը լսելի դարձնելը, նրանց խնդիրների մասին լսելն ու նրանց երազանքներին նոր գույներ փոխանցելը»,- ասում է Անին, նշելով, որ ծրագիրը հաջողված է համարում «ոչ թե վաճառված գրքերի քանակով, այլ այն փոփոխություններով, որոնք տեսնում եմ աղջիկների մեջ»։

Նոյեմբերի 1-ին այցելեցինք Գյումրի, որտեղ «Հերբս ընդ հանի» թեյարան խանութում տեղի ունեցավ «Նոր պատկերազարդումներ» ծրագրի արվեստագետների նորագույն գործերի ցուցադրություն-վաճառքը։

Առաքելյան Սվետան 3-րդ կուրսի ուսանող է, սովորում է դիզայն Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում։ Սվետան արդեն երկրորդ անգամ է մասնակցում ծրագրին, ասում է, որ Մատենադարանից ժամանած մասնագետի օգնությամբ սովորել են հայկական հին ձեռագրերի կարելու տեխնիկան եւ գրքի պատրաստման ավանդական եղանակը։

 « Այս ծրագիրը շատ-շատ կարեւոր է կին արվեստագետների համար, քանի որ ազատ ստեղծագործելու և համախմբվելու հնարավորություն է տալիս»,-ասում է Սվետան

Սալբի Չոպիկյանը ծրագրի ընթացքում երկու գիրք է պատրաստել, ամեն մեկն ունի իր պատմությունը եւ ամեն մեկի միջոցով նա փորձել է փոխանցել իր զգացմունքներն ու ներքին աշխարհը։ Գրքերից մեկի կազմում Սալբին կոլաժի տեսքով ստացել է կնոջ կերպարը, ներդնելով Վահագն Դավթյանի բանաստեղծությունից մի քանի տող, իսկ գրքում նկարել է այլ կերպարների։

 «Շատ էի ուրախացել, որ ընտրվեցի այս նախագծին մասնակցելու։ Ուզում էի նոր բաներ սովորել, հետո էլ փոքրիկի եմ սպասում ու ձգտում եմ արվեստի հետ առնչվել, քանի որ ուզում եմ նա էլ արվեստի մեջ լինի»,-ասում է Սալբին։

Անի Խաչատրյանը գեղանկարիչ է, զբաղվում է թատրոնի բեմանկարչությամբ, նկարչություն է դասավանդում երեխաներին, ձեռագործ գրքեր է պատրաստում, հեքիաթներ ու կարճ պատմություններ է գրում։ «Նոր պատկերազարդումներ»-ին մասնակցում է արդեն չորրորդ անգամ եւ այնքան է զարգացրել իր հմտությունները, որ հիմա մասնակցում է որպես դասավանդող, օգնում է Սյուզիին։

Անին մեզ պատմեց, որ այս տարի «The Awesome Foundation» ծրագրին հայտ է ներկայացրել, որը հավանության է արժանացել։ Նա ստացել է որոշ գումար եւ ամռանը Արցախի Մարտունու շրջանի Նոր շեն գյուղում իրականացրել է «Քո ստեղծած գրքով դեպի մեծ հեքիաթ» ծրագիրը։

«Երկու շաբաթ անընդմեջ աշխատել եմ երեխաների հետ եւ ստեղծել ենք երկու գիրք՝ մեկը` մեծ, մյուսը` փոքր։ Ամեն երեխա հորինեց իր հեքիաթը եւ հեքիաթները ամփոփվեցին այդ ձեռագործ գրքի մեջ։ Եղավ ցուցահանդես, լավ արձագանք ստացանք, նոր առաջարկներ, հավանաբար կշարունակեմ այս ծրագիրը եկող ամառ նույնպես»,-պատմում է Անին։

 «Գիրքը կարող ես դարձնել քո անձնական տարածքը, որտեղ կարող ես արտահայտել քո հույզերը եւ զգացմունքները»,-ասում է Անին։

Անին կարողացել է վաճառել 8 գիրք։ Անցած տարի տպագրվել է Անիի «Գրքե ոտքերով մարդուկը» գիրքը, նրա մասին «Հետքի» ռեպորտաժը կարող եք դիտել այստեղ։

Սյուզիի հետ զրուցեցինք նաեւ մարտահրավերների մասին։
Չնայած այն փաստին, որ այս ծրագիրն իրականացնելու համար մեծ գումարներ պետք չեն, ֆոնդահայթայթումը բավականին երկար ժամանակ է պահանջում։ Սյուզին նաեւ նշեց, որ հայ կանայք միշտ ստիպված են ընտրություն կատարել-«կանանց հանդեպ կա շատ մեծ սոցիալական եւ ընտանեկան ճնշում՝ վարվելակերպ ունենալու եւ որոշ ուղի ընտրելու մասով, իսկ արվեստագետ դառնալու ուղին կանխատեսելի չէ եւ շատ հաճախ այս անկանխատեսելիությունը դիտվում է որպես կանանց համար անապահով վայր ու անցանկալի ուղի»։

Ցուցահանդեսի ընթացքում վաճառվեցին մի քանի գրքեր։ Հաջորդ օրը Սյուզին ուղևորվեց Երեւան, որտեղ նույնպես ներկայացվեցին կանանց պատրաստված գրքերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter