HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյան. «Ես չեմ պատկերացնում՝ ոնց պետք է մի վկայի ասեմ՝ ցուցմունքդ մի քիչ փոխի. ամոթից կմեռնեմ»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին պաշտպանները նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացրին: Քոչարյանը միացավ միջնորդությանն ու դատարանում ելույթ ունեցավ:

«Համոզված եմ, որ դահլիճում նստածները լավ գիտակցում են, որ չկան ո՛չ հիմքեր, ո՛չ պայմաններ՝ ինձ կալանքի տակ պահելու։ Սա ուղղակի հետևանք է Հայաստանում մի գործընթացի, որն ինձ թիրախավորել է որպես նշանակված մեղավոր՝ այս ողջ գործընթացում։

Այս ամենը հասկանում եմ, և հատկապես այս վերջին իրադարձությունների հետ կապված, նաև Սահմանադրական դատարանի շուրջ, հասկանում եմ, թե ինչ վիճակում են հայտնվել դատավորները, երբ այդ Ֆեմիդայի կշեռքի վրա մի կողմում դնում են իրենց խոցելիությունը՝ իշխանությունների, իրավապահների, դատախազության առջև, իսկ մյուս կողմի վրա դնում են իրենց արժանապատվությունը, արհեստավարժությունն ու խիղճը»,- ասաց Քոչարյանը:

Վերջինս, ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները, նշեց, որ մարդիկ այսօր պիտի հիշեն, թե վերջին անգամ իրենց տանիքը երբ են նորոգել:

«Կամ գուցե մի սառնարան են առել տարիներ առաջ, որի կտրոնը պահել կամ չեն պահել ու վաղը-մյուս օրը իրենց հարցեր կտան, որոնց պատասխանը որևէ ձեւ չեն կարողանա տալ, և սրա արդյունքն ավելի շատ լինում է դատարանի խոցելիությունից բխող: Սա է իրականությունը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, թե Հայաստանում կան շենքեր, դատավորներ, դատախազներ, բայց չկա արդարադատություն:

«Իմ նկարագրած սխեմայում արդարադատություն գոյություն չունի, կան սիմվոլներ, մարդիկ, բայց չկա արդարադատություն»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ դատավոր Աննա Դանիբեկյանն էլ այս իրականության մեջ է և ստիպված է լինելու գնահատել իր խոցելիությունը: Դատավոր Դանիբեկյանը Քոչարյանին հորդորեց դիրքորոշում ներկայացնել բացառապես քննարկվող հարցի վերաբերյալ:

«Ինձ համար մի քիչ տհաճ է կանգնել այստեղ և փորձել համոզել, որ ես փախնելու մտադրություն և խոչընդոտելու մտադրություն չունեմ, ուղղակի իմ կենսագրության հետ չի բռնում, և ընդհանրապես դահլիճի այս թևում նստած մարդկանցից ոչ մեկը (նկատի ունի մյուս ամբաստանյալներին- հեղ.) ո’չ փախնող է, ո’չ խոչընդոտող: Մարդիկ իրենց ամբողջ կյանքում առաջնորդվել են միայն իրենց արժանապատվությամբ և հայրենասիրությամբ։ Սա է փաստը. ով ինչ խոսի՝ դատախազը, տուժողի  ներկայացուցիչները, այն կողմի փաստաբանները... ինչ էլ խոսեն, սա մեր կենսագրությունից ոչ ոք չի կարող ջնջել»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ ստիպված պետք է կրկնի, որ չի խոչընդոտելու քննությանը, որ արդարադատությունից խուսափելու մտադրություն չունի:

«Ես ամենաշատն եմ շահագրգռված արդար դատավարության մեջ՝ բոլորից շատ»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ նախորդ անգամ իրենց ներկայացրած գրավի միջնորդությունը մերժելու որոշման մեջ դատավորը նշել է, թե առկա են իր կողմից գործի քննությանը խոչընդոտելու ռիսկեր: Քոչարյանը պնդեց, որ ոչ միայն խոչընդոտելու ռիսկեր, այլ գործի բնույթն այնպիսին է, որ նաև սուբյեկտ չկա, ում նկատմամբ ինքը կարող է ապօրինի ազդեցություն գործել:

«Ես չեմ կարող տասը տարի անց փոխել արտակարգ դրություն մտցնելու մասին իմ հրամանագիրը, չեմ կարող փոխել պատմական փաստը, և չեմ ժխտում, այո՛, ստորագրել եմ, եւ չեմ կարող փոխել այդ հանդիպումը, և այդ հանդիպմանը եղած 14-15-ի ցուցմունքից գրեթե բոլորի հետ, բացի 1 մարդուց, համաձայն եմ։ Չկա սուբյեկտ, չկա մոտիվ, որ նայես և ասես՝ սա կարող է փորձել փոխել, բայց տեսակով, բնավորությամբ, այս թևում նստած մարդիկ իրենց թույլ չեն տա որևէ մեկին դիմել մի հարցով, որով ինչ-որ չափով նվաստացնելու են իրենց սեփական արժանապատվությունը։ Ես չեմ պատկերացնում՝ ոնց պետք է մի վկայի ասեմ՝ գիտես, ցուցմունքդ լավ չի, մի քիչ փոխի, մի քիչ սենց ռետուշ արա. ամոթից կմեռնեմ»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, թե այդ տեսակն իր համար անծանոթ տեսակ է։

«Ֆեմիդայի կշեռքը ձեր ձեռքին է, նայեք՝ ոնց եք անում»,- խոսքն այսպես ավարտեց Ռոբերտ Քոչարյանը:

Գրավի միջնորդության հիմնավորումները և դրա վերաբերյալ կողմերի դիրքորոշումները կներկայացնենք ավելի ուշ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter