HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենայի ներկը` որպես նկարչական ներկ, ստվարաթուղթը` որպես կտավ

Գառնիկ Ավագյանը ապրում է Մեղրիում: Նախկինում նա երբևէ ձեռքը վրձին չի վերցրել, բայց ոտքերն ու ձեռքն անդամահատելուց հետո սկսել է նկարել։ Գառնիկի բնակարանը իրար դիմաց գտնվող երկու նեղ սենյակ է, որտեղ ապրում են երեքով՝ նկարիչը, որդին և մի նվազ սև կատու։

Ավելի շատ մարդկանց կարիք եմ զգում

Օտար մարդիկ ինձ հաճախ հարցնում են, թե ինչի կարիք ունեմ, ինչով կարող են ինձ օգնել, բայց ես ավելի շատ մարդկանց կարիք եմ զգում, ընկերներիցս շատերը մոռացել են ինձ, այստեղ գրեթե ոչ ոք չի գալիս։ Երբեմն տարբեր նկարիչներ են այցելում, խորհուրդներ տալիս:

Տարիներ առաջ մի ոտքս անդամահատեցին, ասացին, որ վերջույթներիս արյուն չի մատակարարվում։ Որոշ ժամանակ հենակներով էի քայլում, կարողանում էի աշխատել, մեքենա վարել։ Մինչև հաշմանդամ դառնալը ես մեքենաներ եմ նորոգել։ Հետո ձեռքիս և մյուս ոտքիս վիճակն էլ վատացավ, անդամահատեցին և դարձա լրիվ անկողնային հիվանդ։

Առհասարակ, կյանքում շատ դժվարությունների միջով եմ անցել։ Կինս երիտասարդ տարիքում է մահացել՝ թողնելով ինձ տղայիս հետ մենակ, որն այդ ժամանակ դեռ շատ փոքր էր։ Ես ուրիշ կնոջ հետ սկսեցի ապրել, ամեն ինչ լավ էր, նա հոգ էր տանում տղայիս մասին, բայց հետո, երբ ոտքերս ու ձեռքս անդամահատեցին, դուրս արեց տանից՝ ասելով, որ չի կարող հաշմանդամի պահել։ Գլխավոր բժշկի շնորհիվ անտուն չմնացի, նա միջնորդեց և նախկին պոլիկլինիկայի տարածքում մեզ տարածք հատկացրին։ Չնայած չգիտեմ էլ, թե որքան ժամանակ այստեղ կապրենք։ Հիմա տղաս է ինձ խնամում, և ես շատ երախտապարտ եմ նրան դրա համար։Ես փորձում եմ ամեն ինչ ինքնուրույն անել, բայց ինձ խնամող է անհրաժեշտ, տղաս չի կարող ինձ երկար ժամանակ մենակ թողնել։

Նկարելը փրկություն է ինձ համար

Ես այն մարդկանցից  չեմ, որ անընդհատ պառկում և հեռուստացույց են նայում, ես պետք է մի բանով զբաղվեմ։ Ճիշտն ասած՝ երկու կոպեկ փող ունեի, «Գինդ» թերթում կարդացի, որ էժան գներով գեղարվեստական գրքեր են վաճառում, Երևանից մի կերպ բերել տվեցի, սկսեցի կարդալ, հետո տեսա, որ ուղեղս շատ է հոգնում, չեմ կարողանում երկար կարդալ, սկսեցի նկարչությամբ զբաղվել։ Առաջին նկարս մի տախտակի վրա նկարեցի, որի վրա բժշկական դեղատոմսեր էին գրված, ափսոսացի վառարանը գցել, մաքրեցի ու նկարեցի վրան։ Մինչև հիմա պահել եմ առաջին նկարս, վերջում Հիսուսն էր ստացվել՝ ձեռքին մի փոքրիկ գառնուկ։ Տանն էլ, որ ժանգոտած, արդեն հնացած առարկաներ են լինում, դրանց վրա էլ եմ նկարում, փորձում եմ դրանց նոր կյանք տալ։ Քանի որ չունեի ներկեր, նկարում էի նրանով, ինչ կար ձեռքի տակ՝ ավտոմեքենայի ներկ, շարժիչի յուղ, կոշիկի քսուք, շինարարական գուաշ, ինչ ասես, իսկ կտավի փոխարեն օգտագործում էի ԴՍՓ, ԴՎՊ, ֆաներկա (նրբատախտակի կտոր), ստվարաթուղթ։

Որ մեքենաներ էի ներկում, միշտ տարայում ներկ էր ավելանում, այլ մեքենա ներկողներին էլ էի խնդրում, որ ավելացած ներկերը չգցեն, ինձ տան։ Միշտ ասում էի, որ ոչ ոքից ոչինչ չեմ ուզում, միայն ներկեր, որ նկարեմ։ Նկարելը փրկություն է ինձ համար։ Հիմա ինձ մոտ ամեն ինչ կարգին է, մի մարդ գրել էր իմ մասին և աշխարհի ամենատարբեր տեղերից ինձ վրձիններ ու ներկեր ուղարկեցին, դրանք այնքան շատ են, որ եթե երեք հարյուր տարի էլ ապրեմ, կկարողանամ նկարել։ Ես նկարելն իմ աշխատանքն եմ համարում, ամեն օր արթնանում եմ ու փորձում ինչ-որ բան անել։ Սովորաբար նայում եմ տարբեր նկարիչների աշխատանքներ, թեմաներ գտնում ինձ համար կամ իրենց նկարներն եմ նկարում, բայց որ ուղղակի կրկնօրինակ չլինի՝ իմ կողմից ինչ-որ բան եմ միշտ ավելացնում։

Ասում են, եթե դժվարությունների ես հանդիպում կյանքում, պետք է ինքդ քեզ մեղադրես։ Ես բոլոր դժվարություններն անցյալում եմ թողել։

Մարդ պետք է ձգտի ինչ-որ բանի, պետք է սիրես այն, ինչ անում ես, ինչ ուզում է լինի, չգիտեմ, անգամ մեքենա նորոգելը, եթե չսիրես, չես կարող նորոգել։ 

Շուշան Ստեփանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter