HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Կերպարանափոխությու՞ն, թե՞ հեղափոխություն

ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ 2018 թ.-ին ԱՄՆ խաղարկային վիզաների կամ Գրին քարտի խաղարկությանը Հայաստանից դիմել է 110 725 քաղաքացի:

Հայաստանը ՌԴ արտագաղթողների ամենամեծ դոնորներից մեկն է՝ ի թիվս Տաջիկստանի, Ղազախստանի:

Հայաստանը պատերազմական վիճակում գտնվող երկիր է: «2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂՀ պաշտպանության բանակում մահացել է 39 զինծառայող: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների մահվան 50 դեպք»: Սրանք Գլխավոր դատախազության պաշտոնական տվյալներն են: Այսինքն՝ 2018 թ.-ից մինչ այժմ 89 երիտասարդ զոհ ենք ունեցել բանակում:

Հայաստանում աղքատությունը պաշտոնապես 30 % է՝ գումարած տարածաշրջանային լրջագույն զարգացումները, որոնց Հայաստանը պատրաստ չէ. անգամ ազգային ռազմավարություն չունի մշակած:

Վերոնշյալ խնդիրները երկրի վարչապետին պետք է ստիպեն դրսևորել բացառիկ լրջություն, խոհեմություն: Սակայն հասարակությունն ամեն օր, արդեն իր կամքից անկախ, ստիպված է քննարկել  վարչապետի ֆեյսբուքյան էջի՝ օրվա մեջ մի քանի անգամ թարմացվող լուսանկարները, կառավարական շքեղ մի առանձնատնից մեկ այլ՝ առավել շքեղ առանձնատուն ուղևորվելու պատմությունը: Ինչպես նաև՝ դատարկագույն ու անհեթեթ թեմաներ՝ հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, թանկարժեք զրահապատ մեքենաներ, շքեղ առանձնատներ, դրանց վրա վատնված պետական միջոցներ, նոր ինքնաթիռի գնման անհրաժեշտություն… Նոր կամ, ինչպես ասում են, հետհեղափոխական Հայաստանում կառավարության ղեկավարի հետ կապված նման թեմաներ չպիտի քննարկվեին:

Այո, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը երկրի ղեկավարներին զանազան հարմարավետություններ է առաջարկում «Վարչապետի սպասարկումը» 7.6  հոդվածով՝

1) նստավայր Երևանում (հասցեն՝ Բաղրամյան 26),

2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք),

3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք):

Նույն հոդվածում կետ կա, որը հնարավորություն է տալիս վարչապետին հրաժարվել այս շքեղություններից՝ «Վարչապետը կարող է ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված սպասարկումից»:

Վարչապետը, ինչպես տեսանք, չի հրաժարվում: Վարչապետի համար նախատեսված կառավարական առանձնատնից նա տեղափոխվում է նույն օրենքի 7.2 հոդվածով արդեն ՀՀ նախագահի համար նախատեսված առանձնատուն՝  Ձորափի 74, 8-րդ մասնաշենք: Սա օրենքի ուղղակի խախտում է: Իսկ հիմնավորումն էլ, ինչպես ինքը նշեց ուղիղ եթերի ժամանակ, նախկին առանձնատանը բազկաթոռների խնդիրն էր և պատվարժան հյուրերին պատշաճ ընդունելու համար անհարմար պայմանները: Բայց կառավարական առանձնատների համալիրն ունի հատուկ ընդունելությունների տուն՝ բոլոր հարմարություններով՝ ընդհուպ՝  սպասավորներով, մատուցողներով, կից լողավազանով, բիլիարդի սրահով, սաունայով, և դա վարչապետն ինքն էլ ցուցադրել է անցյալ տարի, երբ իշխանափոխությունից անմիջապես հետո անհապաղ տեղափոխվեց վարչապետի կեցավայր:

Հասարակության համար էմոցիոնալ մեծ ռեսուրս է պահանջվում եղած սոցիալական, քաղաքական խնդիրները, օրվա ընթացքում կուտակված զանազան խնդիրները թողած՝ ամենուր հանդիպել ինֆորմացիոն նույն առիթին՝ վարչապետի առանձնատունը, վարչապետի ձեռք բերած երկու նոր զրահապատ ավտոմեքենաները, վարչապետի ձեռք բերվելիք նոր ինքնաթիռը, վարչապետի զգեստապահարանը՝ թող որ հայկական արտադրության կոստյումներով, վարչապետի հայկական արտադրության գոտին և այլն…. Սա անպետք, անկարևոր տեղեկատվություն է, որը, սակայն, ստիպված ենք արձանագրել՝ ուղղակիորեն զրույցների, օրվա թեմաների բաղկացուցիչն է:

Շատ ծանր տպավորություն թողեց վարչապետի՝ Սերժ Սարգսյանի առանձնատուն տեղափոխվելու ուղիղ եթերը: Իրականության զգացողությունն այդքան արագ կորցնել՝ այսքան կարճ ժամանակահատվածում, անհավանական է թվում:

Բայց նա իր տեղափոխման երկաթյա արդարացումներ է փնտրում և, որքան էլ զարմանալի է, գտնում է՝ Սերժ Սարգսյանի ձեռքից խլված առանձնատունը վերադարձվել է պետությանը, իսկ պետությունը, այս փուլում, ինքն է:

Ուղիղ եթերի մյուս թեման՝ ընդդիմադիր մամուլը միլիոններ է ստանում «բամբասանքների» համար, և այդ միլիոնների արդյունավետությունը պարոն Փաշինյանը պետք է զրոյացնի՝ հերքելով բամբասանքները: Այնինչ իր լայվերն ու պահվածքը պերմանենտ նոր թեմաներ են՝ սնուցելու քաղաքական հակառակորդներին՝ առանց միլիոններ վատնելու: Ի դեպ, այդ միլիոնները վերջ չունեն, քանի որ բիզնեսի առանցքային ճյուղերին այսօր էլ տիրապետում են նախկին բարձրագույն իշխանավորներն ու օլիգարխները:

Միակ ճանապարհը՝ վերջ տալ բամբասանքներին, լրջանալն ու աշխատելն է, ՀՀ քաղաքացիներին ազատելը վարչապետի անձնական տարածք ամեն օր վիրտուալ ելումուտից, իրականություն վերադառնալն ու բոլորիս տված վստահությունը զրահապատ նոր ավտոմեքենաների, շքեղ առանձնատների, գլամուրի մակարդակի չիջեցնելը:

Չկա՞ մեկը նրա քաղաքական թիմից, որն ասի՝ հեղափոխության օրերին գիշեր-ցերեկ հրապարակից տուն չգնացող մարդիկ այսօր արդեն հիասթափությամբ կամ հեգնանքով են խոսում հեղափոխության մասին՝ համարելով, որ այն տեղի չի ունեցել: Չկա՞ մեկը, որը կասի՝ նման լայվերը, շքեղություններն ու աննպատակ ծախսերը անդրադառնում են վարչապետի վարկանիշի ու հեղինակության վրա: Նման լայվերի, նոր առանձնատան համար կառավարական պահեստներում, գզրոցներում հարմար ատրիբուտներ փնտրելու ժամանակ վարչապետը չպիտի ունենա: Նաև՝ վարվեցողությունն ու լավ տոնը դա անել երբեք չպետք է թույլ տան: Հեղափոխությունը նախ և առաջ երկրի առաջին դեմքերին շռայլություններ ու շքեղություններ արտոնելու դեմ էր:

Եթե այս ամենին գումարվում են քրեական գործերը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանին, ԱԺ նախկին նախագահ Արա Բալոյանին առաջադրված՝ իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքները, Հոկտեմբերի 27-ի թեման շրջանառելը՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի զգացողությունների, Նաիրի Հունանյանի հետ անձնական զրույցի մակարդակով, նշանակում է, որ ամենաանհավանական ֆանտազիան անգամ սկսում է զիջել իրականությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter