HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլլա Կանեգարիան

Ապրող հիշողություն կամ ապրելով հիշողությամբ հին նոստալգիան ու նոր ՈւՐՎԱԿԱՆՆԵՐ-ը

 «Դու գիդես ի՞ նչ էր սովետը»  հարցրեց Միշա ձյաձյան, ով  հին գրքեր ու տարբեր՝ իրար հետ կապ չունեցող իրեր էր վաճառում Դիլիջանի փողոցներից մեկում: Նրա տեսականու մեջ կարելի էր գտնել էլ Դիլիջանի նախկին ԻՄՊՈՒԼՍ գործարանի աշխատողների խալաթները, էլ հին սպասք ու անգամ ինչ-որ մեկի ձեռագիր մեմուարները: Հարցրեցի ումն է, պատասխանեց.  «Իմ կյանքն եմ գրել, էդ էլ եմ ծախում,-  ու արագ շարունակեց , - Սովետի տարիների մասին էլ կա գրած: Հրաշք տարիներ էին: Կարող էիր դուրս գալ մեքենայիցդ, իրերը մեջը թողնել, դուռը չփակել  հաաանգիստոչ մի բան, ոչ մի գողություն չէր լինի: Գիտես ինչի, որովհետև Սովետում գողություն չկար, վատ բան չկար, բալես »,- պատմում էր նա՝ տարված իր գլխում կառուցած պատկերներով:

Ես էլ եմ ուզում ապրեմ մի ժամանակ, երբ գողություն ու վատ բաներ չկան: Ուզում եմ վարդագույն կյանք կամ գոնե ակնոցներ: Հոգեբանության մեջ նման տերմին կա «վարդագույն ռետրոսպեկցիա»: Դա անցյալի մասին բացարձակ կամ կատարյալ պատկերներ ստեղծելուն է վերաբերվում: Այլ կերպ ասած, երբ մենք անցյալից սարքում ենք կատարյալ օազիս՝ սվաղելով դրա ոչ կատարյալ մասերը:

Նման կերպ վարվելով մենք կամ տալիս ենք մեզ առաջ գնալու ուժ, կամ էլ  ստեղծում փախնելու, հետ գնալու տարածություն, որտեղ ամեն ինչ կառավարելի է ու հասկանալի:

Հետ գնալու տեղ ունենալն առհասարակ կարևոր է համ մարդու համար համ մշակույթի:  Դրա համար էլ  ժամանակ առ ժամանակ մշակույթը տարվում անցյալի հետ բերմամբ: Այսպես մշակույթը մարդկանց համար ինչ-որ կառավարելի, իդեալական ու  անվտանգ օազիս է ստեղծում, որն օգնում է հատկապես, երբ երկրում կրիտիկական կամ անորոշ պահ է կամ երկիրը պետք է «հետ քցել» ռելսերի մեջ:

Նման կրիտիկական պահ մեր համար 90-ականներն էին, որոնք ի դեպ շատ մարզերում դեռ չեն էլ ավարտվել, ուղղակի այֆոնաֆիկացվել են: 90-ականները տվեցին մեր երկրին անկախություն, բայց փոխարենը տարան անվտանգության զգացումը: Սա շատ դեպքերում ազդակ հանդիսացավ, որպեսզի մարդկանց հետ գցի անցյալ ու ակտիվացնի նոստալգիան՝ որպես պաշտպանական մեխանիզմ, որը բավականին դժվար է անջատել: 

Նոստալգիան հիշողության տեսակներից մեկն է: Բառն ունի հունական արմատներ ու  թարգմանվում  է  որպես «վերադարձ տուն» կամ «կարոտի զգացում տան հանդեպ, որն էլ գոյություն չունի»: Խոսքը միգուցե գնում է թե տան ֆիզիկական կորստի մասին, թե տան զգացողության:

Երբ բոլոր այն փոքրիկ մասերն ու դետալները, որոնք կազմում էին «տուն»-ը սկսում են քանդվել, կորել կամ արժեզրկվել, միգուցե հենց այդ ժամանակ էլ «տուն»-ը դառնում է ուղղակի տարածք կամ շենք, որն ուղղակի իր տեղն է զբաղեցնում քաղաքում:

Նման տարածքներ սովետի փլուզումից հետո շատ են կուտակվել մեր պետության սահմաններում: Դրանք ապագայի մասին մի ժամանակվա պայծառ ու վեհ պատկերացումների մաս են, որոնք գործնականում դարձան ուղղակի իրենց իսկ մեծ գաղափարի տակ լղոզված ու ճկռած քարի կույտ: Չծառայելով ոչ մի բանի, բայց միևնույն ժամանակ մնալով կանգուն դրանք բաց սպի են՝ անցյալի ու ներկայի արանքում, որն իր հերթին աննկատ ճնշում ու ցավացնում է մարդկանց,  որովհետև նրանց ասոցատիվ հիշողությունը դեռ կենդանի է ու կապում է հոտն իրադրության հետ, երևույթը՝ ձայնի,  բերելով էմոցիոնալ հիշողությունների շարան, երբեմն անգամ այնպիսի հիշողությունների, որոնք չես վերապրել, բայց լսել ես:

Հլա դեռ անձնական հիշողության ու անցյալի հետ կարող ես հանգիստ աշխատել ու օրինակ դեն նետել հին բոյֆրենդիտ նվիրած փափուկ խաղալիքները՝ կտրելով վատ հիշողությունների հոսքը, բայց այ քաղաքային ու  խմբակային հիշողությունն ավելի բարդ է  ջնջել, որովհետև այն բաղկացած է քարերից, մոնումենտներից, շենքերից որոնք միշտ չի որ պետք ա քանդել: Դրանք ջնջելու համար բավական է նաև ֆունկցիան փոխելն ու վերաիմաստավորելը:

Վերջերս Երևանում հաճախ են նման փորձեր անում, հատկապես արվեստի ու ժամանցի ոլորտում: Օրինակները գնալով շատանում են՝ էլ Ոսկե Ծիրանի շրջանակներում Ռոսսիայի վերագործածոումն, էլ «Բամբիռ» ու «Լավ Էլի» ռոք խմբերի համերգը նույն տեղում, էլ «Ուրվական» փառատոնի շրջանակներում ողջ Մանկական երկաթուղու ակտիվացումը, էլ Գրքի պալատի տարբեր հատվածների գոծրածումը տարբեր երաժշտական միջոցառումների համար (DZEN էլեկտրոնային երաժշտական  միջոցառումներն ու Պոլիգռաֆ բազմաֆունկցիոնալ ակումբը):

Նման միջոցառումների կազմակերպիչները փորձում են գտնել լքված տարածքներ ու լցնել դրանք նոր էներգիայով ու մարդկանցով, ովքեր էղած չէղածը մի 20-30 տարվա պատմությունից ավելի ուժեղ են կտրվել, քան մենք՝ մեր ենթադրյալ ուրարտական արմատներից:

Դատարկ ու նեղացած, քաղաքային միջավայրի մի անկյունում շվարած, շենքերն ու տարածքները մեկ էլ, հոպ,  դառնում են երիտասարդների ժամանակավոր հավաքատեղի, ովքեր գալիս ուրախանում են, պարում,  շփվում, կտրվում հոգսերից ու նորից ապրեցնում տարածքը: Սառեցված անցյալի մեջ գտնվող նման տարածքները  վերջապես բացվում են ու բախվում ժամանակի ու ներկայի հետ՝ դանդաղ ինտեգրվելով այդտեղ ու տալով վերջապես առողջ ապագա կառուցելու պստլիկ հույսեր:

Անցյալի հետ երկխոսելն ամեն դեպքում անխուսափելի է: Անկախության սերունդը փորձեց այն թաքցնելով ապրել ու առաջ գնալ, հետո հասկացավ, որ պետք ա դրա հետ բախվել, հանդիպել ու զրուցել՝ սուրճ խմել, դրա բացերն ու բացասական կողմերը քննարկել, ասել իրար մերսի ու բաց թողնել՝ առանց պրետենզիաների ու նեղանալու: Էդ հարցում մեզ միայն նոստալգիկ անդրադարձը կօգնի:

Չնայած նոստալգիան միշտ ընկալվում է որպես մի երևույթ, որի  աչքերն ուղղված են դեպի  հետ՝ անցյալ, այն կարող է դառնալ առաջադիմական, եթե գործածվի որպես անցյալի հետ նորից ծանոթանալու միջոց, այլ ոչ թե անցյալի կատարելության կամ տհաճության կատարյալ  պատկերի տակ մնալու մեկ էլ ներկայում սեփական անգործությունն արդարացնելու  ձև:

Միշա ձյաձյան սիրուն փաթաթեց իմ գնած իր մեմուարները, նա մի քիչ զարմացել էր, որ էդքան խլամի մեջից ես ընտրեցի իր անձնականը.  «ապրես, որ առար սա, բայց էս ուրիշի հիշողություններն են, դրանք ինչի՞դ են պետք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter