HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կազմակերպվել է աշխատանքային քննարկում սննդամթերքի ոլորտում սահմանային վերահսկողության վերաբերյալ

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի նախաձեռնությամբ  տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ սննդամթերքի ներմուծման ժամանակ սահմանային վերահսկողության շրջանակներում հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը։

Քննարկմանը մասնակցում էին Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի (ՍԱՏՄ) տեղակալ Նարեկ Հայրապետյանը, Առողջապահության նախարարության  «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, ինչպես նաև գրասենյակի և շահագրգիռ կառույցների  այլ պաշտոնատար անձինք, մսամթերք արտադրող մի շարք ընկերությունների և Հայաստանում գործող ոլորտային լաբորատորիաների ներկայացուցիչներ:

Հանդիպման սկզբում Արթուր Ասոյանը նշել է, որ  կառավարության որդեգրած քաղաքականությունը բոլոր շահառուների շահերի պաշտպանությյունն է՝ բացառելով վտանգավոր սննդի ներմուծումն ու օգտագործումը, ինչը  պետք է արվի տնտեսվարողի գործունեությանը չխոչընդոտելու եղանակով:

«Հանդիպման հիմնական նպատակն է հասկանալ, թե արդյո՞ք հնարավոր է սալմոնելա խմբի մանրէներ պարունակող մթերքը ենթարկել  ջերմային մշակման և ունենալ անվտանգ սնունդ: Մենք պետք է աշխատենք բացառապես օրենքի սահմաններում՝ չվնասելով որևէ շահառուի»,-նշել է Ասոյանը՝ հավելելով, որ համաձայն ԵԱՏՄ  տեխնիկական կանոնակարգի պահանջների արգելվում է նմանատիպ սննդամթերք ներմուծել ԵԱՏՄ տարածք՝ անկախ հետագա վերամշակման պայմաններից:

Քննարկման արդյունքում ներկաները եկել են համաձայնության, որ վարակված սննդամթերքի հանրապետություն ներթափանցումը ռիսկային է և ոչ լիարժեք կառավարելի՝ անկախ նրանից, թե հետագա ինչ վերամշակում է անցնելու:

Արդյունքում սննդամթերք ներմուծող ընկերություններին առաջարկվեց վերանայել մատակարարների հետ կնքված պայմանագրերը՝ հստակեցնելով կողմերի պարտականությունների շրջանակը, ինչպես նաև վնասակար սննդամթերքի հետ վերադարձման կարգը: Հետագա խնդիրներից խուսափելու համար ընկերությունները  համապատասխան աջակցություն կարող են ստանալ Էկոնոմիկայի նախարարությունից և ՍԱՏՄ-ից: Վերջին 6 ամսիների ընթացքում սննդամթերք ներմուծած բոլոր ընկերությունները կտեղեկացվեն կայացված որոշումների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter