HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարդասիրությունը Հովհաննես Թումանյանի մտքի թռիչքից այն կողմ չի անցել…»

Ընդունված է, որ փետրվարի 19-ին` Հ. Թումանյանի ծննդյան օրը, մարդիկ միմյանց գիրք են նվիրում: Հենց այս երկու տոնն էլ միավորվել էին արդեն փետրվարի 21-ին Արշալույս գյուղի դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ: Տասնմեկերորդ դասարանցիների թեթև ձեռքով նախ մի շարք գրքեր գտան իրենց տերերին, հետո երեկոն շարունակվեց Թումանյանի կյանքի ու գործի հետ կապված պատմություններով, ասմունքով, երգերով ու բեմադրությամբ:

«Երբ օրերս քննարկվում էր ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանի հարցը, տասնմեկերորդ դասարանցիները նամակ գրեցին կառավարությանը` խնդրելով միջոցներ ձեռնարկել»,- ասում է միջոցառման կազմակերպիչ Քրիստինե Եփրեմյանը: Այս դեպքը նույնպես առիթ է հանդիսացել ևս մեկ անգամ անդրադառնալու գրողի կյանքին ու գործին:

Աշակերտները նախ ներկայացրին բանաստեղծի կյանքը` «ուղի, որ հանճար է կերտել», ապա ներկայացվեցին ստեղծագործություններն ու ինքնակենսագրական որոշ հատվածներ, որոնք կապվում էին  միմյանց ու լրացնում: «Պատկերվում» էին գրողի հարազատ գյուղի թե խաղաղ ու ներդաշնակ կյանքը, մանկական անհոգ խաղերը, թե խիստ բարքերը, որոնք ծնունդ են տվել «Մարոյին» ու «Անուշին»: 

Միջոցառման ժամանակ պարբերաբար հնչեցին երգեր, որոնք գրվել են Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա: Ինչպես  երգերը, այնպես էլ  ընթացքում հնչող  երաժշտությունն ապահովողները նույն դասարանի աշակերտներն էին: Ապա բեմում հայտնվեց Քաջ Նազարը, ով ևս մեկ անգամ շեշտեց իր այն կարծիքը, թե` «ի՛նչ քաջություն, ի՛նչ խելք, ի՜նչ հանճար. դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա…»: «Եվ ասում են՝ մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա»։ Ամենավերջում բեմում էին Անուշն ու Սարոն, նրանց սիրո պատկերման մի հատված: Հագուստներն ու կերպարները նույնպես հատուկ էին ընտրված, երկար հյուսքերով  աղջիկներ, համապատասխան հագուստով տղաներ ու աղջիկներ: Ամեն ինչ հիշեցնում էր բանաստեղծի ստեղծագործությունները:

Միջոցառման վերջում իր խոսքն ասաց դպրոցի տնօրեն պարոն Եղիազարյանը. «Երեխաները կարողացան մեր հոգու շերտերից ներս անցկացնել Հովհաննես Թումանյանի էությունը, նկարագիրը,- ապա շարունակեց,- Թումանյան հասկանալու համար բավական է բերել այս օրինակը`  

Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
-Աստված պահի քո որդին,
Ոն՞ց էր համը իմ ձագի…

Թվում է, թե շատ պրիմիտիվ է ու պարզ, սակայն սա համաշխարհային գրականության գլուխգործոց է` մարդասիրությունը Հովհաննես Թումանյանի մտքի թռիչքից այն կողմ չի անցել…»:  

Մարգարիտա Ղազարյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս                                                                                               

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter