HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Ղազարյան. «Անձնական տվյալների անօրինական օգտագործման համար արդյունավետ պաշտպանության համակարգերը շատ թույլ են»

«Պետական մարմինների կողմից քաղաքացիների անձնական տվյալների իրավունքը պաշտպանված է, քանի դեռ չկա քաղաքական ենթատեքստ կամ հանրային շահ, իսկ ԶԼՄ-ների կողմից այդ իրավունքը ավելի քան պաշտպանված չէ»: Նման կարծիք է հայտնում ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ, իրավաբան Արա Ղազարյանը: Նրա հետ զրուցել ենք անձնական տվյալների պաշտպանության, այդ իրավունքի վերաբերյալ հանրային իրազեկվածության շուրջ:

-Պրն Ղազարյա՛ն, որքանո՞վ է այսօր Հայաստանում պաշտպանված հասարակ քաղաքացու անձնական տվյալների գաղտնիության իրավունքը պետության, պետական մարմինների կողմից:

-Քանի դեռ չկա քաղաքական համատեքստ, անձնական տվյալների գաղտնիության իրավունքը պետական մարմինների կողմից բավականին պաշտպանված է: Եթե փաստաբանը կամ որեւէ կողմ երրորդ կողմի վերաբերյալ տվյալներ է ուզում, մեծամասամբ մերժում են՝ ասելով, որ հայցվող տեղեկության մեջ անձնական տվյալ կա: Որոշ դեպքերում դա ձեւական է, բայց հիմնականում կարող ենք ասել, որ անձնական տվյալների պաշտպանության իրավունքը գերակայում է հանրության տեղեկացվածության իրավունքին, եթե, իհարկե, հանրային շահ չկա: Նախկին իշխանությունների կողմից արձանագրվել են դեպքեր, երբ հենց իրենք էին անձնական տվյալների արտահոսք տալիս որեւէ լրատվամիջոցով, որպեսզի վնասեին կոնկրետ անձի՝ իրավապաշտպանի կամ քաղաքականապես ակտիվ քաղաքացու: Իսկ այսօրվա դրությամբ պետական մարմինների կողմից այդ իրավունքը քիչ թե շատ պաշտպանված է: Թեպետ, պետք է հիշատակել նաեւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 50-րդ հոդվածը, որն անվերապահորեն պարտականություն է սահմանում բջջային օպերատորների համար՝ ազգային անվտանգության մարմինների առաջ բացելու մուտքը դեպի ինտերնետ դաշտ:

-Դրա անհրաժեշտությունը հիմնավորելու պատասխանատվություն Ազգային անվտանգության ծառայության վրա դրված չէ՞:

-Եթե անվերապահորեն այս պահանջը գործում է, նշանակում է՝ դրված չէ, օրենքում էլ չկա: Սա գրեթե կարգավորված չէ, մշակված չեն սկզբունքներ, չափորոշիչներ, թե որ դեպքերում, ինչ հիմքերով օպերատորը կարող է մերժել ԱԱԾ-ին: Սրա մասին օրենքը լռում է: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի չափանիշներն էլ այստեղ չեն գործում: Այ, սա արդեն խիստ վտանգում է անձնական տվյալների պաշտպանության մեր իրավունքը, քանի որ ցանկացած պահի ազգային անվտանգության մարմինները, անկախ նրանից` կա քրեական գործ, քրեական հետապնդում, թե ոչ, անվերապահորեն կարող են մուտք գործել համացանց եւ ուսումնասիրել ցանկացած քաղաքացու կայքը կամ ինֆորմացիոն հոսքը:

-Իսկ որքանո՞վ է պաշտպանված քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության իրավունքը ԶԼՄ-ներից:

-Նախ, ԶԼՄ-ներն իրենք էլ պաշտպանված չեն վերոնշյալ նույն հիմքով. բոլոր լրատվամիջոցներն էլ օգտագործում են ինտերնետ կայք, ունեն առցանց հարթակ, ինչը բաց է ԱԱԾ-ի համար: Դե, իսկ ԶԼՄ-ների կողմից քաղաքացիներն առավել քան պաշտպանված չեն: ԶԼՄ-ները իրավիճակի սխալ պատկերացում ունեն. լրագրողները կարծում են, թե որեւէ նյութ, անձնական տվյալ, այնքանով, որքանով դրված է հանրային հարթակում, կարող են անվերապահորեն վերցնել եւ մշակել, մինչդեռ առջեւում էթիկայի նորմերն են, այդ քաղաքացու անձնական կյանքն է: Այստեղ պետք է հետամուտ լինել «Զանգվածային լրատվության մասին» օրենքին եւ էթիկայի նորմերին: Օրինակ՝ ինքնասպանության մասին լուրը հանրային հետաքրքրություն է ներկայացնում այնքանով, որքանով վերաբերում է ինքնասպանություն երեւույթին, բայց հետաքրքրություն չեն ներկայացնում ինքնասպանություն գործողի անձնական տվյալները, իսկ լրագրողները դրանք վերցնում եւ հրապարակում են: Ես ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնի անդամ եմ, մենք պարբերաբար քննում ենք ֆիզիկական անձ-լրատվամիջոց վեճեր: Լրագրողներն այնքան էլ հետամուտ չեն լինում էթիկայի կանոններին, միայն պրոֆեսիոնալները, ովքեր շատ թե քիչ ճանաչված են եւ հասկացել են լրագրության իրական նպատակը: Կարող եմ ասել նաեւ, որ վերջին մեկ տարվա ընթացքում քննչական մարմինների գործելաոճում փոփոխություն կա:

-Օրինակ՝ նախկինում ոստիկանության տեսագրություններում ակնհայտ երեւում էր բերման ենթարկվողի, ձերբակալվողի դեմքը, որոշ դեպքերում՝ նաեւ դիտավորյալ ցուցադրում էին... 

-Այո, հիմա սկսել են շղարշով փակել, դա դարձել է նորմ, բայց ընդամենը կես տարի է, ինչ այդպես է: Մինչ այդ, մանավանդ «02» հաղորդաշարով առաջին իսկ պահից անուն-ազգանուն, հասցե, ամեն ինչ հայտնում էին, նույնիսկ ցուցադրում էին, թե ինչպես են քննչական գործողություն իրականացնում, ինչպես է անձը մեղքը խոստովանում: Դա աներեւակայելի էր: Ես չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ, որ հիմա այդպես չէ: Թեեւ էլի շարունակում են խախտել անմեղության կանխավարկածը. տեքստը շարադրում են այնպես, ասես այդ մարդը այդ արարքը կատարել է, իսկ վերջում հիշեցնում են անմեղության կանխավարկածի մասին: Դա մի քիչ ձեւական է, համենայն դեպս, պրոգրեսը կա:

-ՄԻԵԴ-ի նախադեպային վճռով էլ ձերբակալվողի պարագայում լուսանկարի հրապարակումը ճանաչվել է անձնական տվյալների գաղտնիության իրավունքի խախտում:

-Վոն Հանովերը ընդդեմ Գերմանիայի գործով ՄԻԵԴ-ը մշակել է հինգ չափորոշիչ՝ պատկերի տեսքով անձնական տվյալի օգտագործման վերաբերյալ: Առաջինն այն է, թե ինչ նպատակ է հետապնդում լրագրողը. հանրային հետաքրքրություն կա՞, թե՞ ընթերցողների նեղ շրջանակի հետաքրքրասիրությունն է: Երկրորդը՝ այն, թե ում վերաբերյալ է այդ ինֆորմացիան. հանրային հետաքրքրությու՞ն ներկայացնող դեմք է, թե՞ սովորական քաղաքացի: Երրորդը՝ այդ քաղաքացու՝ նախկինում ցուցաբերած վարքագիծը. նա սկանդալայի՞ն անձնավորություն է, անընդհատ փորձե՞լ է իր անձնական կյանքը դարձնել հանրության առարկա թե՞ ոչ: Չորրորդը վերաբերում է նրան, թե ինչ եղանակով է ստացվել այդ ինֆորմացիան. քողարկվա՞ծ տեխնիկայով, թե՞ լիբերալ: Հինգերորդն էլ վերաբերում է մարդու անձնական կյանքի վրա թողած հետքին, ազդեցությանը. թվային տեխնոլոգիաներն այնպես են այդ ինֆորմացիան պահում, որ դա հանելը գրեթե անհնար է: Այսինքն՝ ՄԻԵԴ-ն այս հինգ չափորոշիչների միջով է անցկացնում անձի պատկերը օգտագործելու լրագրողական իրավունքը, որովհետեւ անձն էլ ունի իր պատկերը պաշտպանելու իրավունք, դա հիմնարար իրավունք է: Այստեղ բախվում են հանրային շահը, եթե այդպիսին կա, եւ անձնական կյանքի հարգման իրավունքը:

-Նույն կերպ բախում կա անձնական տվյալների հրապարակման եւ տեղեկատվության ազատության միջեւ: Դրանք հավասարակշռելու բանաձեւ կա՞:

-Նախաքննական տվյալի դեպքում բանաձեւը տվել է Սահմանադրական դատարանը: Իր ՍԴՈ-1008 որոշմամբ ՍԴ-ն ասում է, որ չի կարելի անվերապահորեն արգելք դնել նախաքննական որեւէ տվյալի հրապարակման վրա: Մեզանում պրակտիկան անընդհատ այդ ուղղությամբ է գնում, առանց առարկայական անհրաժեշտության նախաքննական մարմինը մերժում է լրագրողի հարցումը՝ նշելով, որ հայցվող տեղեկությունը նախաքննական գաղտնիք է: ՍԴ-ն ասում է՝ սկզբունքային մոտեցումը պետք է լինի այն, որ վարույթն իրականացնող մարմնի՝ նախնական քննության տվյալների հրապարակման թույլտվություն տալու հայեցողությունը չլինի բացարձակ: 

-Պրն Ղազարյա՛ն, հանրային դեմքերի պարագայում անձնական տվյալների պաշտպանության այլ՝ հասարակ քաղաքացիներից տարբեր ռեժիմ պե՞տք է գործի:

-Բնականաբար, այո: Հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ինչպես են նրանք ապրում, իհարկե, այնքանով, որքանով դա վերաբերում է հանրային գործառույթին: Օրինակ՝ եթե թանկանոց մեքենա են վարում, բնակարան են վերանորոգել՝ ծախսելով մեծ գումարներ… Այս պարագայում նրանք չեն կարող հայցել անձնական կյանքի պաշտպանություն: Ժողովրդավարական կառավարման համակարգն ասում է, որ հասարակությունն  իրավունք ունի վերահսկելու պետական մարմնին տրված մանդատի ներքո գործող պաշտոնյային: Որպեսզի վերահսկվի, պետք է ինֆորմացիա: Այդ ամենի նկատմամբ պետք է հանդուրժող մոտեցում ցուցաբերել: Ներկայիս իշխանությունները, օրինակ, շատ ցավոտ են տանում քննադատությունն իրենց հասցեին: Դա տեսանք արտասահմանյան ուղեւորությունների, պարգեւավճարների, աշխատավարձերի բարձրացման թեմաների օրինակով: Բայց դա բխում է ժողովրդավարական կառավարման համընդհանուր գաղափարից:

-Իսկ ո՞ր պարագայում ԶԼՄ-ների կողմից անձնական տվյալի ոչ օրինական ճանապարհով ձեռքբերումը կարող է արդարացված լինել:

-ՄԻԵԴ-ի վճռի համաձայն՝ եթե հետաքննող լրագրողն օգտագործում է թաքնված տեսախցիկ, ստանում է արժեքավոր տեղեկություն եւ դա օգտագործում է հանրային նպատակով, այդ դեպքում արդարացված է: Այստեղ արդեն գործ ունենք հանրային եւ մասնավոր շահերի փոխհավասարակշռության հետ: Սակայն սա, որպես կանոն, բացառություն է: Մեր երկրում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը չի նախատեսում արտոնություն հետաքննող լրագրողների համար: Բայց եթե նման բան տեղի ունենա, որպես ծայրահեղ միջոց, որպես բացառություն, նույնիսկ օրենքի խախտումով ձեռք բերված տեղեկության օգտագործումը կարող է արդարացի համարվել, եթե կա հանրային շահ:

-Որքանո՞վ է այսօր քաղաքացին իրազեկ իր անձնական տվյալների գաղտնիության իրավունքի վերաբերյալ: Պետությունը ձեռնարկո՞ւմ է բավարար քայլեր այդ ուղղությամբ:

-Քաղաքացիները, մեծամասամբ, վատ են իրազեկված, դատարաններում հիմնականում վիրավորանքի, զրպարտության վերաբերյալ գործեր են… Այդ հարցը, հավանաբար, հենց Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը պետք է տալ: Համենայն դեպս, ես կարծում եմ՝ բավարար քայլեր չեն ձեռնարկում պետական մարմինները, օրինակ՝ սոցիալական գովազդներ ես չեմ տեսնում, իսկ մեր հասարակությունն էլ, գիտենք, շատ հետաքրքրասեր է:

-Իսկ անձնական տվյալների գաղտնիության խախտված իրավունքի վերականգնման հարցում արդյո՞ք մարդիկ հետեւողական են:

-Ընդհանրապես, քաղաքացիներն այդ հարցով շատ չեն դիմում դատարան: Դրա համար կան պատճառներ. առաջինն այն է, որ քրեական պատասխանատվության առումով իրավական մշակույթ ձեւավորված չէ, քննիչները, դատախազները վատ են պատկերացնում դա, եւ Քրեական օրենսգիրքն էլ ճկուն չէ այդ հարցով, բավականին հնացած կոնցեպտներ են այնտեղ, այսինքն՝ արդյունավետ պաշտպանություն չէ անձնական տվյալների պաշտպանության համար գնալ քրեական պատասխանատվության ճանապարհով: Նույնը՝ քաղաքացիական պատասխանատվության դեպքում. այստեղ վարույթները երկար են տեւում, մինչեւ 2-3 տարի կարող են ձգվել, թեեւ կարելի է հենց դատաքննության սկզբում դիմել հայցի անհապաղ միջոց կիրառելու համար (օրինակ՝ տվյալ կոնտենտը համացանցում սառեցվի կամ հանվի, մինչեւ դատարանը որոշում կայացնի), բայց սա էլ ակտիվ չէ, որովհետեւ  քաղաքացիները նախ շատ ռեսուրս կծախսեն, եւ հետո, այդ ցանկալի արդյունքը գալու է շատ ուշ, եւ եթե գա էլ, բարոյական վնասի փոխհատուցման չնչին գումարների մասին կարող է խոսք լինել: Մեր երկրում անձնական տվյալների անօրինական օգտագործման համար արդյունավետ պաշտպանության համակարգերը շատ թույլ են: Այսօրվա դրությամբ գուցե առավել արդյունավետ է վարչական պատասխանատվությունը, որը համեմատաբար բավականին արագ է գործում, թեեւ էլի որոշակի սահմանափակումներ ունի:

-Պրն Ղազարյա՛ն, երբ խոսում ենք անձնական տվյալների պաշտպանության կամ դրանց գաղտնիության իրավունքի խախտումների մասին, չենք կարող չհիշատակել դատական-տեղեկատվական համակարգը՝ datalex.am-ը կամ ընտրողների ռեգիստրը՝ elections.am-ը, որտեղ զետեղված տվյալները խիստ անձնական են, բայց եւ՝ խիստ հասանելի: Իրավաբանական կամ իրավապաշտպան համայնքը այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չի՞ տեսնում:

-Այո, դրանք ավելի բաց են, քան անհրաժեշտ է: Հասկանում ենք՝ հանրային վերահսկողությունը պետք է աշխատի, դատական նիստերն առանց այդ էլ բաց են, մարդիկ կարող են գնալ, մասնակցել, բայց մի բան է գնալ, մասնակցել, մեկ այլ բան՝ ցանկացած պահի մտնել Դատալեքս, ուր բացվում է անսահմանափակ հնարավորություն՝ ուրիշի անձնական կյանք մուտք գործելու: Մի պահ Գործակալությունը սկսեց քայլեր ձեռնարկել. դատական ակտերի սկզբում անձնական տվյալները գաղտնիացված էին, բայց ամբողջ տեքստը գաղտնիացված չէր: Դա շատ մեծ ռեսուրսներ է պահանջում, հասկանում ենք, բայց չի կարելի բոլոր գործերը անվերապահորեն բացել հասարակության առջեւ: Ընտրողների ռեգիստրն էլ կարելի է բացել, ասենք, ընտրարշավը սկսելուց առաջ: Այսինքն՝ որոշ սահմանափակումներ է պետք դնել: Իրավապաշտպանները եւ իրավաբանները միշտ էլ խոսում են այդ մասին, բայց հարցը լրջորեն քննարկման առարկա չի դառնում, ավելի շատ տուրք են տալիս հանրային շահին, տեղեկատվության ազատությանը: 

Հարցազրույցը՝ Միլենա Խաչիկյանի

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter