HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». դարձ ի շրջանս յուր

Ռուսաստանում նախագահական ընտրությունների ընտրարշավը մտնում է եզրափակիչ փուլ: Նախագահի թեկնածուների և նրանց նախընտրական շտաբների բոլոր գործողությունները բնականաբար ուղղված են ընտրազանգվածի համակրանքը շահելուն, սակայն բոլորը չէ, որ հաջողությամբ են իրագործում հայտարարված նպատակները: Առայժմ ամենահաջող ընտրարշավն իրագործում է Վ. Պուտինը: Ոչ միայն այն պատճառով, որ նախկին նախագահի և գործող վարչապետի օգտին աշխատում է գործնականում ողջ պետական մեդիառեսուրսը և բազմաթիվ այլ ԶԼՄ-ներ, որոնք միջնորդավորված ձևով վերահսկվում են իշխանության կողմից: Պուտինն ընտրարշավի մասնակիցներից միակն է, որ ունի գործնական արդյունք ներկայացնելու հնարավորություն: Իսկ ընդհանուր իրավիճակը Ռուսաստանում 1990-ականների համատարած քաոսի, քաղաքական և կրիմինալ «բեսպրեդելի» հետ իսկապես անհամեմատելի է: Բոլոր համակարգային թերությունները, որոնք անշուշտ կան, ժառանգված են նախորդ ժամանակահատվածից: Նույն կոռուպցիան Ռուսաստանում «հավերժական» պրոբլեմների շարքին է դասվում, և Պուտինը նախընտրական արշավը կառուցելիս աշխատում և կարողանում է համոզել ընտրողներին, որ երկրի էվոլյուցիոն, առանց հեղափոխական ցնցումների զարգացումը կարող է բերել դրական արդյունքների բոլոր ոլորտներում:

Ժողովրդավարական ազատությունների վերականգնում պահանջող, հիմնականում լիբերալ ընդդիմության նախաձեռնած բողոքի գործողությունների ալիքը կարծես հաջողվել է կոտրել: Իշխանությունը ցույց տվեց, որ ինքը ոչ պակաս չափով տիրապետում է հակառակ ճամբարի վրա ճնշում գործադրելու արևմտյան տեխնոլոգիաներին և ընդդիմության կազմակերպած առաջին խոշոր հանրահավաքներին հակակշիռ սկսեց իրագործել իր միջոցառումները: Փետրվարի 4-ին Պոկլոննայա բլուրում հավաքված «հականարնջագույն» հանրահավաքը` Վ. Պուտինին ապագա նախագահ տեսնելու կոչով, թվաքանակով գերազանցում էր նույն օրը Բոլոտնայա հրապարակում (որտեղ, ի դեպ, գլխատել են Պուգաչովին) հավաքված 100 հազարանոց զանգվածին: Արմատական ընդդիմության պնդումները, թե հանրահավաքը բացառապես վարչական ռեսուրսի կիրառմամբ «զոռով բերված» մարդկանցից էր կազմված, ակնհայտ չափազանցություն էին: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ գործող վարչապետի վարկանիշը համեմատաբար ցածր է միայն Մոսկվայում (35-37%): Մյուս խոշոր քաղաքներում այն բարձր է 40%-ից, իսկ փոքր քաղաքներում` 50%-ից: Ընդհանուր տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ եթե Պետդումայի ընտրություններից անմիջապես հետո, այդ ընտրություններում թույլ տրված խախտումների և «ոչ համակարգային» արմատական ընդդիմության գործողությունների հետևանքով Պուտինի վարկանիշը անկում ապրեց (տարբեր տվյալներով` 42-ից մինչև 37%), ապա այսօր իրավիճակը կտրուկ փոխվել է: Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ԹՃԼԿԾ) հարցումների համաձայն` գործող վարչապետի օգտին այսօր պատրաստ է քվեարկել ընտրությունների պոտենցիալ մասնակիցների 53-59%-ը: Փետրվարի 16-ին «Հասարակական կարծիք» ֆոնդի հարցումները, այդ ֆոնդի ղեկավար Մ.Օսլոնի պնդմամբ, ցույց են տալիս, որ գործող վարչապետի վարկանիշը 58,7-60% է, ինչը հնարավորություն է տալիս միանշանակ հաղթանակ տանել հենց առաջին փուլում:

Ըստ ամենայնի, ընդդիմադիր ճամբարում էլ հասկացել են, որ իրավիճակը ամենևին էլ կրիտիկական չէ իշխանության համար: Ըստ այդմ, այժմ այդ ճամբարից այլ կոչեր են հնչում, որ, այո, Պուտինը միանշանակ առավելություն ունի, սակայն 1-ին փուլով նրա հաղթանակը հնարավոր չէ: Եվ եթե իշխանությունը ցանկանում է իսկապես արդար ընտրություններ, ապա Պուտինը միանշանակ կարող է հաղթել, բայց միայն 2-րդ փուլում: Արևմտյան հիմնադրամներից ֆինանսավորվող հասարակական կարծիքի ուսումնասիրման կառույցների, հատկապես «Լևադա» կենտրոնի հարցումներով, Պուտինի վարկանիշը անգամ ընտրարշավի ավարտին չի գերազանցում 50%-ի շեմը: Այսինքն փորձ է արվում հիմնավորել 2-րդ փուլի անցկացման անհրաժեշտությունը:

Այս պայմաններում իշխանության համար միակ էական խնդիրը թերևս ընտրությունների լիարժեք թափանցիկության ապահովումն է: Եթե իշխանությունը կարողանա այսպիսով ամրագրել Պուտինի հաղթանակը, բոլոր տեսակի բողոքները որևէ հիմք չեն ունենա: Մանավանդ որ Պուտինի մրցակիցներից ոչ մեկը չկարողացավ ինչ-որ առանձնահատուկ նորություն, նոր ինտրիգ մտցնել ընտրարշավում: Ինչպես Գ. Զյուգանովի, այնպես էլ Վ. Ժիրինովսկու և Ս. Միրոնովի նախընտրական ծրագրերը որևէ նորույթ չեն պարունակում և գործնականում կրկնում են Պետդումայի ընտրություններում նրանց կուսակցությունների ներկայացած նախընտրական կարգախոսները: Ընդ որում` այս թեկնածուների վարկանիշները, բոլոր հարցումների համաձայն, ոչ միշտ են համարժեք դեկտեմբերի 4-ի ընտրություններում իրենց կուսակցությունների վաստակած տոկոսներին: Կոմունիստները Պետդումայի ընտրություններում վաստակեցին մոտ 20%, սակայն բոլոր հարցումների համաձայն` Գ. Զյուգանովի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 13-16%-ը, ինչը նշանակում է, որ Կոմկուսի` որպես կուսակցության վարկանիշն ավելի բարձր է, քան առաջնորդինը:

Այդ տարբերությունն ավելի ահռելի է Ս. Միրոնովի պարագայում: Դեկտեմբերի 4-ին նրա կուսակցությունը` «Սպրավեդլիվայա Ռոսիան», ստացավ 13% և այսօր թվակազմով 3-րդ խմբակցությունն ունի Պետդումայում: Մինչդեռ բոլոր, այդ թվում` ընդդիմության կազմակերպած հարցումներով, Ս. Միրոնովը վարկանիշով վերջապահի դիրքում է, և նրա օգտին պատրաստ է քվեարկել պոտենցիալ ընտրողների 4-6%-ը: Միայն լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վ. Ժիրինովսկին է իր վարկանիշով համապատասխանում կուսակցության վարկանիշին: Կուսակցությունը Պետդումայի ընտրություններում ստացել է 12% քվե, Ժիրինովսկու օգտին էլ, ըստ հարցումների մեծ մասի, պատրաստ է քվեարկել ընտրողների 10-13%-ը:

Ավելի հաջող են ընթանում ինքնառաջադրված միակ թեկնածուի` օլիգարխ Մ.  Պրոխորովի գործերը: «Պրավոյե դելո» կուսակցության հետ կապված ողջ պատմության ընթացքում Պրոխորովն արդեն իսկ հասցրել է ահռելի ֆինանսական ներդրումների շնորհիվ բավական գրագետ PR կազմակերպել և ճանաչելի դառնալ հանրությանը: Սակայն նախագահական ընտրարշավում նրա հնչեցրած կարգախոսներն ու խոստումներն ակնհայտորեն միտված են հիմնականում միջին խավի և երիտասարդության առավել կրթված հատվածին, ինչը մեկ անգամ ևս հաստատում է նրա` Կրեմլի հետ որոշակի խաղի մեջ լինելու հավանականությունը: Այսինքն` օլիգարխը բավական հաջողությամբ խաղում է լիբերալ տրամադրություններ ունեցող զանգվածին գրավելու իր դերը, բայց ոչ ավելին: Թեպետ առաջին անգամ ընտրություններին մասնակցող թեկնածուի համար նրա հնարավոր ձեռքբերումը փոքր չէ, տարբեր հարցումներով նա նույնիսկ շրջանցում է Ս. Միրոնովին և կարող է ստանալ ընտրողների 6-8%-ի աջակցությունը և ընտրարշավի արդյունքներով լինել 4-րդը: Սակայն միաժամանակ ակնհայտ է, որ «գլամուրային» կյանքից կտրված, տարբեր պատճառներով այդ կյանքը նույնիսկ ատող ռուսական աղքատ «պրովինցիան» չի քվեարկի 18 մլրդ դոլար կարողություն ունեցող մարդու օգտին: Մանավանդ որ ինքն էլ խոստովանում է, որ, մյուս օլիգարխների նման, այդ հարստության տեր է դարձել, մեղմ ասած, ոչ այնքան ազնիվ ճանապարհով: Ըստ այդմ` այս ընտրությունները կարող են միայն լավ «ցատկահարթակ» դառնալ Պրոխորովի հետագա քաղաքական գործունեության համար: Այդ թվում որպես ՌԴ վարչապետի պոտենցիալ թեկնածուի, եթե Պուտինը ինչ-ինչ շարժառիթներից ելնելով դիմի այդ քայլին: Տարբեր փորձագետներ նման սցենարը չեն բացառում, այն համատեքստում, որ Մեդվեդևը նախագահական ժամկետն ավարտելուց հետո կարող է դառնալ ոչ թե վարչապետ, այլ Պետդումայի նախագահ: Դա կախված կլինի նրանից, թե ինչպես կանցնեն բուն ընտրությունները, և որքան թափանցիկ կլինի արդյունքների ամփոփումը: Եթե իշխանությունն այս հարցում կարողանա առաջընթաց ապահովել և այդ մասով չեզոքացնել ընդդիմության դժգոհությունները, Պուտինի միանգամայն լիգիտիմ հաղթանակը հնարավոր է հենց առաջին փուլում: Ռուսաստանում ընտրությունների ճակատագիրը որոշում է ոչ թե մայրաքաղաքը, այլ գավառը, որը հիմնականում նրա օգտին է քվեարկելու:

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter