HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային Ժողովի կայքէջը վերածվել է «одноклассники»-ի

Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո խորհրդարանի պաշտոնական կայքէջը (www.parliament.am) վերածվել է ԱԺ ներկայիս նախագահ Սամվել Նիկոյանին եւ ՀՀԿ-ին գովերգելու հարթակի:

Անկախությունից ի վեր ԱԺ ոչ մի նախագահ թույլ չի տվել, որ իր ծննդյան օրը շնորհավորեն խորհրդարանի պաշտոնական կայքէջում եւ այդ իրադարձությունն այնքան կարեւորվի, որ մի քանի լեզվով թարգմանվի: Մինչդեռ Սամվել Նիկոյանը «կոտրեց» այդ պատնեշը եւ իր ծննդյան կապակցությամբ արված շնորհավորանքը հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով հրապարակվեց կայքէջում: Նույնիսկ www.parliament.am կայքում հրապարակված պաշտոնական տեղեկատվությունն է գովերգում Սամվել Նիկոյանին:

Եվրանեսթի ԽՎ կառույցի՝ ԵՄ երկրներից դուրս առաջին հանդիպումը Երեւանում կազմակերպելու երեկվա պաշտոնական հաղորդագրության մեջ այնքան են կարեւորել Սամվել Նիկոյանի դերը, որ իրար հետեւից երկու անգամ է գրվել ԱԺ նախագահ բառը, իսկ «նախագահ» բառը գրվել է մեծատառով: «ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ ԱԺ Նախագահի ուղղակի աջակցության շնորհիվ հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով իրականացվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի երեւանյան հանդիպումն անցկացվի պատշաճ մակարդակով»,- գրված է հայտարարության մեջ:

Իսկ այլ պատգամավորների փոխարեն քվեարկած մի քանի պատգամավորների հարցով ԱԺ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է միայն Սամվել Նիկոյանի անունը, իսկ թե վերջինս ում հետ է քննարկել, այդպես էլ հայտնի չէ: Սովորաբար նմանատիպ քննարկումների ժամանակ  կայքէջում դրվում է քննարկման պահին արված լուսանկար, մինչդեռ այս դեպքում միայն Սամվել Նիկոյանի լուսանկարն է:

Բացի այդ՝ կայքէջը գնալով վերածվում է ՀՀԿ-ի պաշտոնական կայքէջի եւ տեղադրվում են կուսակցական հայտարարություններ: Օրինակ` փետրվարի 15-ին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հանդիպել է Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային եւ հանդիպման որոշ դրվագներ տեղադրվել են կայքէջում` «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հանդիպեց Հայաստանում Ուկրաինայի դեսպանի հետ» վերնագրով: Հետաքրքիր է, որ նույն հետեւողականությամբ ԱԺ կայքէջում չեն հայտնվում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ դեսպանների հետ ունեցած հանդիպումները, կամ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի ու Արմեն Ռուստամյանի բազմաթիվ հանդիպումերի մասին տեղեկություներ:

Միթե՞ այս ամենն արվում է առանց Սամվել Նիկոյանի գիտության, իհարկե, ոչ:

 

Մեկնաբանություններ (1)

Սոս Ավետիսյան
Իսկ միթե կարծում եք, որ այս ամենը Սամվել Նիկոյանն է որոշում, նրան հանձնարարում են, նա էլ կատարում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter