HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունաստանը մոտ ժամանակներս կվավերացնի ԵՄ հետ Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի և Հունաստանի նախագահների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, ողջունելով նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ավելի վաղ՝ նեղ կազմով քննարկված հարցերի շրջանակին: «Ուրախ էի լսելու, որ Հունաստանը մոտ ժամանակներս կվավերացնի Եվրամիության հետ Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համակարծիք էինք, որ շատ էական է մեր երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, նաև՝ մշակութային, գիտական և այլ ոլորտներում,- ասել է նախագահ Սարգսյանը:-Նաև կարևորեցինք եռակողմ պլատֆորմը՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս: Բացի այդ, մենք կարող ենք Հունաստանը դիտարկել որպես դարպաս դեպի Եվրամիություն, և հակառակը, Հունաստանը կարող է Հայաստանը դիտարկել որպես դարպաս դեպի Եվրասիական միություն»: Նախագահը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում նոր մակարդակի հասցնելու ներուժը:

Նշելով, որ երկու ժողովուրդներն էլ պատմականորեն ձևավորված սփյուռք ունեն՝ Հայաստանի և Հունաստանի նախագահներն ընդգծել են սփյուռքի ձևաչափով համագործակցության կարևորությունը: «Լինելով փոքր պետություններ՝ երկու երկրներն էլ ունեն հսկայական սփյուռք, և մեր երկկողմ, ազգային շահերն առաջ մղելու հարցում նրանց համագործակցությունն աշխարհի տարբեր մասերում շատ էական է լինելու: Ամբողջությամբ համաձայն եմ պարոն նախագահի հետ, որ պետք է ամեն բան անենք, որ հայ և հույն սփյուռքների միջև ավելի խորը ու ծրագրային համագործակցություն ունենանք տարբեր ոլորտներում»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսն ընդգծել է, որ պատրաստ է իր նպաստը բերելու երկկողմ հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը: «Մեր երկու ժողովուրդներն ու երկրները պատմականորեն պարտադրված են համագործակցել, և մենք պետք է խորացնենք այդ գործակցությունը բոլոր ասպարեզներում»,-ընդգծել է նա:

Նախագահները կարևոր են համարել նաև երկու երկրների կառավարությունների, ինչպես նաև խորհրդարանների միջև առավել սերտ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել նրանց ջանքերին:

Անդրադարձ է եղել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերին:

Նշելով, որ խորհրդարանական կառավարման համակարգը Հայաստանում նոր է, նախագահ Սարգսյանն առաջարկել է քննարկել երկու երկրների նախագահական կառույցների միջև փոխգործակցության, մասնավորապես, նախագահների աշխատակազմերի միջև փորձի փոխանակման ծրագրերի հնարավորությունը՝ հաշվի առնելով Հունաստանի խորհրդարանական կառավարման հարուստ փորձն ու ավանդույթները: Հունաստանի նախագահը դրական է արձագանքել առաջարկին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։