HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Կովկասի կաբելային հեռուսատեսության օրեր 2019»․ ինչ խնդիրներ են առաջացել հեռուստատեսային դաշտում

«Վերջին 10 տարում հեռուստատեսային ճյուղը մեդիադաշտում աճել է, և մեծ դեր ունի երկրի էկոնոմիկայի զարգացման վրա, ուստի մեծ ուշադրություն է գրավում այս ճյուղի հետագա աճը։ Վրաստանի մեդիադաշտի 58%-ը զբաղեցնում է հեռուստատեսությունը»,- այսօր «Կովկասի կաբելային հեռուսատեսության օրեր 2019» կոնֆերանսի ժամանակ նշեց Վրաստանի կաբելային հեռուստատեսության միության նախագահ Գուրամ Բերուաշվիլին։

Կաբելային հեռուստատեսությանը նվիրված երկօրյա կոնֆերանսն այս տարի անցկացվում է Հայաստանում, կոնֆերնսի հիմնական նպատակը հեռուստատեսության ոլորտում գաղափարների փոխանակման մեկ ընդհանուր ինֆորմացիոն հարթակի ստեղծումն է, նոր համագործակցան հաստատումը, ինչպես նաև տարածքային շուկա ստեղծելու հնարավորությունների քննարկումը։ Հիմնական թեմատիկան առնչվում է հեռուստատեսության թվային փոխակերպումներին, հաքերական հեռարձակումներին և օրենսդրական դաշտի բացերին։

Կոնֆերանսին մասնակցում են Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը ներկայացնող մասնակիցներ։

Ինչպես Վրաստանի կաբելային հեռուստատեսության միության նախագահ Գուրամ Բերուաշվիլին իր ելույթում նշեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում հեռուստատեսության օրենսդրական դաշտը կարգավորված չէ։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Հայաստանի մալուխային հեռարձակողների ասոցացիայի ստրատեգիկ հարցերով խորհրդական Վիգեն Առուշանյանը։ Ըստ նրա՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 20 տարի առաջ, որից հետո տեխնոլոգիաների փոփոխությանը զուգահեռ փոփոխվել է նաև դաշտը, ուստի օրենքի մեջ առաջացել են բացեր, կարգավորումներ չկան մալուխային օպերատորների  աշխատանքի, պարտադիր ալիքների առկայության վերաբերյալ։ Մեր զրուցակիցը պնդում է, որ կոնֆերանսը հնարավորություն կտա փորձի փոխանակում իրականացնել և կարգավորել օրենսդրական դաշտը, ինչպես նաև հնարավորություն կտա օպերատորներին գալ, տեսնել և առաջարկել իրենց ծառայությունները Հայաստանում, Վրաստանում։

Ռուսաստանի կաբելային հեռուստատեսության ասոցիացիայի փոխնախագահ Միխայիլ Սիլինն իր ելույթում անդրադարձավ խոշոր և գլոբալ հեռուստատեսային օպերատորների ֆոնին միջին և մանր օպերատորների աշխատանքին։ Ըստ նրա՝ թեև անհնար է թվում մանր և միջին  օպերատորների աշխատանքը, այնուամենայնիվ, այն հնարավոր է իրականացնել արդյունավետ ռազմավարության միջոցով և հետաքրքիր մեդիաբովանդակությամբ։

«Մեզնից են կախված հետագա գործողությունները։ Օրինակ՝ ԱՄՆ-ում փոքր և միջին օպերատորները զբաղեցնում են հեռուստադաշտի 30%-ը, այնտեղ զարգացած է փոքր և միջին օպերատորների դերը։ Եթե դուք ձեր գործողությունները ճիշտ պլանավորեք, ապա, չնայած խոշոր օպերատորների հետ մրցակցությանը, դուք կկարողանաք առաջ շարժվել»,- ելույթի մեջ նշեց Սիլինը։

Նա խոսեց նաև ինտերնետի մասին՝ ասելով, որ ըստ կանխատեսումների՝ կգա մի ժամանակ, երբ կաբելային, արբանյակային հեռուստատեսության տեղը կզբաղեցնի ինտերնետը։ Ըստ բանախոսի, սակայն, մինչև ինտերնետի դաշտի գրավումը պետք է ամեն ինչ անել, որակյալ  ծառայություններ մատուցել․ «Եկեք միավորվենք, որպեսզի հասկանանք շուկայի պահանջները և թե ինչ ծառայությունների և ինչ բովանդակության պահանջ կա։ Ես չեմ ասում՝ դառնանք մեկ օպերատոր, այլ տարբեր տեխնոլոգիաների միջոցով փորձենք համագործակցել»։

Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցիացիայի նախագահ Արարատ Առուշանյանը ևս կարծում է, որ Հայաստանում պետք է այնպես անել, որ հեռուստատեսային օպերատորների առաջարկած ծառայությունների շրջանակը մեծանա, և օպերատորները հեռուստատեսային նոր ալիքներ բերելու մասին խոսեն։ «Այնինչ, հասանելիության սակավության պատճառով հեռուստադիտողը տեղափոխվում է դեպի օնլայն տիրույթ։ Մենք պետք է տանք այն, ինչ մարդիկ ուզում են տեսնել, մենք պետք է լրացնենք դաշտը»,- նշեց Առուշանյանը։

Ըստ նրա՝ կապի օպերատորները Հայաստանում փորձում են ստեղծել մոնոպոլիա, օրինակ՝ «Արմենիա» հեռուստատեսությունը միակն է, որ ցուցադրում է ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերը, իսկ «Ռոստելոկոմ» օպերատորի բաժանորդները չունեն «Արմենիա» TV, ուստի զրկված են խաղերը դիտելու հնարավորություննից։

Ըստ «Ռոստելեկոմ» ընկերության փոխտնօրեն Բորիս Դեմիրխանյանի՝ պատճառն այն է, որ որոշակի ժամանակ հեռուստաալիքները ազատ ցուցադրություն են ունենում, հավաքում լսարան, հետագայում պայմանագիր կնքում խոշոր օպերատորի հետ և աշխատում միայն նրա հետ։ «Երբ խաղացողներից մեկը գալիս է, ասում է՝ քեզ այսքան գումար կտամ, եթե գաս ու միայն մեզ հետ աշխատես, ձևավորվում են ոչ հավասար մրցակցային պայմաններ։

Կոնֆերանսի երկրորդ օրը նախատեսվում է մշակութային ծրագիր՝ «Первый Канал. Всемирная Сеть» ընկերության հրավերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter