
2020 թվականի հուլիսի 1-ից ծնված երեխաների ծննդյան նպաստը դարձնել 300 000 դրամ. նոր նախագիծ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը դարձնել 300 000 դրամ։
Այսինքն՝ նախարարությունը նախատեսում է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստն ավելացնել 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի միանվագ նպաստը՝ 150 հազար դրամով:
Նման առաջարկություն է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
«Նախորդ ժամանակահատվածում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով, որպես ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլերից մեկը, առաջարկվում է բարձրացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը»,- որպես հիմնավորում՝ նախագծում նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նշենք, որ գործող կարգով առաջին երեխայի ծնվելու դեպքում հատկացվում է 50 հազար դրամ ծննդյան միանվագ նպաստ, երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամ։
Նախարարության հաշվարկներով՝ 2020թ. համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցները կկազմեն 3.7 մլրդ դրամ։
Մեկնաբանել