HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում մեկնարկել է «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը

Նոյեմբերի 11-ին Երևանում մեկնարկել է «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը։

Ըստ Էկոնամիկայի նախարարության հաղորդագրության՝ միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, դեղագործական ոլորտի մասնավոր և պետական հատվածի ներկայացուցիչներ։

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալն իր խոսքում նշել է, որ հնդկական դեղագործական ընկերությունները Հայաստանի գործընկերների հետ համագործակցության խորացման մեծ ներուժ են տեսնում, իսկ  համաժողով-ցուցահանդեսը Հնդկաստանի և Հայաստանի միջև դեղագործության ոլորտի կապերը խորացնելու և ընդլայնելու, նոր կապեր հաստատելու հիանալի առիթ է, որը պատշաճ կօգտագործվի ոլորտի հնդկական և հայկական ընկերությունների կողմից։

Ողջունի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին, մաղթել է արդյունավետ համագործակցություն՝ առաջարկելով դիտարկել Հայաստանը  որպես ներդրումներ կատարելու և համատեղ  ընկերություններ հիմնելու համար  գրավիչ երկիր։ Նա նաև ավելացրել է, որ  ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում գործում է ներդրումների աջակցության կենտրոն, որը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել բոլոր հնդկական ընկերություններին, որոնք նախատեսում են ներդրումային գործունեություն ծավալել Հայաստանում:

«Գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է։ Ներդրումների մասին խոսելիս պետք է նշել, որ Հայաստանը որդեգրել է բաց դռների քաղաքականություն արտասահմանյան ներդրողների նկատմամբ և բացի տեղական շուկայից, ՀՀ կառավարությունը   հնարավորություններ է ստեղծում, որպեսզի տեղական գործարարները մուտք ունենան ավելի մեծ շուկաներ»,- նշել է Վ․ Սիմոնյանը:

Գործարար համաժողով-ցուցահանդեսին ներկայացվել են Հնդկաստանի դեղագործության ոլորտի հետ գործարար կապերի հաստատման հեռանկարները, այդ երկրում ոլորտի ձեռքբերումները և օրենսդրական կարգավորումները։ Միջոցառման ընթացքում կազմակերպվել են B2B ձևաչափի հանդիպումներ՝ ոլորտի հնդկական և հայկական ընկերությունների միջև։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter