HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում 13-24 տարեկան երեխաներին ու երիտասարդներին բարձրաձայնել իրենց խնդիրները

Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով 13-24 տարեկան երեխաներին ու երիտասարդներին բարձրաձայնել իրենց խնդիրները: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդագրությունը՝ ստորև.

Շատ շուտով՝ նոյեմբերի 20-ին, տոնելու ենք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակը: Այս տարի նոյեմբերի 18-ից-20-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպում է Երեխաների գագաթնաժողով, որին Հայաստանի բոլոր մարզերից կմասնակցեն ավելին քան 170 տղաներ ու աղջիկներ: Քանի որ գագաթաժողովին սահմանափակ թվով երեխաներ են մասնակցելու, իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար էական է հնարավորինս մեծ թվով երեխաների ձայնը լսելն ու այն լսելի դարձնելը, մենք նաև առցանց հարթակ ենք ստեղծել՝ www.unicef.am:

Հարթակը հնարավորություն կընձեռի Հայաստանի երեխաներին ու երիտասարդներին մասնակցել ստորագրահավաքին ու բարձրաձայնել իրենց համայնքում բնակվող բոլոր երեխաների հիմնական ու կոնկրետ խնդիրները։ Այնուհետև այդ խնդիրները և ստորագրահավաքի արդյունքները ՅՈՒՆԻՍԵՖ-ը գագաթաժողովին կներկայացնի մասնակից երեխաների ուշադրությանը, ովքեր կքննարկեն հնարավոր լուծումները կառավարության ներկայացուցիչների և այլ որոշում ընդունողների հետ:

Ստորագրահավաքին իր աջակցությունն է ցուցաբերել Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ով միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կոչին, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա առողջ մանկություն:

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունմամբ աշխարհը երեխաներին խոստացավ, որ իր ուժերի սահմաններում կանի ամենը, որ պաշտպանի և խրախուսի երեխաների՝ կյանքի, զարգանալու, սովորելու, իրենց ամբողջական ներուժին հասնելու և իրենց ձայնը լսելի դարձնելու իրավունքները: Կոնվենցիայի ընդունումից ի վեր երեխայի իրավունքների պաշտպանության հարցում շատ ձեռքբերումներ են գրանցվել, սակայն պետք է ընդունենք նաև, որ շատ աղջիկներ ու տղաներ թե´ Հայաստանում, թե´ աշխարհում շարունակում են մնալ անտեսված: 30-ամյակն առիթ է քայլեր ձեռնարկելու առ այն, որ հաջորդ 30 տարիների ընթացքում է´լ ավելի լավ աշխարհ կառուցենք գալիք սերունդների համար:
 
Նոյեմբերի 20-ը նշվելու է աշխարհի տարբեր կողմերում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ երեխաները խոսելու են նախագահական նստավայրերից ու խորհրդարաններից, վարելու են մամուլի կամ հայտնի անձանց էջերը, կապույտ լույսով են լուսավորվելու աշխարհահռչակ հուշարձաններ:
 
Յուրաքանչյուր ոք կարող է տոնել Երեխայի համաշխարհային օրը՝

  • Այդ օրը որևէ կերպ կրելով կապույտ գույն
  • Սոցիալական մեդիայի գրառումներում կիրառելով #ForEveryChild կամ #WorldChildrensDay հեշթեգերը
  • Սոցիալական մեդիայի էջում տեղադրելով մանկության լուսանկար և տարածելով մանկության մասին որևէ հուշ կամ էլ կիրառելով թեմատիկ ֆեյսբուքյան շրջանակը՝ https://bit.ly/349S7xi
  • Եվ, ի վերջո, այդ օրը նշելով երեխաների հետ և նրանց ձայնի հնարավորություն տալով:

###

«Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան» պատմության մեջ ամենաարագ և լայնորեն վավերացված մարդու իրավունքների մասին փաստաթուղթն է: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան» 1992 թվականին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter