HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մեքենան՝ «անշարժ գույք». քաղաքացին չի կարողանում գրանցել և շահագործել աճուրդից գնած մեքենան

Քաղաքացի Ժիրայր Պողոսյանը երկու տարի առաջ Երևանի «Ադամանդ» ապրանքահումքային բորսայում կայացած աճուրդում 1.340.000 դրամով գնել է կառավարության որոշման հիման վրա աճուրդային վաճառքի ներկայացված «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող Toyota RAV 4 մակնիշի ավտոմեքենա: Այն շուտով հայտնվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում, իսկ մեկուկես տարի անց՝ Պողոսյանների ավտոտնակում: Ոստիկանությունը մեքենայի պետական գրանցում չի իրականացնում, և Պողոսյանները զրկված են այն օգտագործելու հնարավորությունից:

Ժիրայր Պողոսյանն այս պահին զինվորական ծառայության մեջ է: Հորը՝ Էդուարդ Պողոսյանին է լիազորել զբաղվել մեքենայի գրանցման և այլ հարցերով: Վերջինս մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչու է մեքենան վերածվել «անշարժ գույքի»:

Այսպես, մեքենան աճուրդից գնելու օրը՝ 2017 թվականի հոկտեմբերի 23-ին, Ժիրայր Պողոսյանը դիմել է Ճանապարհային ոստիկանություն՝ այն պետական գրանցման ներկայացնելու համար, սակայն գրանցումը մերժվել է այն պատճառաբանությամբ, թե առկա է տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն: Մասնավորապես՝ մեքենայի զննության ժամանակ կասկած է առաջացել, որ դրա նույնացման համարի դաջվածքը ոչ գործարանային եղանակով է դաջված կամ վերադաջված:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել, և Պողոսյանի ավտոմեքենան հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու որոշում է կայացվել: Հետագայում քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցագործության դեպքի և հանցակազմի բացակայության հիմքերով: Որոշմամբ հաստատվել է, որ գնելիս Ժիրայր Պողոսյանը տեղյակ չի եղել ավտոմեքենայի նույնացման համարը վերադաջված լինելու հանգամանքի մասին: Քննության ընթացքում «Ինտերպոլից» տեղեկություններն են ստացվել այն մասին, որ մեքենայի նույնացման համարները Ինտերպոլի գլխավոր քարտուղարության առևանգված տրանսպորտային միջոցների հաշվառումներով չեն անցնում:

Ժիրայր Պողոսյանի ներկայացուցիչը 2018 թվականի մարտի 15-ին դիմում է ուղարկել այն ժամանակվա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին` խնդրելով վերացնել «տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու վերաբերյալ» արձանագրությունը, ինչպես նաև տրանսպորտային միջոցի պետական գրանցումը մերժելու մասին որոշումը: Ոստիկանությոնը, առանց դիմումում ներկայացված պահանջներին անդրադարձ կատարելու պատասխանել է, թե «գրությունը քննարկվել է Ճանապարհային ոստիկանությունում»։ Միաժամանակ պարզաբանվել է, որ տրանսպորտային միջոցը ձեռքբերողը բարեխիղճ գնորդ է ճանաչվում դատարանի վճռով: Ապա երկրորդ դիմումն է ուղարկվել`նույն խնդրանքով, և կրկին ապարդյուն:

Մոտ մեկուկես տարի մեքենան մնացել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում, ապա վերադարձվել Պողոսյաններին: Մինչև վերադարձնելը ոստիկանությունը ցանկացել է Պողոսյաններից գանձել մեքենայի պահպանման գումարը, սակայն Էդուարդ Պողոսյանն առարկել է պահանջի դեմ, նշել, որ իրենց չի տրամադրվել մեքենան պահպանման հանձնելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ: Ի վերջո մեքենան նրանց է հանձնվել առանց պահպանման գումարի գանձման:

Էդուարդ Պողոսյանն այս ընթացքում ևս մեկ անգամ է դիմել ոստիկանություն` խնդրելով թույլատրել իրականացնել ավտոմեքենայի պետական գրանցումը Ժիրայր Պողոսյանի անվամբ: Ոստիկանությունը կրկին մերժել է տրանսպորտային միջոցի հաշվառման մասին խնդրանքն ու որպես իրավական հիմք վկայակոչվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը, համաձայն որի՝ տրանսպորտային միջոցների պետական գրանցումը մերժվում է, եթե առկա է տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն:

Էդուարդ Պողոսյանը հատկանշական է համարում այն հանգամանքը, որ ավտոմեքենան Հայաստանի տարածքում առաջին անգամ հաշվառվել է 2003 թվականին՝ «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության» անվամբ, շուրջ մեկ տարի անց ավտոմեքենան վերահաշվառվել է նույն ՊՈԱԿ-ի անվամբ:

Ըստ Էդուարդ Պողոսյանի` մեքենայի ներմուծման և առաջին անգամ հաշվառման կանգնեցնելու ժամանակ գործել է «ՀՀ ոստիկանության մասին» օրենքը, որը որևէ կերպ չի կարգավորել և չի սահմանափակել տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանության դեպքում տրանսպորտային միջոցի հաշվառումը, իսկ այս խնդիրը կարգավորող օրենքը, որն ուժի մեջ է մտել 2005թվականից, և չի կարգավորում նախկինում արդեն իսկ հաշվառված խնդրահարույց տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը: Դա է պատճառը, որ առաջացել է իրավական անորոշություն, որը տվյալ պարագայում, փաստորեն, մեկնաբանվել է ի վնաս քաղաքացու:

Ոստիկանապետին հասցեագրված դիմումում Էդուարդ Պողոսյանը խնդրել է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և այն փաստերը, որ ավտոմեքենան չի գտնվում հետախուզման մեջ, իսկ ենթադրյալ վերադաջումը տեղի է ունեցել մինչև ավտոմեքենայի առաջին անգամ հաշվառման կանգնեցնելը, ավտոմեքենան հաշվառել իրական կամ վերադաջված նույնականացման համարով, կամ առաջարկել խնդրի լուծման որևէ օրենքով սահմանված տարբերակ: Հարցը, սակայն, մինչև այս պահը լուծում չի ստացել:

Ոստիկանության պարզաբանումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին «Հետքը» գրավող հարցում է ուղարկել՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպե՞ս է ստացվել, որ առաջին անգամ մեքենան «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության» անվամբ հաշվառվելիս չի հայտնաբերվել դրա իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանությունը, ինչպես նաև պարզաբանել, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ գործողություններ պետք է իրականացնի քաղաքացի Ժիրայր Պողոսյանը, որպեսզի աճուրդից օրինական կարգով ձեռք բերված մեքենան պետական գրանցում ստանա և ինքը ստանա այն տնօրինելու իրավունք:

Ի պատասխան մեր հարցմանը՝ ոստիկանությունից հայտնել են, որ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ վերը նշված մեքենան 2003 թվականի դեկտեբերի 26-ից մինչ օրս հաշվառված է «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության» անվամբ: 2003-ին, ըստ ոստիկանության պատասխանի, ավտոտրանսպորտային միջոցների գրանցման գործողությունները կարգավորվել են «Ավտոտրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման կարգը ԽՍՀՄ-ում» թիվ 20 հրամանով, համաձայն որի` «Ձեռնարկությունների, հաստատությունների և կազմակերպությունների նոր ավտոտրանսպորտային միջոցները գրանցվում են առանց զննության»:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փորձագիտական եզրակացության բովանդակությունը հաստատում է այն փաստը, որ քաղաքացի Ժիրայր Պողոսյանի կողմից ձեռք բերված TOYOTA RAV 4 2.0 մակնիշի 031 LL 11 համարանիշի ավտոմոբիլի նույնացման համարը վերադաջված է: Բացի այդ եզրակացությունը չի հաստատում նույնացման համարի որևէ թվային համադրություն, իսկ «Ճանապարհային Երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10 մասի 3-րդ կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցների պետական գրանցումը մերժվում է, եթե առկա է տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն: Ելնելով վերոգրյալից՝ Ճանապարհային ոստիկանությունը տրանսպորտային միջոցի հաշվառման վերաբերյալ Ժիրայր Պողոսյանի խնդրանքը բավարարելու իրավազորություն չունի: Որոշման հետ համաձայն չլինելու պարագայում վերջինս այն կարող է վիճարկել դատական կարգով»,- ասված է ոստիկանության պատասխանում:

Լուսանկարում՝ Toyota Rav 4 մակնիշի ավտոմեքենա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter