ՊԵԿ-ին ձեռնտու չէ վարչական դատարանի քննությունը
Վարչական դատարանում քննվում էր վարչական գործը ըստ հայցի Սարո Հարթունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ» ՍՊ ընկերության վերստուգման ակտը անվավեր ճանաչելու եւ ՊԵԿ-ի հակընդդեմ հայցն ընդդեմ ընկերության գումարի բռնագանձման պահանջների մասին:
ՊԵԿ-ը միջնորդություն էր ներկայացրել կասեցնել գործի վարույթը վարչական դատարանում, մինչեւ որ կավարտվի քրեական գործի քննությունը: Սակայն դատարանը, քննելով գործը, որոշեց շարունակել այն: Սա նշանակում է, որ նախ` դատարանը գնահատական է տալու, թե իրավաչափ է արդյոք ՊԵԿ-ի կազմած ակտը, թե ոչ:
Բանն այն է, որ «Ջի Էյջ Սթորիջ» ՍՊ ընկերության դեմ ՊԵԿ-ը կազմել էր վերստուգման ակտ, ինչի հիման վրա ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանի եւ նրա աշխատակիցների նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածով` հարկերից չարամտորեն խուսափելու համար: Ընկերությունը վիճարկել էր ակտը` դիմելով վարչական դատարան:
Դատական նիստին ՊԵԿ ներկայացուցիչներ Գուրգեն Դավթյանը, Արսեն Մարտիրոսյանն ու Արսեն Ալեքսանյանն անգամ պատրաստ չէին ներկայացնել ակտի հետ կապված որևէ ապացույց, քանի որ վստահ էին` դատարանը կասեցնելու էր գործի վարույթը: Սրա վերաբերյալ նույնիսկ գործը քննող դատավոր Մկոյանը չկարողացավ զսպել զարմանքը. «Փաստորեն հույս ունեիք, որ գործը կկասեցվի՞»,- զարմացավ դատավորը:
Բնականաբար, ՊԵԿ-ին ձեռնտու չէ վարչական դատարանի կողմից գործի քննությունը, քանի որ, եթե ստացվի այնպես, որ դատարանի վճռով պարզվի, որ ՊԵԿ-ի կազմած ակտը անվավեր է, ապա կստացվի, որ Նարեկ Հարթունյանի դեմ մեղադրանքը նույնպես իրավաչափ չէ եւ անհիմն է:
Այդ պատճառով էլ ՊԵԿ-ի ներկայացուցիչները բոլոր հնարավոր միջոցներով պայքարում էին, որ վարչական դատարանը գործի վարույթը կասեցներ, որպեսզի հանկարծ անվավեր չճանաչվի ստուգման ակտը: Սակայն դատարանը, մերժելով նրանց անհիմն միջնորդությունը, չարդարացրեց ՊԵԿ-ի հույսերը: Այս պահին ստեղծվել է իրավիճակ, երբ քրեական գործը, որ հարուցվել է նշված ակտի հիման վրա, դեռ նոր է դատարան ուղարկվելու, մինչդեռ դրան զուգահեռ վիճարկվում է նույն ակտի իրավաչափությունը: Այսինքն` մարդիկ մեղադրվում են մի արարքի համար, որի վերաբերյալ կայացրած ակտի իրավաչափ լինելը լրջորեն կասկածի տակ է դրված:
Հարուցված քրեական գործն ու վերստուգման ակտն, անշուշտ, իրավաչափ չեն, իսկ ընկերության դեմ կիրառվող պատժամիջոցները չեն բխում օրենքով հետապնդվող նպատակներից, դրանք ունեն մեկ նպատակ` խոչընդոտել ընկերության բնականոն աշխատանքը, տանել սնանկության` ստիպելով Հարթունյաններին գործարքի գնալ` հրաժարվելով իրենց ունեցվածքից:
Հարթունյանների ընտանիքի մամուլի պատասխանատու
Մարիամ Մուղդուսյան
Մեկնաբանել