HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է բարձրացնել ուսման մեկնած փրկարար ծառայողներին հատկացվող վճարները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է 2020 թվականի հունվարի 1-ից բարձրացնել օտարերկրյա պետություններում պետպատվերի շրջանակներում ուսման, վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողներին հատկացվող վճարներն ու կրթաթոշակները։ Նախարարությունն առաջարկում է պետական բյուջեից նրանց հատկացվող դրամական միջոցները սահմանել ըստ պաշտոնների խմբերի, ոչ թե հաստիքային պաշտոններով:
Նման առաջարկություն է ներկայացրել Արտակարգ իրավիճակների նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախարարությունն այս որոշումով նպատակ ունի ապահովել ուսման մեկնած փրկարարական ծառայողների նվազագույն սոցիալ-կենցաղային պահանջները, անհրաժեշտ ծախսերը։
Ըստ քննարկման ներկայացված նախագածի՝ Ռուաստանի Դաշնության ուսումնական հաստատություններ գործուղված կրտսեր խմբի ծառայողներին կհատկացվի 99 000 դրամ, այլ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ գործուղվածներին՝ 144 000 դրամ։ 
Կբարձրանան նաև ուսման մեկնած կուրսանտ փրկարարական ծառայողների ամսական կրթաթոշակները և 18 000 դրամի փոխարեն կսահմանվի 99 000 դրամ։ 
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ամեն տարի 3 փրկարարական ծառայող 2 տարի ժամկետով գործուղվում է ուսման կամ վերապատրաստման Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Քաղաքացիական պաշտպանության ակադեմիա և Պետական հակահրդեհային ծառայության ակադեմիա: Ռուսական կողմը նրանց հատկացնում է միայն հանրակացարանային բնակելի տարածություն: Գործուղված փրկարարական ծառայողներին, ըստ պաշտոնների (որպես կանոն գործուղվում են ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողները), ամսական վճարվում է միջին հաշվարկով 108 000 դրամ: Սակայն սննդի, կոմունալ վճարումների, դեղորայքի և այլ անհրաժեշտ կենցաղային ծախսերի համար գումար չի վճարվում: 
«Վճարվող ամսական վճարների չափը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հնարավորություն չի տալիս հոգալ ծառայողի նվազագույն կարիքները և այլ անհրաժեշտ ծախսերը: Արդյունքում, գործուղված փրկարարական ծառայողները ստիպված են լինում ուսմանը և վերապատրաստմանը զուգահեռ, դասընթացներից ազատ ժամերին, կատարել վճարովի աշխատանք, ինչը չի կարող իր բացասական հետևանքները չթողնել ուսումնական գործընթացի վրա»,-նշել է նախարարությունը։
Նշենք, որ «Փրկարար ծառայության մասին» օրենքով փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները հինգ տարին մեկ ենթակա են պարտադիր վերապատրաստման (որակավորման) նախարարության կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում: Այնինչ, ըստ նախարարության, այլ պաշտոններ զբաղեցնող ծառայողների՝ ուսման համար սահմանված դրամական վճարների վճարման հարցում դժարություններ են ստեղծվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter