
Առաջարկվում է, որ փրկարարների ապահովագրության գումարների վճարման կարգը սահմանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանելու գործընթացը պատվիրակել իրենց նախարարությանը։ Բացի այդ, նախարարությունը նախատեսում է ծառայության ժամանակ զոհված փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու գործառույթը ևս փոխանցել իրենց։
Նման առաջարկություն է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նշենք, որ Կառավարության 2006 թվականի որոշմամբ՝ պարտադիր պետական ապահովագրության գումարները, ինչպես նաև զոհված (մահացած) ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման գումարները շահառուներին տրամադրում է Ֆինանսների նախարարությունը` փրկարար ծառայության կողմից ներկայացված ցուցակների հիման վրա:
Մեկնաբանել