HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քրեակատարողական հիմնարկներում աշխատող բժիշկները զրկվել են արտոնություններից

Հարություն Մամիկոնյանը բուժակ է աշխատում «Գորիս» քրեակատարողական հիմնարկում:

Նա աշխատանքի էր ընդունվել այն ժամանակ, երբ քրեակատարողական ծառայության ենթակայությամբ գործող բժշկական անձնակազմն օժտված էր զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքներով, այդ թվում՝ զինվորական կենսաթոշակով: Մինչդեռ համակարգային փոփոխության հետևանքով Հարությունը, ինչպես նաև համակարգում աշխատող շատ այլ բուժաշխատողներ, զրկվում են նման արտոնություններից: Թե՛ Հարությունը, թե՛ ՔԿՀ-ներում աշխատող նրա գործընկերներն անհանգստացած են, որ վերանում են իրենց սոցիալական երաշխիքները, մինչդեռ համակարգում աշխատելու համար դրանք լուրջ դերակատարում են ունեցել:

Սեպտեմբերից փաստացի գործում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որով դադարեցվել է քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման բաժինների գործունեությունը: Կրճատվել են քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի բոլոր հաստիքային միավորները:

Քրեակատարողական հիմնարկներ կատարած մեր այցերի ժամանակ, բուժաշխատողները նշում էին, որ ՊՈԱԿ-ի փաստացի գործունեության մեկնարկից հետո քրեակատարողական հիմնարկներում աշխատող մի շարք բուժաշխատողներ դիմում են գրել և ազատվել աշխատանքից:

2019 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ՊՈԱԿ-ի ստորաբաժանումներում առկա է 30,75 թափուր հաստիք: Ամենաշատ թափուր հաստիքները «Դատապարտյալների հիվանդանոց»-ում է՝ 17 թափուր հաստիք: Կադրերով ամբողջությամբ համալրված չեն այս ՔԿՀ-ի ստորաբաժանման թոքախտաբանական, ախտորոշիչ բաժանմունքը: Դեղատան վարիչի, ատամնաբուժական կաբինետի բուժակի, ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավարի, ընդհանուր թերապիայի և պալիատիվ օգնության բաժանմունքի, վիրաբուժական կաբինետի բուժքույրերի թափուր հաստիքներ ևս կան «Դատապարտյալների հիվանդանոց»-ում:

Ամբողջությամբ համալրված են միայն ՊՈԱԿ-ի «Երևան-Կենտրոն», «Սևան», «Հրազդան», «Վարդաշեն» ստորաբաժանումների համար նախատեսված 7 հաստիքային միավորները:

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նարեկ Ղազարյանը մեր հարցմանն ի պատասխան նշում է, որ հաշվի առնելով քրեակատարողական առողջապահության համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքում առկա մի շարք համակարգային խնդիրները՝ աշխատանքային ոչ բարենպաստ պայմանները, ազատությունից զրկված անձանց հետ աշխատանքի դժվարությունները, աշխատանքային ծավալի համեմատ ոչ համաչափ աշխատավարձը, առաջացել էր քրեակատարողական համակարգի բուժաշխատողների հաստիքային միավորների համալրման դժվարություն: Ըստ նրա՝ ՊՈԱԿ-ի ստեղծմամբ, բացի բժշկական անձնակազմի մասնագիտական անկախության ապահովումը, բարձրացվել է ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերի սահմանաչափերը, և ստեղծվել են նրանց համար աշխատանքային ավելի գրավիչ և բարենպաստ պայմաններ, ինչը կհանգեցնի կադրային հագեցվածության խնդրի լուծմանը:

Նարեկ Ղազարյանը փաստում է, որ ՊՈԱԿ-ի հաստիքացուցակով բժիշկների միջին աշխատավարձը սահմանվել է 350 հազար դրամ, իսկ բուժքույրերինը՝ 180 հազար դրամ: Շուրջ 20 %-ով բարձրացել է աշխատավարձի չափը: Մինչև ՊՈԱԿ-ի գործունեությունը՝ բժիշկների միջին աշխատավարձը կազմել է 300 հազար դրամ, միջին բուժանձնակազմինը՝ 121 հազար, իսկ մայրապետներինը՝ 90 հազար դրամ:

Ուշագրավ է այն, որ բուժաշխատողների հետ զրույցներում վերջիններս փաստում էին, որ իրենց մոտ աշխատավարձերի բարձրացում չի եղել: Անունները չհրապարակելու պայմանով նույնիսկ խոստովանում էին, որ հակառակը՝ նախորդի համեմատ, ցածր աշխատավարձ են ստանում որպես ՊՈԱԿ-ի աշխատող:

Ըստ Ն. Ղազարյանի՝ թեև քրեակատարողական համակարգի բժշկական ծառայության աշխատակիցները ՊՈԱԿ տեղափոխման արդյունքում, այլևս չեն համարվում զինծառայողներ, հետևաբար չեն օգտվելու զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքներից, այդ թվում զինվորական կենսաթոշակից, սակայն, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Մասնավորապես՝ Արդարադատության նախարարության կողմից մշակման փուլում է գտնվում համապատասխան իրավական ակտի նախագիծ, որի ընդունման արդյունքում, ՊՈԱԿ-ի աշխատակիցները կընդգրկվեն սոցիալական փաթեթի շահառուների ցուցակում:

ՊՈԱԿ-ի ստեղծման ոդիսականը

Կառավարության 2018թ. մարտի 1-ի 204-Ն որոշմամբ ստեղծվեց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի գործունեության առարկան քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումն ու վերականգնումն է, իսկ գործունեության նպատակը՝ ՔԿՀ-ներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների մատուցումը: Այն գործում է Արդարադատության նախարարության ենթակայության տակ:

ՊՈԱԿ-ի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով վերջինիս ենթակայության տակ գտնվող բժշկական ստորաբաժանումները լիցենզավորվել են, մինչդեռ նման պահանջ նախկինում չի եղել: ՊՈԱԿ-ի փաստացի գործունեության մեկնարկը տրվել է այս տարվա սեպտեմբեր ամսին: Մինչդեռ Կառավարության վերը նշված որոշմամբ գործունեության սկիզբ էր նշված 2018թ. հուլիսի 1-ը:

«Արդարադատության նախարարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է հանդիսանում բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը: Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորումը նախարարության կողմից դիտարկվում է որպես առաջնային և հրատապ լուծում պահանջող հարց»,- նշում է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նարեկ Ղազարյանը:

Նշենք, որ Կառավարությունը դեռևս 2017թ. հունվարի 19-ի արձանագրային որոշմամբ հաստատել է «ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգը: Ընդգծվել էր, որ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման խնդրի լուծումը մեծապես կապված է քրեակատարողական առողջապահական առկա համակարգի ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովման հետ:

Նախատեսվել են քրեակատարողական առողջապահական ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխման հայեցակարգային լուծումներ, որոնք ուղղված են՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող անձնակազմի մասնագիտական անկախության ապահովմանը, բուժանձնակազմի հանդեպ ազատությունից զրկված անձանց վստահության ամրապնդմանը, քրեակատարողական համակարգ որակյալ բուժաշխատողների ներգրավմանը, բժշկական անձնակազմի անհրաժեշտ որակավորման ապահովմանը և հանրային առողջապահական համակարգին ինտեգրելու արդյունավետ հնարավորությունների ստեղծմանը:

Քրեակատարողական առողջապահական ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխման տարբերակ է ընտրվել համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակումը` քրեակատարողական բուժօգնության ծառայությունը քրեակատարողական ծառայության ենթակայությունից հանելու և Արդարադատության նախարարությանը հանձնելու վերաբերյալ:

«Այսպիսի բարեփոխման իրականացումը և ՊՈԱԿ-ի պատշաճ գործունեության ապահովումը հնարավորություն է ընձեռում ապահովել բժշկական անձնակազմի մասնագիտական անկախությունը, որն էլ իր հերթին նպաստում է պատշաճ որակի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը»,- նշում է Նարեկ Ղազարյանը:

Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է ՊՈԱԿ-ի կողմից: Նրանց տրամադրվող արտահիվանդանոցային, ներառյալ՝ շարունակական հսկողության, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալն ու  բովանդակությունը համապատասխանեցվել են քաղաքացիների համար նախատեսված պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծավալին:

«Դյուրինացվել է կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրումը քաղաքացիական բժշկական հաստատություններ՝ այն կազմակերպելով բացառապես բժիշկների կողմից տրված ուղեգրերի վրա, ուղեգրման գործընթացից հանելով լրացուցիչ օղակներին: Ըստ այդմ՝ ուղեգրերի ձևաթղթերը կտրամադրվեն ՊՈԱԿ-ին հայտին նախորդող տարվա տվյալներով քրեակատարողական բոլոր հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների ընդհանուր թվի 70 %-ի չափով»,- նշում է Ն. Ղազարյանը:

Ըստ նախարարության՝ ՊՈԱԿ-ի ստորաբաժանումները ապահովված են առաջին անհրաժեշտության նյութատեխնիկական բազայով: Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊՈԱԿ-ը նոր է սկսել ծավալել իր գործունեությունը, ընթացքում ևս մեկ անգամ կիրականացվի կարիքների գնահատում, որի արդյունքում անհրաժեշտ և բավարար պայմաններ կստեղծվեն որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման համար՝ շենքային պայմանների բարելավում, որակյալ կադրերի և սարքավորումների ապահովում:

Վերոնշյալ քայլերը նախատեսված են նաև «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023թթ. ռազմավարությունը, դրա իրականացման միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծով:

Փոփոխություններ, որոնք ազատազրկվածները չեն տեսնում

Թեև համակարգում կատարված փոփոխություններին՝ անազատության մեջ հայտնված անձինք շարունակում են դժգոհել բուժսպասարկումից: Մասնավորապես՝ Արսեն Խաչատրյանը 2018թ. հուլիսի 6-ից գտնվում է կալանքի տակ: Հոկտեմբերի 22-ին նրան հանդիպեցինք «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ անվասայլակին նստած: Արսենն ունի առողջական մի շարք խնդիրներ՝ ողնաշարի օստեոխոնդրոզ, պարանոցային և գոտկային հատվածների մինչև 3 մմ պրոտրուզիաներ, ողերի մարմինների հեմանգիոմաներ, աչքի բարձր աստիճանի ամբլիոպա, ստամոքսի խոցային հիվանդություն: Կատարվել են անհրաժեշտ ստուգումները, բժիշկը խորհուրդ է տվել նաև կինեզոթերապիա, սակայն ՔԿՀ-ի պայմաններում հնարավոր չէ:

«Փաստացի բուժում ես չեմ ստանում: Միայն ցավազրկողներ են տալիս: Անունը դրել են «Դատապարտյալների հիվանդանոց», բայց սա հիվանդանոց չի, սովորական քրեակատարողական հիմնարկ ա, ոչ մի պայման չկա, նեղ մասնագետ չկա, բուժող բժիշկ չկա, ի՞նչ հիվանդանոց»,- ասում է Արսեն Խաչատրյանը:

Արսեն Խաչատրյանի պատմությանն ավելի մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հոդվածում։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter