
Վարուժան Ավետիսյանը ցուցմունք տվեց զինված ապստամբության պատճառների, ՊՊԾ գնդում ոստիկանների սպանության հանգամանքների մասին
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին այսօր ցուցմունք տվեց ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը: Վերջինս ցուցմունքը սկսեց Ոստիկանության էրեբունու ՊՊԾ գունդը գրավելուն՝ 2016 թվականի հուլիսի 17-ին նախորդող ժամանակշրջանում տեղի ունեցած իրադարձություններից:
Ավետիսյանը հիշեցրեց, որ ինքը նախկին զինվորական է, մասնագիտությամբ՝ իրավաբան, մինչև 2013 թվականի հունվարը ծառայել է զինված ուժերում, և իր ծառայությունն ուղիղ կերպով կապված է եղել ռազմավարական բնույթի որոշումների հետ:
«Ես ուղիղ կերպով ականատես էի լինում դրանց խիստ բացասական հետևանքներին: Տարիներ շարունակ փորձել եմ իմ պաշտոնի բերումով տարատեսակ ղեկավար օղակներում գտնվող բարձրաստիճան պաշտոնատար անձանց համապատասխան զեկուցագրեր ուղարկելու միջոցով ցույց տալ մեր բանակի աղետալի վիճակը դա շտկելու համար: Հետո հասկացա, որ այդ ջանքներն ապարդյուն են. մենք գործ ունենք ոչ միայն ապաշնորհ ղեկավարության, այլ նաև պետությունը զավթած բանդայի հետ, և նրանց որևէ առաջարկություն ներկայացնել կամ հորդորելը դրական արդյունքի բերել չի կարող: Ավելին, այդ առաջարկությւոնների շնորհիվ նրանք կատարելգործում էին իրենց դիվային մեքենան»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:
Վերջինս նշեց, որ 2011 թվականից ինքը եղել է «Սարդարապատ» շարժման անդամ, ղեկավարությունն իմացել է, բայց աչք փակել դրա վրա, քանի որ ինքն ասել է, որ եթե խոչընդոտեն իրեն, կթողնի զինվորական ծառայությունն ու հայտարարություններով հանդես կգա: Հետագայում Ավետիսյանն ինքն է հրաժարվել զինվորական ծառայությունից, եղել «Նախախորհրդարան»-ի, ապա` «Հիմնադիր խորհրդարան»-ի կազմում:
Ավետիսյանը հիշեցրեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների` դեպի Արցախ երթը խոչընդոտելու և քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու իրադարձությունները: Վերջինս նշեց, որ «Հիմնադիր խորհրդարան»-ն իր առջև դրել էր նախկին իշխանությունների հեռացման խնդիր:
«Ռեժիմի հեռացման մեթոդը քաղաքացիական անհնազանդությունն էր, և որևէ մեկի մտքով չէր անցնում զինված գործողությունների դիմել»,- ասաց Ավետիսյանը:
Վերջինս հիշեց նաև, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի իրադարձություններից առաջ իրեն, Պավել Մանուկյանին, Ժիրայր Սեֆիլյանին և «Հիմնադիր խորհրդարանի» այլ անդամների կալանավորել են` ապրիլի 24-ին նախատեսված իրենց հանրահավաքները ձախողելու նպատակով, ապա ապրիլի 24-ից կարճ ժամանակ անց ազատ են արձակվել: Հետագայում տեղի են ունեցել 2016-ի ապրիլյան պատերազմի իրադարձությունները:
«Մենք հասկացանք, որ ռեժիմն ունակ է ուղիղ ձևով` պայմանավորված պատերազմի միջոցով ազգային դավաճանության: Փառք Աստծո` սահմանին մենք ունեինք բացառիկ արիությամբ օժտված սպաներ և զինվորներ, որոնք իրենց կյանքի գնով խափանեցին ազգային աղետը»,- ասաց Վարուժան Ավետիսյանը` կարծիք հայտնելով, որ ըստ պլանի` նախատեսված էր քայքայել պաշտպանության համակարգը, որից հետո Ռուսաստանը պիտի օգնության գար և հնարավորություն ստանար Արցախի ազատագրված տարածքները զիջելու դիմաց խաղաղապահ ուժեր տեղայակել Արցախում:
«Ազգային շահի իրացման համար գոյություն ունեցող կառավարիչների խումբը իրականում ազգային դավաճանության միջոցով երեք օտար պետության` նաև Թուրքիայի շահերը սպասարկելու համար իր իշխանությունը երկարաձգելու նպատակ էր հետապնդում»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:
Վերջինս հիշեցրեց, որ Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը 800 հա հող է կորցրել և ասաց, որ դրանից հետո Ժիրայր Սեֆիլյանը նախաձեռնությամբ է հանդես եկավ` հավաքագրելով կամավորական գումարտակ և դիմեով զինված ուժերին, որպեսզի զենք, հանդերձանք տրամադրվի` զինված գործողություններ գլուխ բերելու և դիրքերը նորից ազատագրելու համար, սակայն մերժում են ստացել:
«1000-ից ավել մարդ կամավորագրեվեց այդ գործին, և տեսնելով, որ երևույթը թափ է առնում, գիտակցելով դրա աղետալի քաղաքական հետևանքներն իր համար` Սերժ Սարգսյանը Սեֆիլյանին նորից շինծու գործով կալանավորել տվեց...Եթե մենք չտեսնեինք ապրիլյան դավադիր պատերազմը և դրա հետևանքները և ռազմաքաղաքական ղեկավարության հետևողական քայլերը` մոտավորապես նույն սցենարով գլուխ բերելու Արցախի տարածքների հանձնումը հազարավոր զինվորների և քաղաքացիների կյանքի գնով, մենք, բնականաբար կշարունակեինք հակված մնալ խաղաղ անհնազանդության մեթոդով ռեժիմին հեռացնելուն, բայց ընտրության այլ հնարավորություն չկար: Մենք դիմեցինք զինված ապստամբության»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:
Անդրադառնալով ՊՊԾ գնդում տեղի ունեցած իրադարձություններին` Վարուժան Ավետիսյանն ասաց, որ Արմեն Բիլյանը ոստիկան Գագիկ Մկրտչյանին վիրավորելու վայրում ներկա չի եղել:
«Բիլյան Արմենը երկրորդ ոստիկանի վիրավորվելու վայրում ֆիզիկապես չի եղել, նա եղել է հսկիչ անցագրային կետում, նրա ձեռքին զենք չի եղել, և ես անձամբ Գագիկ Մկրտչյանին տեսել եմ երեք հարկանի մասնաշենք մտնելու մուտքի դիմաց: Նա ասֆալտին նստած էր, և աջ ձեռքով բռնել էր ձախ ձեռքը»,- ասաց Վարուժան Ավետիսյանը` նշելով որ ինքը մոտեցել է նրան` օգնության ցույց տալու համար, սակայն հետո նրան են մոտեցել խմբի այլ անդամներ, ու ինքը մտել է շենք:
«Շենքում քննությանը հետաքրքրող որևէ հետաքրքիր բան տեղի չի ունեցել, ես միացրել եմ համակարգիչս և տարածել հայտնի հայտարաությունը. «Մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:
Արմեն Բիլյանի վերաբերյալ Վարուժան Ավետիսյանի խոսքերից հետո Պավել Մանուկյանը հիշեցրեց՝ ինքը ժամանակին հայտարարել է, որ Գագիկ Մկրտչյանը ոչ թե Արմեն Բիլյանի, այլ մեկ այլ ամբաստանյալ՝ Էդվարդ Գրիգորյանի պատահական կրակոցից է վիրավորվել, և Վարուժան Ավետիսյանին հարց ուղղեց, թե ինչո՞ւ է վերջինս Բիլյանի վերաբերյալ հայտարարությունն անում միայն հիմա, և իր հայտարարությունն անելու ժամանակ չի ասել, որ ինքը ճիշտ է ասում:
«Նախ ես հիմա եմ ցուցմունք տալիս, և հետո Ձեր հայտարարության միայն մի մասն է իրականությանը համապատասխանում` Արմեն Բիլյանի մասով: Գաղտնիք չէ, որ ես իմ հրապարակային հայտարարություններում բազմիցս ասել եմ, որ Արմեն Բիլյանն այդտեղ չի եղել»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:
Անդրադառնալով Յուրի Տեփանոսյանի սպանության հանգամանքներին` Վարուժան Ավետիսյանը նշեց, որ Տեփանոսյանի մահվան օրը խումբը որևէ կրակոց չի արձակել:
«Յուրի Տեփանոսյանին սպանել են Սերժ Սարգսյանի ուղիղ հրահանգով, ամենայն հավանականությամբ հրանագը փոխանցվել է այն ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջոցով և ըստ այդմ` իրականացվել: Ճիշտ նույն՝ մարտի 1-ի սցենարով, երբ ոստիկանության ներքին զորքերի ոստիկան Տիգրան Աբգարյանը զոհաբերվեց, որպեսզի հնարավոր լինի արտակարգ դրություն մտցնել: Ինձ ուղղակի և՛ տարակուսանք և՛ ցավ է պատճառում այն հանգամանքը, որ այսօր էլ ազգադավ և հանցագործ ռեժիմի հեռացումից հետո մնում է նույն անհեթեթ մեղադրանքը, և պետությունը որևէ ջանք չի գործադրում երեք ոստիկանների մահվան հանգամանքները կոնտեքստային քննության միջոցով իրապես պարզելու, ապացույցները կեղծած պաշտոնյաներին և փորձագետներին պատասխանատվության ենթարակելու համար»,- ասաց Ավետիսյանն ու համոզմունք հայտնեց, որ ոստիկաների մահվան հանգամանքները պետք է լուրջ և հանգամանալից քննության առարկա դառնան, իսկ մյուս մեղադրյալներին առաջադրված մեղադրանքներից պետությունը պետք է հրաժարվի:
Մեկնաբանել