HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». «Չեմ զարմանա, եթե մարդկանց ծեծելով քշեն»

Ասում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը

- Պարոն Դանիելյան, ավելի քան 10 օր է` Մաշտոցի այգում պայքար է ընթանում, խախտվում են մարդու իրավունքները, հանրային այգին բոլորի աչքի առաջ բուտիկների է վերածվում: Ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետի այս որոշումը:

- Եթե իշխանությունները սպանում են մարդկանց ու դրա համար չի մեղադրվում ոչ ոք, ինչպե՞ս կարելի է խոսել այգու մասին: Դա նորմալ է այս իշխանությունների համար: Ես չեմ զարմանում: Ես չեմ զարմանա, որ այստեղի ժողովրդին իրոք ոստիկանները քշեն, ծեծելով հանեն դուրս և այստեղ սարքեն այն, ինչ ուզում են: Նրանք 10 հոգի մարդ են սպանել, ամեն ինչ այդտեղից է սկսվում: Սա շատ հեշտ ու թեթև բան է ինձ համար: Ես չգիտեմ, թե այս պայքարի վերջն ինչ է լինելու, բայց ուրախ եմ, որ ունենք երիտասարդություն, որ պայքարում է և պատրաստ է պայքարել:

- Փաստորեն այս երկրում օլիգարխն այդքան հզո՞ր է, որ կարող է ցանկացած ժամանակ գրավել հանրային տարածքները, այգին շինհրապարակի վերածել:

- Այստեղ օլիգարխների հարցը չէ, այստեղ իշխանությունների ու կրիմինալի սերտաճման հարցն է: Կրիմինալն իշխանության համար տարին մեկ անում է լավություն, իշխանությունն էլ պարտավոր է այդ լավության տակից դուրս գալ, հո տակը չի՞ մնալու: Տակից դուրս գալն էլ սա է. ասում է` վերցրեք` ինչ ուզում եք, ախպեր, դուք պրոբլեմ չունեք:

- Այսինքն` Դուք սա շնորհակալության դրսևորումներից մե՞կն եք համարում:

- Այո, այո, շնորհակալության դրսևորումներից մեկն է: Նույնն էլ բանակում է տեղի ունենում, երբ որ մարդիկ զոհվում են, ու ոչ ոք չի դատապարտվում: Նույն պատմությունն է: Պետությունը մեր մոտ կրիմինալա-զինվորա-ոստիկանական է:

- Ի՞նչ եք կարծում, ավելի շատ սոցիալական խնդիրնե՞րը, թե՞ մարդու իրավունքների համատարած խախտման դեպքերն են մարդկանց այսօր ստիպում արտագաղթել երկրից: Ինչպե՞ս կանգնեցնենք արտագաղթը:

- Ոչ ոք չի կարող մարդուն ասել` մնա այստեղ ու տառապի: Ինչի՞ համար տառապի, ո՞ւմ համար:

- Վաղվա լավ օրվա, ի՞նչ է, հույս չկա՞, որ վաղը լավ կլինի:

- Եթե այս իշխանությունների մասին ենք խոսում, ոչ, հույս չկա: Այս իշխանությունը ոչինչ չի ուզում անել: Իշխանությունը այնքան է կործանված ու սերտաճած կրիմինալի հետ, որ ոչ մի բան չի կարող անել: Ընդհանրապես երկրում ինչ-որ բան փոխելու համար իշխանության կամքն է պետք: Իսկ եթե իշխանությունը կամք չունի, ինչ ուզում եք արեք, ոչ մի բան չի փոխվի:

- Եվ այդ դեպքում ի՞նչ անել, թողնենք, որ մարդիկ գնա՞ն:

- Մենք պայքարում ենք և փորձում ենք օգնել մարդկանց: Բայց միշտ չէ, որ մենք կարողանում ենք բոլորին օգնել: Պայքարը միայն մեզնով չէ, մարդն էլ պետք է ուզի, որ մենք իրեն պաշտպանենք: Իսկ մարդն ասում է` ես չեմ ուզում մտնել դրա մեջ: Մարդն ասում է` դու ծեծ ուտում ես, քո վրա կրակում են, դե հերիք է, ես ինչի՞ պիտի տառապեմ, կգնամ: Ու գնում է: Մարդիկ իրավունք ունեն ապրել այնտեղ, որտեղ ուզում են: Եթե այս երկիրն իրենց դուրը չի գալիս, պիտի գնան ուրիշ երկիր, դա նորմալ է:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանություններ (1)

Ararat
Օպերայի այգուց թանկ բան չունենք,նրանից խոսեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter