HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Թրաֆիքինգի զոհեր. անվտանգության, փոխհատուցման խնդիրներ

Ավելի քան 2 տարի առաջ Լաուրա Ազարյանն ու նրա հարազատ եղբայրը՝ Գագիկ Կարապետյանը, դատապարտվեցին երկարատեւ ազատազրկման՝ հայ կանանց եւ աղջիկներին խաբեությամբ Թուրքիա տեղափոխելու եւ շահագործելու համար:

Տուժողներից 49-ամյա Ռիմային խոստացել էին 500 դոլար ամսավճարով աման լվացողի աշխատանք: Սակայն Անթալիայում նա ներգրավվել էր հարկադիր աշխատանքի մեջ` առանց վարձավճարի Լաուրայի տանն ամիսներ շարունակ կատարելով տնային աշխատանքներ: Իսկ նրա քրոջ աղջկան՝ 20-ամյա Իրինային (անունը փոխված է), ստիպել էին տարբեր կազինո-բարերում հաճախորդներին զվարճացնել` ենթարկելով «սեռական այլ շահագործման»:

Ռիման եւ Իրինան մարզի բնակիչներ են: Շահագործման արդյունքում նրանց մոտ առողջական խնդիրներ են առաջացել, եւ նրանք պարբերաբար գալիս են Երեւան՝ ստանալու անհրաժեշտ բուժօգնություն: Ռիման այցելում է հոգեբույժի, իսկ Իրինան արյան պլազմա է ստանում:

«Դեռ նախաքննության ընթացքում թուլություն էի զգում եւ գլխապտույտ ունեի: Պարզվեց, որ վախից արյունս ջուր է դառնում. սպիտակ գնդիկները շատանում են: Դրա համար մեկամսյա ընդմիջումով ամեն շաբաթ արյան պլազմա եմ ստանում՝ տարեկան վճարելով 192 հազար դրամ,- մանրամասնում է Իրինան:- Իսկ մորաքրոջս հոգեբույժի մոտ տանելով՝ ամսական ծախսում ենք 30-40 հազար դրամ: Նա հիմա ոչ մեկի հետ չի կարողանում նորմալ խոսել. գոռգոռում է, լացում... Շատ զգույշ պետք է լինենք»:

Իրինան նշում է, որ «Հույս եւ օգնություն» ՀԿ-ն որպես թրաֆիքինգի զոհեր իրենց ամեն հարցում աջակցել է, սակայն դատավարությունից հետո արդեն անձամբ են լուծում բոլոր խնդիրները, այդ թվում՝ ֆինանսական:

Դատավարության ընթացքում տուժողները քաղհայց են ներկայացրել՝ պահանջելով նյութական փոխհատուցում:

«Իրենք մեկնելուց առաջ կոնկրետ աշխատավարձ էին խոստացել, այնտեղ մեր շահագործումից ստացված գումարները մեզ չեն տվել: Բացի դրանից՝ մորաքույրս մինչեւ մեկնելը քաղաքապետարանում հավաքարար էր աշխատում եւ 35 հազար դրամ աշխատավարձ ստանում: Այսինքն, եթե չտեղափոխվեր Թուրքիա, կշարունակեր նույն գործն անել եւ աշխատավարձ ստանալ: Բայց դատարանը Լաուրային եւ Գագիկին ազատազրկեց, եւ վերջ՝ քաղհայցին ընդհանրապես չանրադարձավ»,- ասում է Իրինան:

Նրանց շահերը դատարանում պաշտպանել է փաստաբան Հովիկ Արսենյանը: Շեշտելով, որ մինչ օրս թրաֆիքինգի գործերով եւ ոչ մի քաղհայցի պահանջ դատարանները չեն բավարարել՝ փաստաբան Արսենյանն անդրադառնում է նմանատիպ գործերի դատավարության ձգձգումներին եւ այդ ընթացքում տուժողների անվտանգության խնդրին:

«Բազմիցս ականատես եմ դարձել, թե ինչպես են դատարաններում մեղադրվող կողմը կամ նրա հարազատները փորձել ոտնձգություններ կատարել տուժողների նկատմամբ: Եղել են դեպքեր, որ ուղղակիորեն հարձակվել են տուժողի վրա, ամենալկտի արտահայտություններով վիրավորել, թե ինչու ես խիստ պատիժ պահանջում: Կամ փորձում են կաշառել, շահագրգռել, որ տուժողներն իրենց ցուցմունքները փոխեն»,- ասում է Արսենյանը եւ ընդգծում, որ այս ֆոնին դատավարությունները հաճախ անտեղի ձգձգվում են՝ պարարտ հող ստեղծելով վերոնշյալ իրավիճակների համար:

«Նախաքննության ժամանակ պաշտպանական միջոցները շատ թե քիչ կիրառվում են, բայց դատարաններում միանգամայն բարձիթողի վիճակ է: Այստեղ պետք է նկատի ունենան, որ տուժողն այլեւս չշահագրգռված անձ է դարձել, որովհետեւ մի կողմից նրա կրած նյութական ու բարոյական փոխհատուցումը չի ապահովվում, մյուս կողմից՝ տուժողը շատ լավ գիտի, որ դատարան գնալը հղի է իր նկատմամբ կատարվող հերթական ոտնձգությամբ»,- ասում է Հովիկ Արսենյանը:

Ըստ նրա, ելնելով թրաֆիքինգի գործի առանձնահատկությունից, դատարաններին ուղղակիորեն պետք է հրահանգել՝ գործել առավելագույնս արդյունավետ, «թե չէ գործեր կան, որ ամիսներով դատարաններում քննվում են»:

Փաստաբան Դավիթ Թումասյանը զեկույց է գրել եւ որոշ դիտարկումներ արել անցյալ տարի Հայաստանի դատարաններում քննված թրաֆիքինգի գործերի վերաբերյալ: Թեմայի շուրջ «Հետքը» զրուցել է ինչպես փաստաբան Թումասյանի, այնպես էլ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանի հետ:

Քաղաքացիական հայցի, տուժողների կրած վնասների փոխհատուցման մասին

Արթուր Դավթյան - Թրաֆիքինգի վերաբերյալ քրեական գործերի քննության առանձնահատկությունը նրանում է, որ թեեւ մեր քրեադատավարական օրենսդրությունը նախատեսում է կարգ, որ քրեական գործով քննության ընթացքում կարող է եւ ներկայացվել քաղհայց, եթե հանցագործությամբ պատճառվել է համապատասխան նյութական վնաս, բայց հազվադեպ է լինում, որ քրեական գործով տուժողները հանդես են գալիս նաեւ քաղհայցով:

Իսկ այն դեպքերում, երբ քրեական գործի ընթացքում նրանց կողմից քաղհայց ներկայացվել է, բոլոր դեպքերում էլ դատարանը չի բավարարել քաղաքացիական հայցերը: Բայց ոչ էլ մերժել է, այլ օրենքով սահմանված կարգով թողել է առանց քննության՝ պարզաբանելով, որ գործի ավարտից հետո կարող են առանձին՝ քաղաքացիադատավարական կարգով, դիմել քաղհայցով եւ ստանալ իրենց պատճառված վնասները:

Զուտ ճանապարհի առումով սա հեշտացնում է տուժողների գործը, որովհետեւ, երբ քրեական գործի դատավճռով հիմնավորվում է, որ նրանց նկատմամբ կատարվել է համապատասխան հանցագործություն, արդեն բավարար հիմք է, որպեսզի հետագայում, երբ նրանք քաղհայց ներկայացնեն, քաղաքացիական գործը քննող դատարանի համար ակնհայտ լինի, որ հանցավոր ճանապարհով նրանց պատճառվել է վնաս:

Փաստորեն, քաղաքացիական հայցի քննության երկու իրավիճակ ունենք. քրեադատավարական կարգով եւ քաղաքացիաիրավական: Քրեադատավարականի առավելությունը տուժողների տեսակետից նրանում է, որ այստեղ, ըստ էության, ապացուցման պարտականությունը նաեւ կրում է քրեական հետապնդման մարմինը: Այսինքն՝ մինչդատական վարույթում քննիչը նաեւ ձեռք է բերում ապացույցներ, որոնք կհիմնավորեն ներկայացված քաղաքացիական հայցը: Իսկ քաղաքացիաիրավական կարգով քննության ժամանակ սա բացառապես հայց ներկայացնողի պարտականությունն է. հայցորը պարտավոր է ինքը ներկայացնել իր պահանջի հիմնավորումները:

Ամբողջ խնդիրը նրանում է, թե տուժողներն ինչպես են ապացուցելու, որ իրենց պատճառվել է նյութական վնաս: Սա շատ բարդ խնդիր է նաեւ նախաքննական մարմնի համար:

Հիմնական դեպքերը վերաբերում են այլ երկրներում կատարված թրաֆիքինգին, ասենք՝ Դուբայում, Թուրքիայում եւ այլն: Տուժողները, բնականաբար, իրենց ցուցմունքներում նկարագրում են հանգամանքներ: Սակայն դատարանները դժվարանում են այս հայցերը քննել եւ լուծում տալ, որովհետեւ ապացույցները, ըստ էության, բավարար չեն կարող համարվել, որովհետեւ արդյունքում մնում է ընդամենը տուժողի ասածը (գույքային հարցերի վերաբերյալ), որը ամբաստանյալները միշտ էլ հերքում են, թեկուզ այն առումով, որ ոչ թե, ասենք, ամեն օր են նրանք հաճախորդ ունեցել, այլ, ընդունենք, 5 օրը մեկ, կամ ոչ թե ծառայությունն արժեցել է 100 դոլար, այլ 20: Ուզում եմ ասել, որ գույքային հարցն այնքան սուբյեկտիվ է, որ օբյեկտիվ պատճառներով հիմնականում հնարավոր չի լինում հաջողության հասնել:

Ի վերջո, դեպքն էլ այստեղ չի եղել, որ կարողանանք ՀՀ-ում անհրաժեշտ քննչական գործողություններ իրականացել: Ավելին՝ երկրի սահմաններից ներս կատարված գործերի դեպքում էլ նույն խոչընդոտները կան, որովհետեւ հաճախ հնարավոր չի լինում հայտնաբերել հաճախորդներին, որպեսզի նրանց միջոցով պարզվի ծառայությունից օգտվելու պարբերությունը կամ դրա գինը:

Ինչ վերաբերում է բաց թողված օգուտին, սա քրեական գործի շրջանակներում շոշափվող հարց չէ, եւ երբ քրեական գործի շրջանակներում քաղհայց է ներկայացվում, բաց թողած օգուտը սրա մեջ չի կարող հաշվարկվել, որովհետեւ քրեական գործով քաղհայցը ներկայացվում է միայն հանցագործությամբ պատճառված վնասի մասով:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել՝ որպես կանոն, թրաֆիքինգի զոհերի ճնշող մեծամասնությունը՝ 97-98 տոկոսը, մինչեւ շահագործվելը չի աշխատել: Իսկ բաց թողնված օգուտը պարագայում կողմը պետք է կարողանա հիմնավորել, որ մինչ այդ զբաղվում էր կոնկրետ աշխատանքով եւ ամսական ստանում այսքան աշխատավարձ, որից, փաստորեն, հարկադրաբար զրկվել է շահագործման պատճառով:

Անդրադառնալով Իրինայի պատմածին՝ մորաքրոջ՝ Ռիմայի բաց թողված օգուտի վերաբերյալ, իմ կարծիքով՝ սա այն իրավիճակն է, երբ բաց թողված օգուտը շատ հեշտ ապացուցելի է: Քրեական գործով ռեալ հիմնավորվել է, որ տվյալ անձի նկատմամբ տեղի է ունեցել հանցագործության դեպք. կոնկրետ ժամանակահատված նա արտերկրում շահագործվել է: Եվ եթե նա նույնիսկ չկարողանա էլ հիմնավորել, թե Թուրքիայում շահագործման արդյունքում իրենից ինչքան գումար են վերցրել, բաց թողված օգուտի մասով քաղաքացիաիրավական կարգով կարող էր ներկայացնել համապատասխան հիմքեր, որ իսկապես այստեղ աշխատող է եղել, եւ այս մասով փոխհատուցման պահանջի բավարարումը շատ ռեալ է: Եթե դա չի արվել, սա արդեն ակնհայտ թերացում է:

Դավիթ Թումասյան - Սեռական շահագործման դեպքում շատ դժվար է հիմնավորել տուժողի կրած վնասի չափը. չկա որեւէ նյութական ապացույց, որ կհիմնավորի նրա ասածները: Իսկ վերցնել ինչ-որ միջինացված թիվ եւ դրանով պահանջ ներկայացնել, դատարանում կհամարվի չհիմնավորված:

Նույն պատկերն է նույնիսկ աշխատանքային թրաֆիքինգի պարագայում: Որովհետեւ, ասենք, տանում են Ռուսաստան աշխատանքի, բայց աշխատանքային պայմանագիր չեն կնքում, իսկ դատարանի համար հիմքը պետք է լինի այն պայմանագիրը, որն առկա է:

Այս պարագայում ավելի լավ է ունենալ հատուկ ֆոնդ: Քանի որ մեզ մոտ արդեն նախատեսված է, որ շահագործողին պատկանող գույքը կամ դրա մի մասը որպես պատժատեսակ կարող է բռնագրավվել, պետությունը կարող է այդ նույն գույքից մաս առանձնացնել՝ ֆոնդ ստեղծելու համար: Հետագայում, կախված շահագործման ժամկետներից, այդ ֆոնդից ֆիքսված գումար կհատկացվի տուժողներին:

Կան պետություններ, որոնք նմանատիպ ֆոնդերի ստեղծում նախատեսում են: Հակառակ դեպքում փաստացի ստացվում է, որ պետությունը շահագործողից ստանում է գույքի բռնագրավման գումարը, բայց տուժողներին ոչինչ չի տրվում:

Տուժողների անվտանգության մասին

Արթուր Դավթյան - Դեռ նախաքննության ընթացքում անվտանգության խնդիրը կա, ուր մնաց նախաքննությունից հետո չլինի:

Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դատավարության մասնակիցների նկատմամբ կիրառվող պաշտպանության ամենատարբեր միջոցներ՝ սկսած անձի համապատասխան տվյալները պաշտպանելուց, մինչեւ նրան բնակարան տրամադրելը, բնակության վայրը փոխելը եւ այլն: Բայց պետք է ասեմ, որ սա մեր քրեական դատավարության այն նորմերից է, որն ավելի շատ թղթի վրա է, քան իրականության մեջ:

Ճիշտ է՝ օրենքը սահմանել է կարգը, բայց դրա մեխանիզմները, կոնկրետ պատասխանատուներին չի նախատեսել: Ասենք՝ քննիչը՝ որպես դատավարական սուբյեկտ, այդ միջոցը կիրառելու որոշում կայացնելու իրավունք ունի, բայց այդ որոշումն ո՞ւմ ուղարկի, ով ի կատար ածի այն: Ենթադրենք՝ անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որ ոստիկանության մեկ աշխատակից շրջի տվյալ մարդու հետ: Բայց ոստիկանության ո՞ր բաժինը դա պետք է անի:

Այս խնդիրը դատախազության կողմից բազմիցս բարձրացվել է եւ ոչ միայն թրաֆիքինգին վերաբերող գործերով: Նույնիսկ ժամանակին առաջարկություններ եղան, որ պետք է սրա մասին առանձին օրենք ընդունել՝ հստակ պատասխանատուներով, մեխանիզմներով, եղանակներով եւ այլն:

Մինչեւ այսօր սայլը տեղից չի շարժվել, եւ երբ 2011 թ. դեկտեմբերի 23-ին մենք կոլեգիայի նիստում քննարկեցինք թրաֆիքինգի վերաբերյալ գործերի քննության պրակտիկան, կոլեգիայի որոշմամբ ուղղակիորեն կետ է դրվել, որ առանձին դիմելու ենք ոստիկանության պետին այսպիսի ինքնուրույն ստորաբաժանում ստեղծելու առաջարկով:

Ճիշտ է՝ նորից թրաֆիքինգի գործերով է դա սկսվում, բայց շատ այլ գործերով դրա անհրաժեշտությունը կլինի, եւ արդեն ժամանակն է, որ ոստիկանությունն ունենա առանձին ստորաբաժանում, որի հիմնական առաքելությունը կլինի պաշտպանության միջոցների իրականացումը:

Քանի որ այս մեխանիզմները չունենք, երբ թրաֆիքինգի գործով նման վտանգ է եղել, միշտ փորձել ենք հարցին տալ րոպեական լուծումներ: Ի՞նչ ենք արել: Ոստիկանության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնին խնդրել ենք, աշխատակիցներ են ուղարկել: Կամ քննիչը հաճախ անձամբ է փորձել միջոցներ ձեռնարկել:

Բայց ասեմ, որ իրականում գրեթե չի լինում նման բան, երբ տուժողը կամ վկան ահազանգեն, թե ես ցուցմունքն եմ տվել տվյալ գործով, բայց այսինչը ինձ վրա փորձում է ներգործել, ստիպել եւ այլն: Թրաֆիքինգի մեկ գործ ենք ունեցել՝ կավատ Անուշ Մարտիրոսյանի գործը, երբ նրա ձերբակալման հաջորդ օրը վերջինիս քույրը տուժողին հեռախոսով կաշառք էր առաջարկել, որպեսզի ցուցմունքները հետ վերցնի: Ուղղակի քննիչի եւ տուժողի միջեւ ստեղծված ճիշտ կոնտակտի շնորհիվ տուժողն արագ արձագանքեց, ինչի արդյունքում կաշառք տալու պահին Անուշ Մարտիրոսյանի քույրը ձերբակալվեց:

Մենք ավելի շատ հակառակ իրավիճակին ենք ականատես լինում, երբ ցուցմունքը վերցրել ենք, դատախազը գնում է դատարան, եւ տուժողը հանկարծ ցուցմունքները փոխում է: Մեզ համար ակնհայտ է, որ ինչ-որ միջնորդավորված կապ է աշխատել: Եվ երբեմն տուժողներն իրենց ցանկությամբ են նման կապերի մեջ մտնում. տարբեր նկատառումներից ելնելով՝ շահագրգռված են լինում մեղադրյալին կամ ամբաստանյալին օգնել: Իհարկե, տուժողների համապատասխան իրավունքները պահպանելով՝ երբեմն փորձում ենք պարզել, թե ինչ ներգործություն է եղել: Իսկ եթե հատուկ ստորաբաժանում լինի, նա ամբողջ իրավիճակին ավելի լավ կտիրապետի, անօրինական ներգործությունն ավելի շուտ կտեսնի եւ կիմանա, թե ով դիմեց տուժողին, ինչն էր պատճառը, որ նա հետագայում ցուցմունքները փոխեց եւ այլն: Բնականաբար, մյուս կողմից էլ տուժողների ու վկաների համար ակնհայտ կլինի, որ իրենք համապատասխան պաշտպանության տակ են:

Եվ այս պրոբլեմը միայն թրաֆիքինգին չի վերաբերում: Քրեական հետապնդման երեւի համար մեկ խնդիրներից մեկը ցուցմունքներ փոխելու խնդիրն է:

Սրա դեմ պայքարելու մի միջոց փորձեցինք կիրառել: Երկու տարի առաջ, երբ նման ուսումնասիրություն կատարվեց վարչությունում, տարեկան աշխատանքների արդյունքներով կոլեգիայի որոշման կետ սահմանեցինք, որ ավելի հետեւողականություն ցուցաբերվի սուտ ցուցմունք տալու հոդվածով քրեական հետապնդումներին: Այսինքն՝ երբ դատավարության մասնակիցները սուտ ցուցմունքներ կտան, նրանց կենթարկենք քրեական պատասխանատվության, քանի որ հաճախ սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք չտալու պատճառով գործը չի բացահայտվում:

Լոռու մարզում տուժողը 3-4 դանակի վնասվածք ուներ, ասում էր՝ ընկել եմ: Չկարողացանք բացահայտել, թե ով էր ծանր մարմնական վնասվածք պատճառել: Բայց քանի որ հերքել էինք նրա ցուցմունքների իրական լինելը, սուտ ցուցմունքով գործ հարուցեցինք եւ ուղարկեցինք դատարան: Դատարանը նրան արդարացրեց՝ վկայակոչելով այն նորմը, որ անձը մինչեւ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը կարող է փոխել իր ցուցմունքը, հայտնել իրականությունը, ինչի պարագայում չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել:

Դատարանը ինձ համար զարմանալիորեն ասաց, թե քանի դեռ գործը բացահայտված չէ, չեք կարող տվյալ անձին սուտ ցուցմունքի համար պատասխանատվության ենթարկել: Բայց չէ՞ որ քանի դեռ հանցագործը բացահայտված չէ, այս պահին մենք դա պետք է անենք, որովհետեւ, ես կարծում եմ, սա կանխարգելիչ նշանակություն էլ կարող է ունենալ: Եթե մարդը իմանա, որ ինքն է ենթարկվելու պատասխանատվության, գոնե 10-ից 5-ը կվերանայի իր մոտեցումը եւ կասի ճշմարտությունը: Հակառակ դեպքում նա ոչ մի շահագրգռվածություն չունի իր մոտեցումը վերանայելու, ոչ էլ ներգործության միջոց կա:

Փաստաբան Դավիթ Թումասյանը եւս համարում է, որ անհրաժեշտ է ոստիկանության կազմում ունենալ հատուկ ստորաբաժանում, որը կզբաղվի զուտ դատավարության մասնակիցների՝ տուժողների եւ վկաների անվտանգության ապահովմամբ: Ստորեւ ներկայացվող հարցի դեպքում նույնպես Թումասյանի կարծիքը համընկնում է Դավթյանի տեսակետին:

Թրաֆիքինգի գործերով դատավարությունների ձգձգումների մասին

Արթուր Դավթյան - Հենց մեղադրական եզրակացությունը հաստատեցինք, ժամ առաջ ուզում ենք, որ մեր գործը դատական ավարտ ունենան: Հաստատ չեք հանդիպի որեւէ դեպք, երբ մեղադրողի պատճառով դատական քննությունը կհետաձգվի: Հիմա 4 ամսից ավել դատարանում քննվող բոլոր քրեական գործերի մասին զեկուցվում է անձամբ գլխավոր դատախազին: Եթե դրանց ձգձգումների մեջ մեղավորը դատախազն է լինում, անպայման արձագանք ստանում է, իսկ եթե մեղադրողը չէ, մենք ոչինչ անել չենք կարող:

Պաշտպանության կողմը, որպես կանոն, միշտ փորձում է եղանակներ գտնել դատավարությունը ձգձգելու, թեկուզ այն պատճառով, որ փորձի կապեր գտնել տուժողների, վկաների հետ, որպեսզի վերջիններս ցուցմունքները վերանայեն եւ այլն: Սա պաշտպանության կողմից հաճախ չարաշահվող խնդիր է, եւ մեր օրենքն այս առումով այնքան հնարավորություն է տվել փաստաբաններին, որ նրանց վրա ներգործելու հնարավորությունները քիչ են, դատավորների ձեռքերը փաստաբանների մեղավորության դեպքում կապված են:

Օրինակ՝ թրաֆիքինգի գործերից մեկով՝ Կալյակինաների վերաբերյալ քրեական գործը դատարանում մոտ 2 տարի քննվեց: Դատարանն ինքը պետք է մտածի եղանակների մասին, ի վերջո, դատական քննության ընթացքում վարույթի տերը դատարանն է: Իրենք ավելի կոշտ պետք է սկսեն գործել: Կարծես թե ձգձգումների ընդհանուր միտում կա երկրում, այսպիսի խնդիր ունենք:

Մյուս կողմից՝ դատարանները, որպես նիստերի հետաձգումների օբյեկտիվ պատճառ, հաճախ վկայակոչում են խիստ ծանրաբեռնվածությունը՝ նշելով, թե վարույթում ունենք 30-40 գործ եւ այլն: Բայց կարծում եմ, որ դա կարելի է ուսումնասիրել: Եթե իրականում այդքան ծանրաբեռնված են, պետք է մտածել դատավորների քանակն ավելացնելու մասին: Եթե պատճառներն իրոք օբյեկտիվ են, պետք է անպայման լուծումներ գտնվեն: Իսկ եթե սուբյեկտիվ են, պետք է համապատասխան արձագանք ունենան: Ի վերջո, ողջամիտ ժամկետում գործի քննությունը Եվրոպական կոնվենցիայի ուղիղ պահանջներից մեկն է: Սա յուրաքանչյուր հանցագործության մեջ մեղադրվող անձի սուրբ իրավունքներից մեկն է, որ պետությունը պարտավոր է ապահովել:

Մեկնաբանություններ (1)

Vardan
amena vat@ ena vor mi jamanak hay axchkeq@ iranc spanumein vor turqer@ iranc matov chkpnen isk esor shat hay axchkeq te irenc kamqov te senc xabvac @ngnumen dranc tak@ u amotalin ena vor hay txamard@ senc banera anum to turq@ ova vor qo azgic hay axchkeqin tanumes vor et b...i txeqin zvarjacni vor 2 kopek ashxates ches mtacum vor vax te ush aracnerit hamar patasxanes talu te mtacumes prcar vsio ASCO DEM@ PATASXAN TALUC VAXECI

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter