HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում կվերանա հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ 2020 թվականին Արցախում կվերանա հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը, և կլինի 2-րդ օպերատոր։

«Վերջին ամիսներին անցակացված հանդիպումներն ու խորհրդատվությունները թույլ են տալիս վստահաբար ասելու, որ 2020 թվականին Արցախ մուտք կգործի 2-րդ օպերատոր։ Նման ծրագրի համար առկա են ներդրողներ և փորձառու մասնագետներ։ Ստեղծվել են հնարավորություններ՝ լուծելու հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհի հետ կապված խնդիրը։

Հետամուտ եմ այդ գործին և ունեմ քաղաքական կամք՝ 2020 թվականին ապահովելու համապատասխան պայմաններ՝ հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհը հաղթահարելու և 2-րդ օպերատորի՝ Արցախ մուտք գործելու համար։

Ի՞նչ կտա դա մեզ բոլորիս։

Առաջին հերթին՝ որակյալ ու ցածր գներով շարժական կապ։ Մրցակցությունը գործող օպերատորին կստիպի իր բաժանորդների համար նվազեցնել սակագները։ Ապա՝ ժամանակակից 4G/LTE ձևաչափով որակյալ և մատչելի շարժական համացանցի հասանելիություն։ Նոր աշխատատեղեր, առաջին հերթին՝ երիտասարդ մասնագետների համար։

Երկրորդ օպերատորի մուտք գործելուց կշահեն նաև ոլորտի փորձառու աշխատակիցները, ովքեր կունենան այլընտրանք՝ մասնագիտական գիտելիքները ներդնելու նոր ընկերությունում։ Բնականաբար, որպես հետևանք՝ այն կխթանի գործող օպերատորի կողմից աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը։ Եվ վերջապես՝ կունենանք սահմանամերձ գոտում պաշտպանված կապ և Արցախի ու ՀՀ-ի միջև ռոումինգի փաստացի վերացում»,- ասված է Մայիլյանի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ 2001թ. Արցախի կառավարության եւ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության միջեւ կնքված պայմանագրով այդ ընկերությանը տրվել է մենաշնորհի իրավունք, որը հաղթահարելու եւ հեռահաղորդակցության ոլորտում մրցակցություն հաստատելու ուղղությամբ հետագա տարիներին Արցախի իշխանությունները բանակցություններ են վարել ընկերության սեփականատիրոջ հետ, սակայն ապարդյուն:    

Լուսանկարը` Մասիս Մայիլյանի ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter