
Ծաղկի շուկայի մոտից բերման ենթարկված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու առթիվ խոշտանգման հոդվածով քրգործ է հարուցվել
Ծաղկի շուկայի մոտից հոկտեմբերի 17-ին բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու առթիվ նախապատրաստվող նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով (խոշտամգումը):
Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Բերման ենթարված 5 քաղաքացիների շահերը ներկայացնող փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նրանք տուժող են ճանաչվել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին 5 քաղաքացի դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ հայտնելով Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին կից ծաղկի շուկայից բռնությամբ ոստիկանություն տեղափոխելու և իրենց նկատմամբ ճնշումներ գործադրելու դեպքի առթիվ: Քաղաքացիներից մեկը Կարեն Ղազարյանն է, մյուսը՝ նրա եղբայր Արման Ղազարյանը, բերման ենթարկված մյուս երեք քաղաքացիները Գևորգ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը և Դավիթ Մուրադյանն են:
Նրանցից ոմանք ցուցմունք են տվել այն մասին, որ իրենց պարտադրել են ասել, թե բերման ենթարկված Կարեն Ղազարյանը մարզադաշտի հարակից տարածքի ծաղկավաճառներից գումարներ է հավաքում, ինչպես նաև նշել, թե այդ գումարներն ում է Ղազարյանը տալիս: Բերման ենթարկվածներից մեկը հայտնել է, որ իրեն պարտադրել են ասել, թե Կարեն Ղազարյանը գումարները տալիս է Արթուր Վանեցյանին:
Քաղաքացիները հայտնել են նաև, որ բերման ենթարկվելիս իրենք չեն իմացել, թե ովքեր են իրենց տանում և ուր, հետագայում պարզել են, որ ոստիկանության 6-րդ վարչությունում են:
Ոստիկանությունը դեպքի առթիվ պարզաբանել է, որ Կարեն Ղազարյանը բերման է ենթարկվել ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով: Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը տեղեկացրել է, որ դեպքի առթիվ ծառայողական քննություն է սկսվել:
Մեկնաբանել