HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Էստի համեցեք». հայ-վրացական երկնքով թռչելն այսուհետ ավելի կարճ ու արագ կլինի

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարել է, որ նոյեմբերի 7-ից Հայաստանի ու Վրաստանի օդային տարածքում ներդրվել է «Մայրուղիներից ազատ հարավկովկասյան օդային տարածք» (Free Rout Airspace South Caucasus) միասնական հայեցակարգը:

Վերջինիս շնորհիվ 195 թռիչքային մակարդակից  (FL 195) բարձր թռչող օդանավերը կարող են մեր եւ Վրաստանի օդային տարածքն անցնել պարզեցված գործընթացներով ամբողջ օրվա ընթացքում:

Քանի որ ընթերցողներից շատերը դժվար թե ըմբռնեն մասնագիտական տերմիներով հագեցած այս փոփոխության էությունը, բացատրենք պարզ ձեւով:

Ցանկացած երկիր ունի իր օդային տարածքը, որը մտնելու համար կան «դարպասներ»՝ կոորդինատներով կետեր երկրի ցամաքային սահմանի երկնքում: Հայաստանն ունի այդպիսի 12 «դարպաս», որոնցից 3-ը գտնվում են հայ-վրացական սահմանին, 2-ը՝ հայ-թուրքական, 4-ը՝ հայ-ադրբեջանական, 2-ը՝ հայ-նախիջեւանյան, 1-ը՝ հայ-իրանական: Այս «դարպասները» հատելուց հետո օդանավերը հայտնվում են մեր երկրի օդային երթեւեկության կարգավարների (ՕԵԿ) վերահսկողության գոտում, գործում են վերջիններիս ցուցումներով: Յուրաքանչյուր երկիր իր ցամաքային ճանապարհների պես ունի համարակալված օդային երթուղիներ, որոնք հատվում են օդային խաչմերուկներում: Վերջիններս եւս ունեն իրենց կոորդինատները: Օրինակ՝ եթե Ռուսաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ թռչող ինքնաթիռը Ռուսաստանից մտնում է Վրաստան, իսկ այնտեղից՝ Հայաստան, նա անցնում է մեր օդային տարածքի կոնկրետ երթուղով ու Մեղրիի երկնքում՝ հայ-իրանական սահմանի վրա, մտնում Իրանի տարածք:

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունն իր 5-ամյա (2017-2022 թթ.) ծրագրում, ի թիվ այլ անելիքների, նախանշել էր քաղավիացիայի ոլորտում առաջիկա պլանները: Դրանց թվում նշվում էր, որ ՀՀ օդային տարածքով տարանցիկ թռիչքների թիվն ավելացնելու համար ներդրվելու է «Մայրուղիներից ազատ օդային տարածք» (Free Route Airspace) հայեցակարգը, որը ժամանակի ընթացքում պետք է ընդլայնվեր Հայաստան-Վրաստան ազատ օդային տարածքի ձեւաչափով:

Փուլային այս ծրագիրը կյանքի կոչելու համար Կարապետյանի կառավարությունը նախատեսում էր, որ մինչեւ 2017 թ. ավարտը ՀՀ օդային տարածքում հայեցակարգը պետք է սկսի կիառվել 290 թռիչքային մակարդակից (FL 290, այս էշելոնը համապատասխանում է 29000 ֆուտ կամ 8850 մ բարձրությանը) բարձր եւ ժամը 00:00-06:00-ն ընկած հատվածում: Այս կետն իրականություն է դարձել 2017-ի դեկտեմբերի 7-ից: Այսինքն՝ այդ օրվանից Հայաստանի վրայով գիշերային ժամերին տարանցիկ չվերթ կատարելիս (երբ նպատակը մեր երկնքով այլ երկիր անցնելն է) օդանավերը 8850 մ-ից բարձր թռչելու դեպքում կարող են շարժվել ոչ թե օդային հստակ երթուղիներով, այլ ամենակարճ ճանապարհով՝ ժամանակ եւ վառելիք խնայելու համար:        

Երկրորդ քայլով, որը պետք է իրականություն դառնար մինչեւ 2018 թ. ավարտը, նախատեսվում էր 8850 մ-ից բարձր թռիչքների համար մայրուղիներից ազատ տեղաշարժ կիրառել ոչ թե գիշերվա 6 ժամերին միայն, այլ ամբողջ օրվա ընթացքում՝ 24-ժամյա ռեժիմով: Երրորդ քայլն էլ նախատեսում էր մինչեւ 2019 թ. ավարտն այս հայեցակարգը ներդնել Վրաստանի հետ համատեղ:

Այսպիսով՝ երեկվանից իրականություն է դարձել Վրաստանի հետ համատեղ մայրուղիներից ազատ օդային տարածք ունենալու ծրագիրը: Սա նշանակում է, որ Վրաստանի ու Հայաստանի տարածքով տարանցիկ չվերթ կատարող օդանավերը 5950 մ-ից (FL 195, 19500 ֆուտ) բարձր թռչելիս իրավունք ունեն թռչել այնպիսի երթուղով, որն ավելի կարճ ու նվազ ծախսատար եւ ժամանակատար կլինի: Այդուհանդերձ, պարզ է, որ երրորդ երկրներից հայ-վրացական օդային տարածք մտնող կամ դեպի երրորդ երկրներ դուրս եկող օդանավերը պետք է օգտվեն Հայաստանի կամ Վրաստանի օդային «դարպասներից», ինչպես եղել է մինչ այժմ:

Նշենք, որ Վրաստանը եւս 2017-ին է սկսել իրագործել մայրուղիներից ազատ օդային տարածքի հայեցակարգը:

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտնել է, որ միասնական հայեցակարգից կօգտվի օրական 125 եւ տարեկան 45 հազ. տարանցիկ չվերթ, ինչի շնորհիվ այդ չվերթներն իրականացնող օդանավերի համար կկրճատվի ընդհանուր 28.714 մղոն թռիչքային ճանապարհ, 3872 րոպե թռիչքային ժամանակ եւ 260.438 կգ վառելանյութ, ինչն իր հերթին նպաստի շրջակա միջավայրի պահպանությանը (այսինքն՝ որքան կարճ ժամանակ անցկացնի օդանավը երկնքում, այնքան վառելիքի այրումից առաջացող արգասիքները քիչ կաղտոտեն շրջակա միջավայրը):

Քանի որ ավիացիան նաեւ բիզնես է, Վրաստանն ու Հայաստանն, իրենց երկնքով ամենակարճ ճանապարհ առաջարկելով ավիաընկերություններին եւ օդանավ շահագործող այլ անձանց, ֆինանսապես կարող են շահել, քանի որ երկրի օդային տարածքն օգտագործելն ու մատուցվող աերոնավիգացիոն ծառայությունները վճարովի են: Վճարը հաշվարկվում է տվյալ երկրի երկնքում անցած հեռավորության հաշվարկով: Այս դեպքում Հայաստանն ու Վրաստանը, փաստորեն, առաջարկում են կրճատել այդ տարածությունը, բայց դրանով իսկ գրավում են ավելի շատ օգտվողների:  

ՔԱԿ-ի տեղեկացմամբ՝ միասնական հայեցակարգ ունենալու գործընթացը իրականացվել է ՀՀ ՔԱԿ-ի, Վրաստանի քաղավիացիայի գործակալության, «Eurocontrol»-ի (Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպություն), «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի (ՔԱԿ-ին ենթակա ընկերություն է, ՀՀ-ում աերոնավիգացիոն ծառայություններ մատուցողն է) եւ «Sakaeronavigatsia» ընկերության (Վրաստանում նույնատիպ սպասարկում իրականացնողն է) մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ: ՔԱԿ-ը նշում է նաեւ, որ նմանատիպ հայեցակարգ ներդրված է Եվրամիության ոչ բոլոր երկրներում: Բայց նշենք, որ «Eurocontrol»-ը ծրագրում է մինչեւ 2022 թ. ամբողջ Եվրոպայում ներդնել մայրուղիներից ազատ օդային տարածքի հայեցակարգը, ինչը նշանակում է, որ եվրոպական երկինքը տարանցիկ չվերթների համար ազատական կդառնա:          

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter