HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու կենտրոնական փողոցով անցնող երկաթգծի պաշտպանական գոտիներում շինություններ են կառուցվում

«Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքով արգելվում է երկաթգծի պաշտպանական գոտիներում կապիտալ շինությունների տեղակայումը: Ալավերդու կենտրոնական Թումանյան փողոցին հարող երկաթգծի 2,609 կմ  պաշտպանական գոտիների հողամասերը Ալավերդու համայնքապետերի և ավագանու որոշումներով վաճառվել են 1քմ-ը 810-5000 դրամ կադաստրային արժեքով: Այդ հողամասերի 1քմ-ի շուկայական գինը Ալավերդու այդ հատվածում 200 ԱՄՆ դոլար է: Վաճառքի աճուրդի մեկնարկային գները սահմանելիս համայնքի ավագանին շրջանցել է հողամասերի շուկայական գինը: Քաղաքաշինական նորմերի խախտմամբ արդեն 32 շինություններ Թումանյան փողոցի «Կատա» սուպերմարկետի դիմաց՝ մոտ 1000 մետր երկայնքով փակել են երկաթգիծը: Արտակարգ իրավիճակների դեպքում  փրկարար ծառայության և շտապ օգնության մեքենաները չեն կարող մոտենալ երկաթգծի այդ հատվածին:

Հիշեցնենք, որ Թումանյան փողոցի վրա են գտնվում 12-րդ դարի եզակի կառույցներ` Սանահինի քարե կամուրջը, Հեղափոխության մարտիկների հուշարձանը, Եղեռնի հուշարձանը՝ իր պուրակով, Ալավերդու պատկերասրահը և քաղաքի մշակութային ու մարզական այլ հիմնարկներ:

Լոռու մարզի դատախազությունը ժամանակին չի կասեցրել Ալավերդու համայնքապետերի և ավագանու հողահատկացումների ապօրինի որոշումները: Ալավերդու նախկին համայնքապետ Կարեն Փարեմուզյանի 2017թ.-ի ապրիլի 4-ի որոշումով՝ երկաթգծի պաշտպանական գոտու 49/8-1 հասցեում 40,4 քմ մակերեսով հողամասը 184 140 դրամով վաճառվել է Լոռու մարզի դատախազության Ալավերդու նստավայրի դատախազ Արմեն Շիրոյանի մորը՝ Էմմա Ավետյանին

Կարեն Փարեմուզյանը 2016թ.-ի մայիսի 5-ի իր որոշումով՝ հասարակական օբյեկտ կառուցելու համար «Կատա» սուպերմարկետի դիմաց գտնվող երկաթգծի պաշտպանական գոտու Թումանյան 45/2 հասցեով 142,6 քմ մակերեսով հողամասը 784 300 դրամով վաճառվել է Վանաձորի բնակիչ Կարեն Ռաֆայելյանին: Համայնքապետարանում մեզ հայտնեցին, որ Կարեն Ռաֆայելյանը 2016թ.-ին ԱԱԾ Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժանմունքի պետ Կորյուն Ռաֆայելյանի եղբայրն է: Կորյուն Ռաֆայելյանը ներկայումս աշխատում է ԱԱԾ Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում:

Կարեն Փարեմուզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վանաձորցի Կարեն և Կորյուն Ռաֆայելյաներին չի ճանաչում և Թումանյան փողոցում որևէ վանաձորցու հողամաս չի վաճառել: Քաղաքապետի և ավագանու որոշումների ուսումնասիրությունից պարզվեց, որ ԱԱԾ Թումանյանի բաժանմունքի պետի եղբայրը երկաթգծի անվտանգության գոտում հող է գնել վերավաճառելու համար:

Այս գործում եղբորն աջակցել է Կորյուն Ռաֆայելյանը, նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանն ու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը: Թումանյան 45/2 հասցեի հողամասը Կ. Ռաֆայելյանին վաճառելուց 22 օր հետո Կարեն Փարեմուզյանը 2016թ.-ի մայիսի 27-ի իր որոշումով՝ 142.6 քմ հողամասի 52,0 քմ-ը մակերեսը վերաբաժանել և հասցեավորել է Թումանյան փողոցի 45/3 փոստային հասցեով:

Դրանից 24 օր հետո՝ 2016թ.-ի հունիսի 21-ի անշարժ գույքի վաճառքի պայմանագրով՝ Կարեն Ռաֆայելյանը շուկայական գնով Թումանյան 45-3 հասցեում գրանցված իր 52 քմ մակերեսով հողամասը վաճառել է Ալավերդու բնակիչ Էմին Աղաբեկյանին:

Արթուր Նալբանդյանի 2016թ.-ի օգոստոսի 17-ի միջնորդությամբ՝ Կարեն Փարեմուզյանը 45/2 հասցեում մնացած Կարեն Ռաֆայելյանի 90,6 քմ մակերեսով հողամասի հողատեսքի գործառնական նշանակությունը փոխել է հասարակական կառուցապատման նշանակության, ապա 90,6 հողամասի 40 քմ մակերեսը քաղաքապետի կողմից հասցեավորվել է  Թումանյան 45/2-1, իսկ 50,6 քմ-ը  հողամասը մնացել 45/2 հասցեով: Կարեն Ռաֆայելյանը Թումանյան 45/2-1 հասցեի 40 քմ հողամասը անշարժ գույքի վաճառքի 2016թ.-ի սեպտեմբերի 13-ի պայմանագրով վաճառել է Ալավերդի քաղաքի բնակիչ Սյուզաննա Իսոյանին:

Սյուզաննայի ամուսինը՝ Էմին Ղարիբյանը, իր ծաղկի խանութում օրեր առաջ մեզ հայտնեց, որ 54/2-1 հասցեով 40 քմ հողամասը Կարեն Ռաֆայելյանից գնել են 10 հազար դոլարով:

Անշարժ գույքի վաճառքի 2016թ.-ի սեպտեմբերի 27-ի պայմանագրով՝ Կարեն Ռաֆայելյանը Թումանյան փողոցի 45/2 հասցեում մնացած իր 50.6 քմ հողամասը վաճառել է Սյուզաննայի եղբորը՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Արշակ Իսոյանին:

Անշարժ գույքի վաճառքի պայմանագրերում Կարեն Ռաֆայելյանը 52 քմ հողամասը Էմին Աղաբեկյանին վերավաճառել է 300 000  դրամով, 40 քմ հողամասը Սյուզաննա Իսոյանին վերավաճառել է 350 000 դրամով, իսկ 50.6 քմ հողամասը Արշակ Իսոյանին վերավաճառել է 450 000 դրամով: 

Ըստ անշարժ գույքի վաճառքի պայմանագրերի՝ 142.6 քմ մակերեսով հողամասի վաճառքի Կ. Ռաֆայելյանի շահույթը կազմել է 315 հազար դրամ:

Կարեն Փարեմուզյանը 2016թ.-ի մայիսի 5-ի որոշումով՝ Թումանյան փողոցի երկաթգծի պաշտպանական գոտում Կարեն Ռաֆայելյանի հողամասի հարևանությամբ, Թումանյան 45/4 հասցեի 27.2 քմ հողամասը 149 հազար 600 դրամ արժեքով վաճառել է Արտուշ Աբելյանին:

Վերջինս մեզ հայտնեց, որ իր հողամասը 5 ամիս առաջ վաճառել է 1 քմ-ը 200 դոլարով. «Հիմա երկաթգծի պաշտպանական գոտիների հողամասերը ավելի թանկ են, մարդ կա այդտեղ քաղաքապետարանից գնած իր հողամասը 15 000 դոլարով է վաճառել: Ես հասկացա, որ խայտառակություն է երկաթգծի տակ շինություն կառուցելը և վաճառեցի իմ հողամասը»,- պատմեց Արտուշ Աբելյանը:

Վերջինս ներկայումս ավագանու անդամ է, հողը գնելիս ավագանու անդամ չի եղել: Թումանյան փողոցի երկաթգծին հարող տարածքի 2,609 կմ ՊԿ 4+65 –ից ՊԿ 6+35 միջակայքում (Թումանյան փողոցի «Կատա» սուպերմարկետի  դիմացի երկաթգծին հարող տարածք) հողամասի սեփականատերեր Էմին Աղաբեկյանի, Արշակ Իսոյանի, Սյուզաննա Իսոյանի, Արարատ ՄատինյանիԶոհրաբ Մղդսյանի կողմից հասարակական օբյեկտներ կառուցելիս 270 գծմ տեղամասում երկաթգծի 5,5 մետր հատվածը փլուզվել է, բետոնե կարուղիների մեծ մասը քանդվել, իսկ մի մասը թեքվել է: Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը այդ մասին գրությամբ տեղեկացրել է «Հարավկովկասյան  երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Սերգեյ Վալկոյին:

Սերգեյ Վալկոն չի կանխել շինությունների կառուցումը, հակառակը, Վանաձորի գծի ուղեմասի պետ Ա. Սաղաթելյանին հանձնարարել է հենապատի շինաշխատանքերին մասնակից դարձնել ուղեմասի համապատասխան մասնագետներին:

sergey_valko.jpg (46 KB)
Սերգեյ Վալկոն

Երկաթգծի 2,609 կմ ՊԿ 4+65-ից ՊԿ +35 միջակայքում փլուզված հատվածը վերականգնվելու համար հողատերերի պատվերով կառուցվել է 170 գծմ  հենապատ: Վերջինիս նախագծի  հեղինակ, «Բաֆտա» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Հարությունյանի խոսքով հենապատի  կառուցման անհրաժեշտությունը առաջացել է  շինությունների հիմքերը փորելիս՝ երկաթգծի հիմքից հողի և խոշոր քարերի սողանքի հետևանքով

«Այդ հատվածում շինություն կառուցողներից մեկին հարցրի՝ այս ինչ եք անում: Նա ինձ բացատրեց, որ «Հարավկովկասյան երկաթուղին» այս բոլոր շինությունների համար թույլտվություններ է տվել: Ես այդ կառույցին դրանից հետո չեմ կարողանում նորմալ վերաբերվել»,- ասաց համայնքի ավագանու անդամ Հարություն Ձավարյանը : 

Նա ասում է, որ այդ շինարարությունների կանխումը այլևս համայնքային գործառույթ չէ: «Պատկերացնում եք, ամիսներ առաջ Թումանյան կայարանի երկաթգծում տեղի ունեցած գնացքների վթարը կրկնվի Կախոյան շենքերից հազիվ 100 մ  հեռու գտնվող երկաթգծի հատվածում»,- ասաց նա:  

Հ. Ձավարյանը կարծում է, որ երկաթուղային տրանսպորտի անվտանգ երթևեկությունն  ու Ալավերդու բնակչության անվտանգությունը պետք է ապահովվի իրավական ճանապարհով: Հիշեցնենք, որ Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու համայնքապետ աշխատելիս 2006թ.-ի օգոստոսի 9-ի իր որոշումով՝ երկաթգծի պաշտպանական գոտու տարածքում գտնվող Ալավերդու եղեռնի պուրակի 950քմ մակերեսով հողամասը 807 975  դրամ արժեքով վաճառել է  այն ժամանակ  փոխքաղաքապետ Արտավազդ Վարոսյանի կնոջը՝ Լուսինե Միքայելյանին: 

«Այդ հողամասերի մի մասը մինչև 2017թ.-ը մերն է եղել, իսկ մյուս մասը գրանցվել է Արթուր Նալբանդյանի անունով»,- հայտնեց Արտավազդ Վարոսյանը:

Համայնքապետարանի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գույքի կառավարման բաժնում մեզ հայտնեցին, որ 2010թ.-ի դրությամբ Թումանյան փողոցի երկաթգծի հարևանությամբ 950քմ հողամասի 400 քմ-ը մնացել է Լուսինե  Միքայելյանի անունով, 450քմ հողամասի սեփականատեր է գրանցվել Արթուր Նալբանդյանի կինը՝ Նաթելա Մաթոսյանը:  

Լուսինե Միքայելյանը 400քմ իր հողամասը 2017 թ.-ին շուկայական գներով վաճառել է ավագանու անդամ Արմեն Կարապետյանին, 100քմ հողամասի սեփականատեր է ճանաչվել համայնքապետարանի  եկամուտների հավաքագրման, հաշվառման և գույքի կառավարման  բաժնի պետ Արա Աբելյանը: Նախկին քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի 2017թ.-ի սեպտեմբերի 27-ի որոշումով՝  Թումանյան փողոցի 61/2 հասցեում գտնվող 105,0 քմ հողամասը 551 250 դրամով վաճառվել է կրկին Արթուր Նալբանդյանի կնոջը՝ Նաթելա Մաթոսյանին: Երկաթգծի պաշտպանական  գոտիների տարածքում հողամաս են գնել ավագանու անդամ Արմեն Կարապետյանը, ավագանու անդամ Գագիկ Էվոյանը, վերջինիս որդին՝ Գարիկ Էվոյանը:  Երկաթգծի պաշտպանական գոտիներում այլ պաշտոնյաներ հողամաս են գնել այլ անձանց անուններով: 

Մեկնաբանություններ (2)

Գագիկ
Բոլոր մասնակիցներն էլ ունեն փոխկապվածություն նախկին չինովնիկներ հետ, պետք չէ որեվե մեկին առանձնացնել: Երբ որ երկաթուղին կաշխատի ծանրաբեռնված, սպասեք աղետի
Սամվել
ինչպես հասկացա բոլոր ապօրինություններն ու օրենքի խախտումները կատարվում են երկաթգիծը շահագործող Ռուսական ընկերության լուռ համաձայնությամբ և ինչու չէ նաև նրանց՝.դիտավորությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter