HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճիճվով ճաշերից մինչև մարդավայել կերակուր. 24 տարվա դինամիկան

Մհեր Ենոքյան 

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Մի քանի օր առաջ՝ առավոտյան, իմ խցի վալչոկը (կերակրադռնակը) բացվեց, և ինձ նախաճաշ առաջարկեցին: Զարմանալի էր, քանի որ հաց բաժանող դատապարտյալը լավ գիտեր, որ չեմ վերցնում բանտի ուտելիքը: Բայց նա խնդրեց, որ աման տամ.

-Էսօրվանից ամեն ինչ փոխվել ա

Տեղեկացա, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի նախաձեռնությամբ և ՔԿ ծառայության պետ Արթուր Գոյունյանի աշխատանքների արդյունքում մեկնարկել է պիլոտային ծրագիր, որով «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում սննդամթերքի մատակարարման և ճաշատեսակների պատրաստման հարցով զբաղվելու է մասնավոր կազմակերպություն, և ճաշ պատրաստելու են ոչ թե դատապարտյալները, ինչպես մինչ այս է եղել, այլ քաղաքացիական անձինք:

Մի խոսքով, թե՛ ազատազրկվածները, թե՛ հարկի հսկիչները զարմացած էին, երբ նախաճաշին առաջարկում էին թխվածք՝ բավական լավ պատրաստած, խտացրած կաթ, ձվածեղ: Ցերեկվա ժամին էլ առաջարկեցին ճաշ՝ առաջին-երկրորդով՝ համեղ ապուր, տապակած հավ, բանջարեղենով աղցան, բազուկով աղցան և նարնջի ու չիչխանի հյութ: Հա՛, նախաճաշ տվողը միանգամյա օգտագործման ձեռնոցներով էր: Այսպիսի տեսարան միայն ամերիկյան ֆիլմերում էինք տեսել: Եվ այսպես, ամեն օր, այսինքն` ոչ թե առաջարկում են ընտրություն կատարել, այլ տեսականին իրար հետ են տալիս ու ամեն օր տարբեր ու համեղ, որակյալ ճաշատեսակներ, որոնցից օգտվում եմ:

Հիմա հակիրճ ներկայացնեմ ինչպիսին էր սննդի հարցը բանտում 24 տարիների դինամիկայով: Մինչև 2001թ. մահապատժի դատապարտվածներիս առհասարակ չէին թույլատրում տնից որևէ սննդամթերք ստանալ, բայց մերոնք գտնում էին հնարը, որ գոյություն պահպանեմ: Իսկ պետությունը տալիս էր իբր հաց, որից նեխած-թթված հոտ էր գալիս և խմորը, բառի բուն իմաստով, սոսնձի նման կպնում էր մատներիս, ճաշը՝ բորշչ կոչված ահավոր թթու դեղնավուն ջուրն էր` մեջը 1-2 թթու կաղամբի կտորներ ու մի քանի ճիճու: Անգամ բանտում կատակողներ կային ճիճուների թեմայով. «միս ա էլի, գոնե ոտի վրա կանգնելու էներգիա կլինի»: Նախաճաշը և ընթրիքը մշտապես ցորեն էր, ինչից շատերը պարզապես ուռում-փքվում էին: Նման սննդին գումարած բանտի աշխատակիցների կողմից մշտական ծեծն ու ջարդը, բանտի հակահիգիենիկ պայմանները, մաքուր օդի և արևի իսպառ բացակայությունը` տարվա կտրվածքով բերում էր մեր բաժնի 2-5 դատապարտյալի մահվան: Մահապատիժները իրականում ի կատար էին ածվում ամենաանմարդկային եղանակով` ամեն օր և տարիներ շարունակ: Եվ զարմանալի չէ, որ այս պայմաններում Հայաստանը հետագայում մի քանի տարի անընդմեջ Եվրոպայի խորհրդի երկրների ցանկում բանտային բնակչության մահացության թվով առաջին տեղն է զբաղեցրել և, կարծես, մինչև վերջերս շարունակել է զբաղեցնել:

Այս սպանդը մի փոքր նվազեց, երբ թույլատրեցին, որ մեր հարազատները ամսական 10 հազար դրամ փոխանցեն իրենց դատապարտյալի անձնական հաշվեհամարին: Բացվեց այսպես կոչված՝ ларёк(այստեղ այդպես էին կոչում այդ գործընթացը): Մի աշխատակցի ցուցակ էինք տալիս` նշելով՝ ինչ ենք ցանկանում: Ընտրությունը մեծ չէր`առաջարկում էին միայն պանիր, երշիկ, սալ, շաքարավազ, պրյանիկ, ապխտած ձուկ: Իրականում զգում էի, որ խաբում են քաշի ու գումարի մեջ, և փաստացի ստացվում էր, որ լավագույն դեպքում կարող ես ընդամենը 7 հազարի առևտուր անել: Երբ ասում էի, որ իրականում այլ գներ են, հարցնում էին` բա որտեղի՞ց գիտես… ո՛չ հեռուստացույց կար, ո՛չ նամակագրություն, ո՛չ մի կապ արտաքին աշխարհի հետ, միակ կապը պահպանվում էր «ոտավորների»՝ լուր «քսիֆ»բերողների միջոցով: Մի խոսքով, լարյոկչին ստիպված եղավ խոստովանել՝ բա մեջը մի բան չունենա՞մ…

Հետո թույլատրեցին ամսվա մեջ ընդամենը մեկ անգամ հանձնուք ստանալ, այն էլ՝ 15 կիլոգրամից ոչ ավելի: Սառնարաններ ունենալ չէր թույլատրվում, ամռանը ուտելիք պահելը խնդիր էր դառնում: Չէին թույլատրում նաև հում սնունդ, կիսաֆաբրիկատներ, որ ինքնուրույն ինչ-որ բան պատրաստենք: Հետո թույլատրեցին մինչև 30 կիլոգրամ հանձնուք ստանալ: Շատ ավելի ուշ հանձնուքների քանակի սահմանափակումը վերացրին, բայց քաշային սահմանափակումը մնաց երկար տարիներ: Ինչ վերաբերում է պետության կողմից տրամադրվող սննդամթերքին, ապա այն քիչ էր տարբերվում թթված բորշչից ու ցորենից, իսկ միրգ, բանջարեղեն, պանիր, միս, կաթնամթերք, ձուկ և այլն առհասարակ չէին տրամադրում, այս ցանկը մնում էր միայն Կառավարության սիրուն գրված որոշումների մեջ, սակայն պետական բյուջեից գումարները դուրս էին գրվում:

Եվ այսպես, ավելի քան երկու տասնամյակ սննդամթերքով ինձ ապահովել է ընտանիքս, քանի որ պետությունը չի տրամադրել նույնիսկ նվազագույն անհրաժեշտ սնունդը, որը պարտավոր էր անել: 24-րդ տարին գտնվելով բանտում՝ մշտապես բարձրաձայնել եմ այս լրջագույն խնդրի մասին` ազատազրկվածների սննդամթերքի համար պետական բյուջեից ստացվող գումարները, մեղմ ասած, լիարժեք չեն ծառայում նպատակին: Մշտապես գրավոր պահանջել եմ, որ տրամադրվի սննդամթերք` Կառավարության կողմից սահմանված ցանկի համաձայն, բայց մինչ օրս այս լուրջ հարցին չկար լուրջ մոտեցում, իսկ հիմա…

Օբյեկտիվ լինելու համար ասեմ, որ 2018թ. աշնանից սկսած որոշ չափով լավացավ տրամադրվող սնունդը, ինչի մասին ես գրել էի իմ հոդվածներից մեկում: Այնուամենայնիվ, այս խնդիրը այդքանով չէր կարող լուծված համարվել, քանի որ այս կամ այն սննդամթերքի տրամադրումը չէր կրում մշտական բնույթ… իսկ Արդարադատության նախարարության այս պիլոտային ծրագիրը, կարծում եմ, կարդարացնի իրեն: Անշուշտ, այս մոտեցումը պետք է կիրառվի բոլոր քրեակատարողական հիմնարկներում: Այնուամենայնիվ, սննդամթերքի վերաբերյալ հարցը դեռ վերջնական լուծված չի կարելի համարել, քանի որ հեռուստատեսությունից տեղեկացա, որ սա ընդամենը պիլոտային ծրագիր է 70 օրով: Բայց այս կարևոր առաջընթացը փաստորեն հնարավոր էր կամքի պարագայում: Հիմա պատկերացրեք, թե ռեժիմների օրոք պետական բյուջեից քանի-քանի միլիոն դոլարներ են անհետացել 90-ականներից սկսած, դատապարտյալների ու կալանավորների սննդամթերքը ու՞ր էր գնում, ովքե՞ր հարստացան բանտերում սովածների, մեր հարազատների հաշվին, քաղաքացիների գրպանից ձևավորվող պետական բյուջեի հաշվին…

Շարժվում ենք առաջ

Մեկնաբանություններ (3)

Զավեն Հունանյան
Շատ կուզենաի Ձեր և Սողոմոնի բանտից փախչելու մասին հոդված տեղադրեիք
Լեյլի
Մեր շատ սիրելի Մհեր ջան ինչ տանջանքի ու տառապանքի միջով ,որ անցել էս այդ դաժան 24 տարիներին թող մնա լոք հիշողություն ու մնացած տարիներդ ապրես ազատության մեջ և ես ինքս էլ պարտավորվում եմ համեղ ուտելիքներ պատրաստեմ քո համար: Աստված քեզ պահապան: Շուտափույտ ազատություն: Դու ունես քեզ սիրող մի հսկայական բանակ: Բարին ու լավը թող քեզ առաջնորդի:
Նարինե
Անկեղծորեն, շատ ուրախ եմ այս առաջընթացի համար։ Վատ չէր լինի նաեւ տարբեր տարիքային խմբերի համար տարատեսակ դասընթացներ բացվեին, որպեսզի դատապարտյալն իր պատիժը կրելուց հետո համեմատաբար հեշտ ինտեգրվեր կյանքում, կարողանար շարժվել հասարակության հետ համընթաց։ Շնորհակալությու՛ն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter