HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». «Քսան օր առաջ որդիս առողջ ու առույգ էր»

Ասում է մահացած զինվոր Նարեկ Մարտիրոսյանի մայրը

Մինչ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակում պատահարների նվազեցման ու կարգապահության բարձրացման կիսամյակ է հայտարարում, շարքային զինծառայողների մահվան դեպքերն ավելանում են: «Հայացք»-ն արդեն տեղեկացրել էր, որ փետրվարի 20-ին պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալում 19-ամյա ժամկետային զինծառայողի մահվան դեպք է գրանցվել: ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի պատասխանատու Մերի Սարգսյանը պաշտոնապես հաստատել է, որ մահացողը շարքային զինծառայող Նարեկ Արթուրի Մարտիրոսյանն է: Նրան հոսպիտալի վերակենդանացման բաժանամունք են տեղափոխել փետրվարի 16-ին «երկկողմանի օջախային թոքաբորբ, ձախակողմյան էքսուտատիվ պլևրիտ, անբավարար շնչառություն» ախտորոշմամբ:

Նարեկ Մարտիրոսյանի հարազատներն ասում են, որ իրենց երեխային Երևան են տեղափոխել այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն բարդացած է եղել: Այնինչ, Նարեկի ծնողներն ու հարազատները վստահ են, որ եթե նրան ժամանակին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվեր, հիվանդությունը երիտասարդի կյանքը չէր խլի:

Նարեկի մայրը` Նազիկ Հարությունյանը, երեկ «Հայացք»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր տղայի հիվանդության մասին չի իմացել: Շատ պատահաբար լսել է, որ որդին ծանր վիճակով տեղափոխվել է Երևանի զինվորական հոսպիտալ: Այնտեղ էլ որդուն հայտնաբերել է ծայրահեղ ծանր վիճակում: «Երևանում հենց առաջին օրվանից ինձ զգուշացրին, որ ծայրահեղ ծանր վիճակ է, ապարատով պիտի շնչի երեխաս»,- լացակումած ձայնով պատմեց նա:

Ծնողներին հաջողվել է պարզել, որ Նարեկը փետրվարի 10-ին կամ 11-ին տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Իսկ թե երբ է հիվանդությունը գլուխ բարձրացրել` հարազատները դեռ հստակ չգիտեն: Մայրը ենթադրում է. «Փետրվարի 10-ից մեկ-երկու օր առաջ հավանաբար սանչաստում է եղել»: Մայրը Նարեկին վերջին անգամ հունվարի 26-ին է տեսել, ասում է` առողջ էր ու առույգ: Իսկ մեկ ամիս չանցած արդեն որդուն անգիտակից վիճակում Երևանի զինվորական հոսպիտալում է հայտնաբերում:

Նարեկի հարազատները դեռ տեղյակ չեն, թե Ստեփանակերտի հոսպիտալում բժիշկներն ինչպես են վերաբերվել զինծառայողին: «Չգիտեմ` դեղորայք ներարկե՞լ են, բուժում նշանակե՞լ են, թե՞ ոչ: Բայց գիտեմ, որ նրան ուշացած են բերել Երևան»,- ընդգծեց Նազիկ Հարությունյանը` հավելելով, որ Երևանի հոսպիտալի մասնագետներն ամեն ինչ արել են, բայց չեն կարողացել փրկել երիտասարդի կյանքը:

Նարեկը ծառայում էր ԼՂՀ Ցոր զորամասում, իսկ նրա ընտանիքն ապրում է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում: Նարեկ Մարտիրոսյանը բանակ էր զորակոչվել 2011-ի գարնան զորակոչին Վայքի զինկոմիսարիատից:

Պաշտպանության նախարարության 4-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Պետք չէ լինել բժիշկ հասկանալու համար, որ նման հիվանդություններից զոհվելու հիմնական պատճառը թերսնումն է և մեր բանակում անսահման տգետ հրամանատարների առկայությունը, բանակում համատարած իշխող կաշառակերությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter