HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շինշիլաբուծությունը լայն տարածում է գտնում Հայաստանում. վերամշակված մորթիները կարտահանվեն միջազգային շուկա

Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանում կայացել է Հայաստանում շինշիլաբուծության զարգացմանը նվիրված երկօրյա սեմինար-դասընթաց, որը կազմակերպվել է Էկոնոմիկայի նախարարության, «Հայաստանի շինշիլաբույծների ընկերակցություն» հիմնադրամի և «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության համատեղ նախաձեռնությամբ: Դասընթացը վարել է ՌԴ Շինշիլաների փորձագետների ընկերակցության փորձագետ Վիտալի Մազուրովը։

Միջոցառմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, շինշիլաբուծությամբ զբաղվող սկսնակ և արդեն իսկ կայացած ֆերմերներ, այլ հյուրեր:

Սեմինարի ընթացքում համառոտ ներկայացվել են շինշիլաների բուծման և խնամքի առանձնահատկությունները, հիմնական հիվանդությունների կանխարգելման և բուժման եղանակները, շինշիլաբուծության հիմնախնդիրները, Հայաստանում ոլորտի զարգացման միտումներն ու հեռանկարները:

Դասընթացի կազմակերպիչները նշել են, որ շինշիլաբուծությունը Հայաստանում արդեն իսկ իր ուրույն տեղն է գրավել գյուղատնտեսության ոլորտում: Ոլորտի կայուն զարգացման պարագայում այն կարող է դառնալ Հայաստանի տնտեսության հեռանկարային ճյուղերից մեկը:

Ռուսաստանից ժամանած փորձագետ Վիտալի Մազուրովն ընդգծել է, որ շինշիլաբուծության վերաբերյալ համացանցում առկա են շատ հակասական տեղեկություններ, և նման դասընթացների կազմակերպման հիմնական նպատակն է այդ ոլորտի վերաբերյալ շահագրգիռ անձանց տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն:

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության գլխավոր մասնագետ Անուշ Վերանյանը համառոտ անդրադարձել է պետության կողմից ոլորտում իրականացվող քաղաքականությանը և տեղեկացրել, որ շինշիլաբուծության ոլորտում ներգրավված տնտեսվարողներն արդյունավետ գործունեություն ծավալելու և իրենց տնտեսություններն ընդլայնելու համար կարող են օգտվել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և Հայաստանում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական օժանդակության ծրագրերից:

Միջոցառման կազմակերպիչները նաև նշել են, որ Հայաստանի շինշիլաբույծների ընկերակցությունը և «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերությունը համատեղ ուժերով քայլեր են ձեռնարկում մորթու վերամշակման ոլորտը զարգացնելու ուղղությամբ, և այդ իսկ նպատակով Արագածոտնի մարզում հաջողությամբ ներդրվել է շինշիլայի և այլ կենդանիների մորթիների վերամշակման տարածաշրջանում եզակի արտադրական հոսքագիծ:

«Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության ներկայացուցչները գոհունակությամբ նշել են, որ կազմակերպության արտադրած մորթիները սերտիֆիկացված են, համապատասխանում են Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անվտանգության ու որակի չափանիշներին և մինչև տարեվերջ նախատեսվում է մորթիների առաջին խմբաքանակն արտահանել միջազգային շուկա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter