HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում ընթանում է «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը

Հնդկաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ դեղագործական առաջատար շուրջ 30 ընկերություններ իրենց արտադրանքն են ներկայացնում Երևանում նոյեմբերի 10-13-ն ընթացող «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ում, որը կազմակերպել են Հնդկաստանի կառավարությունը, Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը և Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության հիմնած Դեղերի արտահանումը խթանող խորհուրդը (PHARMEXCIL-Pharmaceuticals Export Promoution Council)։

Համաժողով-ցուցահանդեսի նոյեմբերի 11-ին կայացած բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես գալով՝ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Կիշան Դան Դեվալը (Kishan Dan Dewal) նշել է, որ հնդկական դեղագործական ընկերությունները Հայաստանի գործընկերների հետ համագործակցության խորացման մեծ ներուժ են տեսնում։ «Այս համաժողով-ցուցահանդեսը Հնդկաստանի և Հայաստանի միջև դեղագործության ոլորտի կապերը խորացնելու և ընդլայնելու, նոր կապեր հաստատելու հիանալի առիթ է, որը, համոզված եմ, պատշաճ կօգտագործվի ոլորտի հնդկական և հայկական ընկերությունների կողմից։ Հնդկական դեղերն արդեն իսկ բավական լայն են ներկայացված հայկական շուկայում. Հայաստանում պետական գրանցում ստացած շուրջ 5 հազար դեղերից ավելի քան 150-ը Հնդկաստանում արտադրված դեղեր են։ Եվ հուսով եմ, որ համաժողով ցուցահանդեսի ընթացքում ձեռք կբերվեն նոր փոխշահավետ պայմանավորվածություններ, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի սպառողներին հասանելի կլինի հնդկական առաջատար ընկերությունների արտադրության որակյալ, անվտանգ և արդյունավետ դեղերի ավելի մեծ տեսականի»,- ասել դեսպան Կ.Դ. Դեվալը։

«Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ի մասնակից հնդկական և այցելու հայկական ընկերությունների ներկայացուցիչներին ողջունել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նրանց մաղթելով արդյունավետ համագործակցություն։

PHARMEXCIL-ի ավագ տնօրեն Աբհայ Սինհան (Abhay Sinha), ներկայացնելով Հնդկաստանի դեղագործության ոլորտը, նշել է, որ երկիրը ջեներիկ դեղամիջոցների խոշորագույն մատակարարն է աշխարհում՝ զբաղեցնելով համաշխարհային մատակարարումների ծավալի 20%-ը: Երկիրն ունի 3000 դեղագործական ընկերություն, որոնց հզոր ցանցը ունի ավելի քան 10,500 արտադրական օբյեկտ: Արտադրության արժեքը Հնդկաստանում կազմում է ԱՄՆ-ի արժեքի գրեթե մեկ երրորդը, իսկ Եվրոպայում՝ գրեթե կեսը: Աբհայ Սինհան հավելել է, որ Հնդկաստանը 60 000 ջեներիկ ապրանքանիշի աղբյուր է 60 բուժական կատեգորիաների մեջ և արտադրում է ավելի քան 500 տարբեր Ակտիվ դեղագործական բաղադրիչներ (API): Ջեներիկ դեղերի արտահանումը Հնդկաստանի ուժեղ կողմերից է: 2018-19-ին դեղագործական արտադրանքի արտահանումը կազմել է 19.2 մլրդ դոլար:

«Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ին ներկայացվում են Հնդկաստանի դեղագործության ոլորտի հետ գործարար կապերի հաստատման հեռանկարները, այդ երկրում ոլորտի ձեռքբերումները և օրենսդրական կարգավորումները, կայանում են B2B ձևաչափի հանդիպումներ ոլորտի հնդկական առաջատար ընկերությունների և հայկական ընկերությունների միջև։

PHARMEXCIL-ի պատվիրակության առաջին այցը Հայաստան կայացել է 2011թ. մարտին։ Այցի շրջանակներում կազմակերպված համաժողով-ցուցահանդեսի արդյունքներով հնդկական դեղ արտադրող և հայկական ներմուծող և դեղատնային գործունեություն ծավալող ընկերությունների միջև կնքվել են բազմաթիվ պայմանագրեր, ինչի շնորհիվ զգալիորեն մեծացել է Հայաստան հնդկական առաջատար դեղագործական ընկերությունների արտադրանքի ներմուծման ծավալը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter