HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երզնկա - Եկեղեցիներ եւ վանքեր

Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան

Երզնկայի եկեղեցական թեմը եւ թեմական առաջնորդները

Երզնկան պատմական Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Եկեղեաց գաւառի կենտրոնն  էր: Այն միջնադարեան հայկական գրաւոր աղբիւրներում յիշատակւում է Երեզ, Երիզա կամ Երեզաւան անուններով, և Հայաստանի հնագոյն, սկզբում՝ հեթանոսական, այնուհետև՝ քրիստոնէական կրօնական կենտրոններից մէկն էր [1]:

Այստեղ էր գտնուել հայկական հեթանոսական պանթէոնի առաւել պաշտելի աստուածուհիներից մէկի՝ Անահիտի [2] գլխաւոր մեհեանը՝ դիցուհու ոսկեձոյլ արձանով (այդ պատճառով Անահիտ դիցուհուն յաճախ մեծարում էին Ոսկեմայր, Ոսկեծին, Ոսկեհատ անուններով) [3]: Աւանն ու Անահիտի տաճարը բազմամարդ էին լինում յատկապէս Նաւասարդի տօնին (օգոստոսի առաջին կէս), երբ հայոց նոր տարուայ տօնակատարութիւններին մասնակցելու համար այստեղ էին հաւաքւում հազարաւոր ուխտաւորներ [4]:

Նշանաւոր էր նաև Երիզային հարևան՝ Թիլ աւանը, որտեղ գտնուել էր Արամազդի դստեր՝ իմաստութեան և ռազմի աստուածուհի Նանէի մեհեանը [5]:

Ըստ աւանդութեան՝ Հայոց Տրդատ Մեծ արքայի կողմից Անահիտի տաճարում զոհ մատուցելու ժամանակ է տեղի ունեցել Գրիգոր Լուսաւորչի՝ որպէս քրիստոնեայի խոստովանութիւնը, նրա և արքայի միջև առճակատումը (Գրիգոր Լուսաւորչի չարչարանքների վայրում հետագայում կառուցուել է Չարչարանաց Ս. Լուսաւորիչ վանքը) [6]:

Հայաստանի՝ քրիստոնէութիւն ընդունելուց յետոյ Երիզան և Եկեղեաց գաւառը՝ որպէս աւատական կալուածք, փոխանցւում են Լուսաւորչի տանը: Թիլը դառնում է Հայոց կաթողիկոսների նստավայրերից մէկը, այնտեղ կառուցւում է կաթողիկէ եկեղեցի և հիմնադրւում է Գրիգոր Լուսաւորչի տան կաթողիկոսների դամբարանը: Մասնաւորապէս, Թիլում են թաղւում հայոց կաթողիկոսներ Արիստակէս Ա-ն (325-333 թթ.) և Ներսէս Մեծը (353-373 թթ.), որոնց անուններով հետագայում անուանակոչւում է Երզնկայի Ջուխտակ-Հայրապետ վանքը (Թիլի կաթողիկէ եկեղեցին կործանւում է VII դարի արաբական արշաւանքների աւերածութիւնների ժամանակ, և Ներսէսի գերեզմանի տեղը մոռացւում է մինչև 1275 թուական, երբ այն տեսիլքի միջոցով նորից յայտնաբերւում է, և Ներսէս Մեծի ոսկորները մեծ հանդիսաւորութեամբ տեղափոխւում են Երզնկա քաղաքի մայր եկեղեցի, մի մասն էլ՝ Երզնկայի Քի (Մեծ եղեռնի նախօրեակին՝ թուրքաբնակ) գիւղի մօտ գտնուող Տիրաշէնի Սուրբ Ներսէս վանք) [7]:

Եկեղեաց գաւառում եպիսկոպոսական աթոռ է հիմնում Գրիգոր Լուսաւորիչը՝ առաջնորդ կարգելով քրմական ծագմամբ ոմն Մովսէս եպիսկոպոսին [8]: Հայերէն գրերի գիւտից յետոյ՝ Մեսրոպ Մաշտոցը 420-430-ական թթ. դպրոցներ է բացում նաև Եկեղեաց գաւառում, որն այն ժամանակ Բիւզանդական կայսրութեան տիրապետութեան տակ էր անցել՝ դպրոցների վերակացու նշանակելով Դանան Եկեղեցացի եպիսկոպոսին [9]:

Երզնկայի հայոց եկեղեցական կեանքը ծաղկում է ապրում XIII-XV դարերի ընթացքում, ինչը մեծապէս պայմանաւորուած էր մոնղոլական նուաճումներից յետոյ Երզնկա քաղաքի՝ տարանցիկ առևտրի կենտրոն դառնալու հանգամանքով: Այդ վերելքն իր արտայայտութիւնն է գտնում յատկապէս դարի նշանաւոր եկեղեցական գործիչ, «երզնկացիներուն պարծանք» [10] Յովհաննէս Երզնկացի Պլուզի գործունէութեան մէջ (կեանքի տարիները՝ 1220-ական թթ.- 1293 թ.): Լինելով Հայկական վերածննդի ներկայացուցիչ-հանրագիտակ՝ նա իր հետքն է թողել հայկական իմաստասիրական մտքում, աստուածաբանութեան, տիեզերագիտութեան, բնագիտութեան, մեկնողական գրականութեան, քերականութեան, արուեստագիտութեան, գեղագիտութեան, մանկավարժութեան, երաժշտութեան և գեղարուեստական գրականութեան բնագաւառներում [11]: XIII-XV դարերի Երզնկայի այլ երևելի կրօնական-մտաւորական գործիչներից էին մատենագիր, մեկնիչ, մանկավարժ Մովսէս Խրատագիր Երզնկացին (1250-ական թթ. – 1323 թ.) [12], Սարգիս եպիսկոպոսը (յիշատակւում է 1307 թ. Կիլիկիայի Սիս քաղաքում տեղի ունեցած եկեղեցական ժողովի մասնակիցների թւում) [13], Գէորգ Երզնկացին (1350-ական թթ. -1416թ.) [14] և այլօք:

Երզնկայի Սուրբ Յակոբ վանքի հոգևոր առաջնորդութիւնը վարելու ժամանակ (1680-ական թթ.) իր եռանդուն գործունէութեամբ աչքի է ընկնում Աւետիք Եվդոկացին (1702-1706 թթ.՝ Կ. Պոլսի Հայոց պատրիարք). մասնաւորապէս, նրա ջանքերով հիմնանորոգւում է ոչ միայն Սուրբ Յակոբը, այլ նաև Տիրանաշէնի Սուրբ Նշան վանքը, Երզնկայի Սուրբ Մարիամ Աստուածածին եկեղեցին, ինչպէս նաև Երզնկայի թեմի այլ վանքեր և եկեղեցիներ [15]:

1700-ական թթ. սկզբների եկեղեցական գործիչ էր Մարտիրոս Քիւլհանճի Երզնկացին, ով անգամ 1706 թ. կարճ ժամանակով զբաղեցրել է Կ. Պոլսոյ Հայոց պատրիարքի աթոռը [16]:

Համաձայն մօտ 1670 թ. կազմուած Հայոց եկեղեցու արքեպիսկոպոսական և եպիսկոպոսական թեմերի ցանկի՝ Երզնկան կամ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ վանքի արքեպիսկոպոսական վիճակը յիշատակւում է որպէս Էջմիածնի կաթողիկոսների ենթակայութեան տակ գտնուող թեմ [17]: 1600-ական թուականներին Երզնկայի թեմի համար եպիսկոպոսներ է ձեռնադրել նաև Սսի կաթողիկոսութիւնը [18]:

XVII-XVIII դարերի ընթացքում Երզնկայի վիճակը Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ գտնուող պատմական Հայաստանի այլ եկեղեցական թեմերի հետ միասին աստիճանաբար անցնում է Կ. Պոլսոյ պատրիարքարանի իրաւասութեան տակ: 1780 թուականին վերաբերող մի յիշատակարանում թուարկւում են Կ. Պոլսի պատրիարքութեան ենթակայութեան տակ գտնուող 20 թեմեր, որոնցից մէկը «Էրզինկեանն» էր [19]:

XIX դարի ընթացքում Երզնկայի թեմի սահմանները, հետևելով օսմանեան վարչական բաժանման, ենթարկուել են յաճախակի փոփոխութիւնների՝ թեմին մերթ միացուել են հարևան վիճակներ, մերթ՝ նորից անջատուել նրանից: Այսպէս, 1858 թուականին և դարձեալ 1870-ին որոշակի ժամանակով Երզնկայի թեմին՝ որպէս փոխառաջնորդութիւն, միացուել է Բաբերդի թեմը (Երզնկա-Բաբերդ միացեալ թեմ), 1861 թ. և կրկին 1880-ին՝ Դերջանի յարակից վիճակը (Երզնկա-Դերջան միացեալ թեմ), 1863-1868 թթ.՝ Քղիի  թեմը (Երզնկա-Քղի միացեալ թեմ) [20]:

1880-ական թթ. սկզբներին Երզնկայի եպիսկոպոսական վիճակն ընդգրկում էր Երզնկայի գաւառի Երզնկայի, Ռաֆահիէի և Ղուզիջանի գաւառակները [21]:

1884 թ. Երզնկայի թեմին փոխառաջնորդութեան կարգավիճակով կցւում է Կամախի (պատմական Դարանաղի գաւառ) վանական վիճակը (պարունակում էր Կամախի և Ղուրուչայի գաւառակները), իսկ 1906 թ. այն մէկ առաջնորդութեամբ վերջնականապէս միաւորւում է Երզնկայի թեմի հետ [22]:

Երզնկայի թեմը XIX դարի 70-ական թթ. առ 1915 թ. ունեցել է հետևեալ առաջնորդները.

  1. 1. Գրիգորիս վարդապետ Ալէաթճեան (պաշտօնավարման տարիները՝ 1870-1874 թթ.՝ որպէս Բաբերդի և Երզնկայի միացեալ թեմի, 1874-1877 թթ.՝ որպէս առանձնացուած Երզնկայի թեմի առաջնորդ [23]),
  2. 2. Հմայեակ վարդապետ (1880 թ-ից՝ եպիսկոպոս) Դիմաքսեան (պաշտօնավարել է 1878-1886 թթ.),
  3. 3. Բարթողիմէոս վարդապետ Պաղճեան (պաշտօնավարել է 1887-1889 թթ.),
  4. 4. Վարդան քահանայ Զաքարեան, առաջնորդական փոխանորդ (պաշտօնավարման տարիները՝ 1890-1895 թթ.),
  5. 5. Յուսիկ վարդապետ Էսմէրեան, առաջնորդական փոխանորդ (1895 թ.-՞) [24],
  6. 6. Դանիէլ վարդապետ [25] Յակոբեան (պաշտօնավարման տարիները՝ 1897-1904 թթ.),
  7. 7. Արտաւազդ վարդապետ Գալէնտէրեան (պաշտօնավարման տարիները՝ 1905-1906 թթ.), 
  8. 8. Էմմանուէլ վարդապետ Պալեան (պաշտօնավարման տարիները՝ 1906-1908 թթ.),
  9. 9. Երուանդ ծայրագոյն վարդապետ Փերտահճեան (1909-1914 թթ.),
  10. 10. Սահակ ծայրագոյն վարդապետ Օտապաշեան (1914 թ.):

Երզնկայի առաջնորդներից առաւել մեծ հետք է թողել թեմի համայնքային կեանքում Հմայեակ Դիմաքսեանը: Ժամանակակիցների կողմից նա բնութագրւում էր որպէս լուրջ, պատրաստուած ու իր պաշտօնին գիտակից հոգևորական, որը պետական լեզուի և օրէնքների լաւ իմացութեան շնորհիւ հեղինակութիւն էր վայելում նաև տեղական օսմանեան իշխանութիւնների շրջանում՝ դրանով նպաստելով համայնքային շատ հարցերի լուծմանը [26]: Հաղորդւում է, որ Դիմաքսեանն անգամ միջնորդի դեր էր կատարում կառավարութեան ու գաւառի քուրդ ցեղապետերի միջև՝ ծագած վէճերը կարգաւորելու համար [27]:

Դիմաքսեանի յատուկ գուրգուրանքի և հոգածութեան առարկայ էին դպրոցն ու եկեղեցին՝ որպէս երզնկացիների լուսաւորութեան, զարգացման ու առաջադիմութեանը ծառայող միջոցներ: Նրա օրօք բարեկարգւում են համայնքային կրթական հաստատութիւնները, Սուրբ Ներսէս հայրապետի վանքի մէջ հիմնադրւում է գիշերօթիկ դպրոց, կառուցւում է Առաջնորդարանի նոր շէնքը և բարեկարգւում է քաղաքի գերեզմանատունը: Իր քաջալերութեամբ երզնկացի մի խումբ երիտասարդներ հիմնում են քաղաքի առաջին թատրոնը [28]:

Երզնկացիների միահամուռ ցանկութեամբ և պատրիարքարանի հաճութեամբ 1880 թ. Դիմաքսեանը մեկնում է Էջմիածին և Գէորգ Դ կաթողիկոսի կողմից յունիսի 26-ին օծւում է եպիսկոպոս [29]: Սրանով Երզնկան դառնում է եպիսկոպոսական աթոռ՝ ինչն էլ աւելի է բարձրացնում Առաջնորդարանի հեղինակութիւնն ու ազդեցութիւնը: Եպիսկոպոսական աստիճանի հասած հոգևորականի՝ որպէս թեմի առաջնորդ ունենալը կարևոր էր յատկապէս նրանով, որ միայն եպիսկոպոսն ունէր քահանաներ ձեռնադրելու իրաւունք, և Դիմաքսեան եպիսկոպոսի օրօք Երզնկայում քահանաներ կարգուածները այլևս ստիպուած չէին լինում ձեռնադրութեան համար երկար ճանապարհ կտրել՝ հասնելով մօտակայ եպիսկոպոսանիստ քաղաքներ [30]:

Դիմաքսեանի պաշտօնավարումն ընդհատուեց անսպասելի՝ 1886 թուականին, նրա և Երզնկայի որոշ երևելի հայերի միջև ծագած տարաձայնութիւնների պատճառով. «Երզնկացին դեռ շատ պէտք ունէր անոր, սակայն մէկ քանի ազգային ջոջեր, եսասիրութենէ տարուած ու կիրքէ կուրցած, սկսան տակաւ առ տակաւ խոչընդոտներ ու դժուարութիւններ յարուցանել անոր դեմ: Առաջնորդը իր խոհական ու շրջահայեաց խառնուածքով կարող էր այդ շարժման առաջքը առնել, բայց իր վարկը վրայ չտալու համար՝ ինքնակամ հրաժարեցաւ իր հովուական պաշտօնէն և պատուաւոր ու փառաւոր կերպով մեկնեցաւ Երզնկայէն», հաղորդւում է մի վկայութեան մէջ [31]:

Այստեղ տեղին է նշել, որ Երզնկայի թեմի առաջնորդները որպէս կանոն երկար չէին պաշտօնավարում՝ կամ իրենք էին որևէ հարցում թերանում, կամ էլ երզնկացի երևելիները առաջնորդի հետ հակառակուելու որևէ պատճառ էին գտնում և ստիպում նրան հրաժարական տալ: Նոր առաջնորդի կողմից պաշտօնը ստանձնելու ժամանակ նրան անգամ կէսկատակ զգուշացնում էին, ասելով՝ «Գիտցէք, որ մենք Լուսաւորիչը չարչարողներն ենք» [32]:

Երզկահայերի համայնքային կեանքում հետք թողած յաջորդ առաջնորդը Դանիէլ վարդապետ Յակոբեանն էր, որը բնութագրւում էր որպէս «բաւական աշխոյժ, լուրջ ու ծանրաբարոյ, խոհական, լաւ քարոզիչ ու մաքրակրօն հոգեւորական» [33]: Այս առաջնորդի կարևոր ձեռնարկներից մէկն է դառնում Երզնկա քաղաքի թաղային վարժարանների ժամանակաւոր միաւորումը:

Յիշարժան էր նաև «յանդուգն ու յեղափոխականի խառնուածքով հոգեւորական» Էմմանուէլ վարդապետ Պալեանի ոչ երկարատև պաշտօնավարումը: Նրա օրօք՝ 1906 թ. ամռանը, կազմակերպւում է երզնկացիների՝ դէպի Մեծ Լուսաւորիչ վանք ուխտագնացութիւնը, որն իր մասնակիցների թւով և գաւառակի բնակավայրերի ընդգրկուածութեամբ աննախադէպ և նշանակալի երևոյթ է դառնում թեմի կեանքում: Էմմանուէլ վարդապետի այլ յիշարժան ձեռնարկներից էր Երզնկայի հայոց հանրային բաղնիքի շինութիւնը: Նրա ջանքերի շնորհիւ նաև չեղարկւում է Երզնկա քաղաքի հայկական թաղի կենտրոն՝ Եկեղեցւոյ հրապարակում թուրքական զօրանոցի շինարարութեան նախագիծը [34]:

Երզնկայի թեմի յաջորդ և պաշտօնավարած վերջին առաջնորդը՝ Երուանդ վարդապետ Փերտահճեանը, բնութագրւում է որպէս զարգացած և ուսեալ հոգևորական, որի քարոզները իմաստալից էին և ժողովրդի կողմից մեծ հաճոյքով էին ունկնդրւում: Սակայն, դրա հետ մեկտեղ, նշւում է, որ նոր պայմանների համեմատ (1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ լայն ասպարէզ էր բացուել աշխատանք ծաւալելու համար) նա համայնքային գործերում աշխուժութիւն և եռանդ չի դրսևորել և որևէ յիշարժան ձեռնարկով աչքի չի ընկել [35]:

Նախքան Հայոց ցեղասպանութիւնը Երզնկայի թեմի վերջին նշանակուած առաջնորդն էր Սահակ վարդապետ Օտապաշեանը, որը սակայն չի հասցնում ստանձնել պաշտօնը՝ 1914 թ. դեկտեմբերի 31-ին (նոր տոմարով՝ 1915 թ. յունուարի 12) սպանուելով Սեբաստիայից դէպի Երզնկա ճանապարհին՝ Սեբաստիայի նահանգապետ Մուամմէրի հրահանգով ձևաւորուած հրոսակախմբի կողմից [36]:

Նախքան Սահակ վարդապետի սպանութիւնը և դրանից յետոյ՝ ընդհուպ մինչև Հայոց ցեղասպանութեան ընթացքում Երզնկայի հայ բնակչութեան տեղահանութիւնն ու կոտորածը, Երզնկայի առաջնորդական գործերը համատեղութեան կարգով վարում է Քեմախի թեմի առաջնորդ Մելքիսեթէկ վարդապետ Հովիւեանը, որը կիսելով իր հոգևոր հովւութեան վստահուած ժողովրդի ճակատագիրը՝ զոհւում է 1915 թուականին [37]:

Երզնկայի հայ բողոքական (աւետարանական) համայնքը

Երզնկայի բողոքական հայերի թիւն ըստ տարբեր տուեալների մօտ 20 տուն (1880-ական թթ.) [38], 40-45 տուն (1910-ական թթ., Գ. Սիւրմէնեան) [39], մօտ 150 շունչ (1914 թ. օսմանեան պաշտօնական տուեալներ) [40]  կամ նոյնիսկ անգամ 500 շունչ էր (1911 թ., Օրմանեան) [41], որոնք գրեթէ բացառապէս կենտրոնացած էին Երզնկա քաղաքում: Բողոքականների մեծ մասը բնիկ երզնկացիներ չէին, այլ Երզնկայի գաւառի և Էրզրումի նահանգի այլ շրջաններից, ինչպես նաև հարևան Սեբաստիայի և Խարբերդի նահանգներից տեղափոխուած և Երզնկայում հաստատուած հայեր [42]:

Երզնկայի հայ բողոքականները սկզբում հաւաքւում էին քաղաքի հայոց թաղերի արևմտեան հատուածում գտնուող մի մասնաւոր տան, հետագայում (1900-ական թթ.)՝ Եկեղեցւոյ հրապարակի մօտ գտնուող երկյարկանի շէնքի մեջ, որը նկարագրւում է որպէս «բաւական յարմար և վայելուչ» [43]: Շէնքի վերին յարկը յատկացուած էր  ժողովարան-քարոզչարանին, իսկ ստորին յարկում գործում էր տղաների համար նախատեսուած տարրական դպրոցը: Ժողովարանն ու դպրոցը վարում էր հրաւիրեալ քարոզիչ-դասատուն, որի վարձատրութեան կէսը հոգում էր Արտաքին առաքելութիւնների յանձնակատարների ամերիկեան վարչութիւնը (American Board of Commissioners for Foreign Missions), մնացածը՝ տեղի բողոքական համայնքը [44]:

Մեծ եղեռնի նախօրեակին քաղաքի աւետարանական հայերի հովիւն էր Վերապետուելի Յակոբ Իսրայէլեանը՝ ծնունդով Սեբաստիայի նահանգի Ամասիայի գաւառի Վեզիր Քէօփրու բնակավայրից (զոհուել է Մեծ եղեռնի ժամանակ) [45]:  Երզնկայի բողոքական եկեղեցու սպասաւորներից էին պատուելիներ Յարութիւն Եազըճեանը և Յ. Գ. Տօնաթոսեանը [46]:

շարունակությունը՝ այստեղ

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter